Կարծիք

25.06.2020 21:24


Ի պատասխան սահմանադրական նորմերի սխալ մեկնաբանման

Ի պատասխան սահմանադրական նորմերի սխալ մեկնաբանման

2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսվեց, որ Սահմանադրության միայն 2-րդ գլխի նորմերն են գործում անմիջականորեն, մինչդեռ 2005 թվականի Սահմանադրությունը նախատեսում էր, որ Սահմանադրության բոլոր նորմերն են գործում անմիջականորեն։ Անմիջականորեն գործելու կանոնի տրամաբանությունը հետևյալն է. եթե նորմը գործում է անմիջականորեն, ապա կարիք չկա այն օրենսդրության մեջ ամրագրելու, եթե նորմը չի գործում անմիջականորեն, ապա այն պետք է ամրագրվի ՀՀ օրենսդրությամբ` իրացնելու նպատակով։ Սահմանադրական իրավունքում սա չափազանց կարևոր հարց է և տարբեր երկրներ ունեն յուրահատուկ մոտեցումներ: ՀՀ-ն փոխեց այս հարցի վերաբերյալ մոտեցումը 2015-ի սահմանադրական փոփոխություններով:

Հատկանշական է, որ 2019 թվականի սեպտեմբերի 4-ի հայտնի ՍԴՈ-1476 որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրությամբ ամրագրված Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, ամրագրեց, որ առկա է օրենսդրական բաց քրեական դատավարության օրենսգրքում այն պարզ պատճառով, որ Սահմանադրության անձեռնմխելիության հոդվածը, թեև երաշխավորված էր Սահմանադրությամբ, բայց անմիջականորեն գործող նորմ չէր։ Կարող եմ թվարկել այլ որոշումներ, բայց այս մեկը վստահ եմ կարդացել է Արդարադատության նախարարը:

ԱՄՓՈՓՈՒՄ․ Սահմանադրության 213-րդ հոդվածի հակասահմանադրական փոփոխությունները նույնիսկ ցանկության դեպքում առանց օրենսդրական համապատասխան փոփոխությունների՝ այն է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի փոփոխության չի կարող կիրառվել, քանի որ անմիջականորեն գործող նորմ չէ։ 2015 թվականի Սահմանադրություն․ Հոդված 3. (…) Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: 2005 թվականի Սահմանադրություն․ Հոդված 6․ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Հ.Գ. Ուսումնասիրեք Սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու վերաբերյալ գիտական հոդվածներ` դրանք շատ օգտակար են: Ուսումնասիրեք նաև Պրոֆեսոր Գ.Գ. Հարությունյանի և իմ մասնակցությամբ գիտական հոդվածը այս հարցի վերաբերյալ հրապարակված 2016 թվականին:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը