Մեկնաբանություն

31.03.2011 19:34


Րաֆֆին վիժեցրեց սերժա–լևոնական գործարքը

Րաֆֆին վիժեցրեց սերժա–լևոնական գործարքը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անսպասելի քայլն ակնհայտորեն խառնեց Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագրերը։ Վերջիններս միմյանց աջակցում էին իշխանական և ընդդիմադիր քաղաքական հատվածները բյուրեղացնելու հարցում, որից հետո ձևավորվելու էր այսպես կոչված ազգային համաձայնության մթնոլորտ։ Այն իրականում ոչ թե ազգային համաձայնության հասնելու, այլ 2012 և 2013 թվականներին «Սերժ Սարգսյանի վերարտադրության ու Տեր–Պետրոսյանի հաստիքային ընդդիմություն դառնալու» ծրագիր էր և ՀՀ–ի պետական ու ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության շահերին հակասող գործարք էր։ Գործարք, որի արդյունքում ընդամենը լուծվելու էր այս ռեժիմի պահպանման ու մի քանի հոգու մանդատ ստանալու հարցը։

Այլ կերպ ասած՝ Տեր–Պետրոսյանի երազանքը՝ դառնալ «Եղիազար Այնթապցու» հլու–հնազանդ «էջմիածնական միաբանը», կամաց–կամաց սկսել էր կյանքի կոչվել։ Ըստ այդմ՝ ՀԱԿ առաջնորդին իշխանություններն աջակցում էին բողոքական ամբողջ ընտրազանգվածը իր շուրջը համախմբելու և ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու գործում, իսկ «միաբանն» էլ կատարում էր սոցիալական լարվածությունը մարելու, իշխանափոխության գործընթացը սառեցնելու և ՀԱԿ շարքերի հիմայի պահանջը հետո կամ, ավելի ճիշտ, երբեք դարձնելու գործառույթը։

Ամեն ինչ այդպես էլ ընթանում էր, և կողմերը կանխավայելում էին իրենց կնքած քաղաքական գործարքի պտուղները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ու նստեց Ազատության հրապարակում։ Բոլորը տեսան, որ երեք տարի փակ համարվող հրապարակը բաց է, պարզապես մտնող չկա։ Բոլորը տեսան, որ առանց ավելորդ ղալմաղալի ու հիստերիկ վայնասունի՝ մարդը կարող է քաղաքացիական ու քաղաքական ակցիա անել, ու դրա համար միայն ցանկություն է պետք։

Բոլորը տեսան նաև, որ պայթեց Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից փչված քարոզչական փուչիկը, որի շրջանակներում արդուկում էին ՀԱԿ շարքերի գլուխները, թե իրենք պայքարում են Ազատության հրապարակ մտնելու ու շուրջօրյա միջոցառումներով իշխանություններին հեռացնելու համար ու երբ մտնեն հրապարակ՝ իշխանությունը կփլուզվի։  Մտան, բայց իշխանությունը չփլուզվեց ու մի բան էլ աջակցեց որ «արմատականները» մտնեն այնտեղ։ Մի խոսքով՝ Տեր–Պետրոսյանը մնաց իր կիրառած «պրյոմի» տակ։

Րաֆֆիի քայլից հետո «միաբանը» ստիպված էր «գրավել» Ազատության հրապարակը, այլապես նրա արթուրբաղդասարյանացումը տեսանելի կդառնար անգամ «Լևոնի վկաների» համար։ Իշխանություններն էլ իրենց հերթին հասկացան, որ եթե Տեր–Պետրոսյանին հրապարակ չմտցնեն, ապա գործարքը «փոզմիշ» կլինի ու հաճախորդը չի կարողանա իր դերը կատարել։ Արդյունքում որոշվեց մարտի 17–ին հանրահավաքի եկածներին տանել հրապարակ, մի քիչ պար ցույց տալ, պապի խաղացնել  և նոր միայն ուղարկել տուն։

Հիմա մարդկայնորեն կարելի է հասկանալ այն վայնասունը, որը դրեցին «արմատական» «միաբանները»։ Լևոնական քարոզչական փուչիկի պայթելն էր պատճառը, որ սերժա–լևոնական տիրույթի թափառաշրջիկ քարոզիչները տիեզերական ոռնոց դրեցին ու սկսեցին լուտանքներ թափել «Ժառանգության» առաջնորդի վրա՝ ինքնաբացահայտելով սեփական սնանկությունն ու հաճախորդությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին հաջորդեց սերժա–լևոնական գործարքի շրջանակներում իրականացվող համընդհանուր հակաքարոզչությունն ընդեմ «Ժառանգության» առաջնորդի։

Ի դեպ, որքան շատանում էին Ր. Հովհաննիսյանին աջակցողները, այնքան ջղագրգիռ էր դառնում «լևոնական», այն է՝ իշխանական մամուլը և «մերձլևոնական» գրչակների խումբը։ Իշխանությունն ու Տեր–Պետրոսյանի նեղ թիմը, իրար ձեն–ձենի տված, այնպես էին հարձակվում Հովհաննիսյանի վրա, ինչպես Արտաշես Գեղամյանն էր իրեն պահում 2008թ.։

Այժմ շատերին ակնհայտ դարձավ, որ ի դեմս Տեր–Պետրոսյանի՝ գործ ունենք քինոտ ու հաճախորդացման պատրաստ մի գործչի հետ, ով բացահայտ խաղում է իշխանական կողմից ու ցանկանում է լուծել իր մի քանի մանդատի խնդիրը։ Ո՛չ ավելին։ Բայց հիմա դա էլ է դառնում արդեն հարցական, քանի որ Րաֆֆու վարքագիծը Տեր–Պետրոսյանին ստիպելու է գնալ կոշտ քայլերի, ինչը նշանակում է, որ ՀԱԿ առաջնորդը պետք է դուրս գա Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների տիրույթից։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Տեր–Պետրոսյանը կզրկվի «Եղիազարի» «միաբանը» դառնալու իր երազանքից։ Այսինքն՝ այժմ և՛ իշխանությունները, և՛ տերպետրոսյանականները հայտնվել են նոր իրավիճակում, քանի որ նախկին պայմանավորվածությունների շրջանակներում գործել չեն կարող. այսօր կա Րաֆֆիի գործոնը և նոր՝ այլընտրանքային ու իրական ընդդիմադիր բևեռ ձևավորելու հնարավորություն, ինչը «կոնտրագենտների» հաշվարկների մեջ չէր մտնում։

Իրավիճակը շատ հետաքրքիր է. քանի դեռ հարթակը Տեր–Պետրոսյանինն է, նա պետք է իշխանափոխությանը միտված շուտափույթ քայլեր անի, այլապես արթուրբաղդասարյանացումը կամ բնական մաշումն անխուսափելի է։ Սակայն պարզ է, որ լինելու են հերթական ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ Տեր–Պետրոսյանին խոստացված մանդատների քանակը զգալիորեն կնվազի, քանի որ Սերժը նրանց, պատկերավոր ասած, մեկ «զրո» պակաս կառաջարկի՝ ընդդիմադիր դաշտը փոշիացնել ու մենաշնորհել չկարողանալու համար։

Նկատենք, որ շտապելու անհրաժեշտություն ունի նաև Սերժ Սարգսյանը, որը պետք է սոցիալ–տնտեսական կյանքի իրական բարելավում ապահովի, բայց առայժմ կարողանում է միայն վարչապետի մասնակցությամբ հումորային հարցազրույցներ ու կովապտուկային մանրապատումներ ապահովել։

Ստացվում է, որ ժամանակն աշխատում է Ս. Սարգսյանի ու Լ. Տեր–Պետրոսյանի դեմ, բայց որպեսզի նույն այդ ժամանակն աշխատի հասարակության ու պետության օգտին, անհրաժեշտ է նոր ուժի ձևավորում, ինչին մեծապես նպաստեց Րաֆֆի Հովհաննիսյանն իր հզոր քայլով։

Այժմ անհրաժեշտ է «կայֆ» բռնելով վայելել «Եղիազարի» ու «միաբանի» գործարքի ձախողման փաստը, հանգիստ կազմավորել նոր ուժն ու սերժա–լևոնական «երկխոսության» երկու կողմերին դնել մի վիճակի մեջ, երբ նրանք կընկնեն իրենց իսկ լարած թակարդի մեջ։ Թող դրանից հետո որքան ուզում են շախմատ խաղան։ Հաստատ ժամանակ կունենան։

Ձևավորվելիք նոր ուժն արդեն ի՛ր շախմատը պետք է խաղա՝ խաղաքարերն ու տախտակը գործարքի գնացած խաղացողների գլխին «ջարդելով»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը