Մեկնաբանություն

25.06.2020 22:30


Էս երկրում կա մի՛ եղկելի քաղաքական բացիլ, և էդ բացիլը դո՛ւ ես... և էդ բացիլը դո՛ւ ես... և էդ բացիլի անունը նիկոլավիրուս է

Էս երկրում կա մի՛ եղկելի քաղաքական բացիլ, և էդ բացիլը դո՛ւ ես... և էդ բացիլը դո՛ւ ես... և էդ բացիլի անունը նիկոլավիրուս է

Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Տապոռիչը բյուջեի կատարողականի հետ զրո առնչություն ունեցող անթիվ-անհամար սկանդալային հայտարարություններ արեց` նորից ու նորից փայլելով նմանը չունեցող իր անսահման ցինիզմի, պոռոտախոսության, մտքի թշվառության և օրըստօրե ավելի ու ավելի կատաղի դարձող «եղկելի» բառապաշարի ողջ «շռայլությամբ»։

Այն, ինչ ասաց, ինչ ասում է և ասելու է` քանի կա, որպես «ժողովրդի սրտի» ինքնահռչակ վարչահրամայապետ, շանտաժի, քաղաքական, քարոզչական ահաբեկչության, պաթոլոգիկ ստախոսության, «գեղցիական շուստրիության» յուրատեսակ սիմբիոզ էր։ Դե, գիտեք, էլի` բերանը որ բացում է, էլ չի կարողանում կանգ առնել` լեզվին եկածը շաղ է տալիս, մաղձ և թույն արտանետում չորսբոլորը։

Այդ տրամաբանության մեջ էլ` հոխորտաց աջ ու ձախ, փրփուրը բերանին` սպառնաց կորոնավիրուսից ակտվացած «քաղաքական բացիլներին», խոսեց «քաղաքական դիակներից», որոնք իրենց պատկանող 3-4, թե 5-6 լրատվամիջոցներով «գարշահոտություն են տարածում» (այստեղ են ասել` կկուն գիտի` բույնն է հոտած), ահաբեկեց աշխարհի ամենադաժան հաշվեհարդարներով։ Նաև կանխորոշեց` քաղաքական ո՛ր ուժերը պետք է լինեն «ապագա խորհրդարանում» (պարզ է, չէ՞, որ դրանք «հեղափոխությանը սատարած ուժերն» են` ՀՀՇ-ՀԱԿ-ը, «թավիշի ավելցուկից» պարբերաբար դժգոհող պապից ավելի արյունարբու նիկոլականները, որ Տոպոռիչին մեղադրում են օր առաջ «նախկիններին» պատի տակ չշարելու ու չգնդակահարելու մեջ), և որոնք են, որ երբեք ու երբեք տեղ չպետք է ունենան իր անձնական օգտագործման «հրաշքների աշխարհում»։

Մի քանի օրինակ` խելացնոր վարչահրամայապետի հռետորական գոհարներից։

Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ` խնդրեմ

«Էկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում... Ա՛յ ժողովուրդ ջան, ախր էդ սոցիալական բունտից որ խոսում եք, էդ սոցիալական բունտից դո՛ւք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը որ էղավ, մենք ի՞նչ ունենք որ սոցիալական բունտի զոհը դառնալու (ցույց է տալիս կոստյումը` իբր, ոնց որ «մորե մերկ», աղքատ ու հպարտ, էկել, նստել եմ վարչապետի գահավորակին, այնպես էլ մնում եմ «մորե մերկ», աղքատ, հպարտ, մի՛ հատ «կաստում-շլվարից» ավել` բան չունեմ)։ Առաջին հերթին ձեր կառուցած ապօրինի դղյակները, ձեր բենթլիներն ա դառնալու սոցիալական բունտի զոհ։ Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրե՛ք սոցիալական բունտ, տենա՛նք էդ սոցիալական բունտի արդյունքում դո՛ւք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որ շատ կարևոր ա»։

«Թարգմանաբար» սա նշանակում է՝ եթե մեր ապաշնորհ կառավարման «արդյունքում» էդ սոցիալական բունտը լինի էլ, վստահ եղեք՝ ես ու իմ նազիր-վեզիրների, պալատական խեղկատակների, ներքինիների, հասարակական, քաղաքական, քարոզչական սպասավորների, հպատակների բանակը ձև կգտնենք` դժգոհությունը շուռ տալու ձեր, պայմանականորեն ասած` նախկինների դեմ։ Եվ էդ դեպքում` վայն էկել է, ձեզ տարել. «հպարտ քաղաքացիներիս» ձեռքից չեք պրծնի`էնպես տներից հանեն, փողոցում սամասուդի ենթարկեն, որ չհասցնեք «ա՛խ» քաշել։

Ա՛, դուք մեզ էկել եք` հանրահավաքո՞վ եք վախացնում...

Անցնենք առաջ. «Եվ, բանը` հանրահավաքները արգելում են։ Մի նրբություն չեն բան արել` արձանագրել. էդ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ։ Հենա տեսանք ձեր արած հանրահավաքը։ Կես միլիոն դոլար ծախսում եք, երկու հարյուր հոգի մարդ եք կարում հավաքեք (ստացվում է`«մարդա» 2500 դոլար.- Լ.Պ.)։ Կեսին սպառնալով և այլն, և գալիս եք առանց դիմակների կանգնում եք, ասում եք` չկա՛ կորոնավիրուս։ Հիմա թևածում ա։ Հիմա էլ պտի ասեն իշխանությունը կորոնավիրուսը քցել ա ընդդիմության ջանը որ հիվանդանան, չկարենան իշխանափոխություն անեն։ Հըմի էլ ամաչում են ասեն, որ կորոնավիրուսով բան են արել` հիվանդացել են, ու հերթով հիվանդանում են։

Աաա՜յ էդ ակցիայի մասնակիցները, որոնց մենք... (երևի ուզում էր ասել` ծեծեցինք, հրմշտեցինք, քաշքշեցինք, ասֆալտին պառկացրինք, ձեռքերից, ոտքերից բռնած`հեռացրինք դեպքի վայրից, լցրեցինք ոստիկանական մեքենաներն ու տարանք` ուր որ պետք է, բայց զսպեց իրեն.-Լ.Պ.) արգելված ա։ Բա, էդ` հանրահավաք կանենք, էս կանենք... բա որ մե՞նք արինք հանրահավաք... Ա՛, դուք մեզ էկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում։ Դուք էկեք մեզ փողով վախեցրե՜ք, դուք էկեք վախեցրեք մեզ թալանելու ձեր կարողությա՜մբ, դուք էկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզո՜վ։ Ա՛յ, վախենալու բան ա, դուք էկել եք մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք... Ա՜յ քեզ բաաաա՜ն»...

Այսինքն` էլի՛ շանտաժ, էլի՛ սպառնալիք... Ուրիշ էլ ի՞նչ ունի հարազատ` բացի շանտաժից և սպառնալիքներից։ Մի բան պարզ չէ`բա լավ, եթե «հանրահավաքով ձեզ չես վախեցնի», ինչի՞ ես, էլի, կորոնավիրուսի պատրվակով մտցրած բառի բուն իմաստով ստահոդ արտակարգ դրությունը երկարաձգելու համաշխարհային ռեկորդ սահմանել`չորրորդ ամիսն է, արտակարգ դրության մեջ ենք, ու վերջը չի երևում. հնձածդ խո՞տ չի` բանուգործ թողած, դիմակ բաժանելը չի՞, դիմակը մի րոպեով հանելու, շունչ քաշելու համար մարդկանց պլոկե՞լը չի, ամբողջ օրը դիմակ դնելու քարոզ կարդա՞լը չի`որ արտակարգ դրություն չլինի, չե՞ք կարող փողոցից փողոց, բակից բակ շրջել, տուգանվելու մատերիալ ման գալ։ Կամ, էդքան հաթաթա տալու փոխարեն մի հատ հանրահավաք արա, տեսնենք` քանի մարդ դուրս կգա փողոց։

Ձեր եղկելի կերպարը իմ եղկելի կերպարին վնաս չի, վնաս չի...

Իսկ հիմա` Միքայել Մինասյանի «կենդանի բացահայտումների» մասին. «Հա, հիմա ինչ են մեզ... մեզ... մեզ ասում են` ա՜, դուք մաքսանենգություն եք անում (ցուցամատը տնկում է, թափ տալիս ու ծիծաղում քթի տակ.-Լ.Պ.)... Հիմա ինչի՞ ա գնալո՜վ ավելի կոնկրետանում իմ ընտանիքի վրա։ Որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, որ մենք ռեկետիր ենք (ամեն «որ»-ից հետո մատներից մեկը ծալում է.-Լ.Պ.)։ Եվ այլն։ Այսինքն` մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը։ Պատկերացրիք, չէ՞... Իրենք հասկացել են, որ իրենց կերպարն ա հեղափոխության հիմնական բանը` շարժիչ ուժը։ Հիմի նրանք քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ էդ ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան։ Ինձնից կերտեն մի հատ իրենց նման... մի հատ, չարժի, չէ՞, էդ բառը ասել ԱԺ ամբիոնից, ասենք... մի եղկելի կերպար»։

Եթե վերաշարադրենք Փաշինյանի «ինքնաբուխ (непроизвольный) բառաժայթքման» այս հատվածը, ստացվում է հետևյալը. այո՛, ես վարչապետի աթոռին` այնտեղ, որտեղ իմ տեղը չէ, հայտնվել եմ ոչ թե իմ արժանիքների, իմ հեղինակության, պանծալի գործերի, խելքի, կառավարչական հմտությունների, կրթվածության շնորհիվ, այլ` որովհետև կարողացել եմ ստի և ատելության, թշնամանքի շարունակական քարոզ անելով, իշխանությունից ստեղծել «մի եղկելի» կերպար` բոբո, որը շահարկելով էլ` եկել եմ իշխանության։ Բայց ո՛չ մի դեպքում չեմ հանդուրժի, որ իմ զենքը իմ դեմ օգտագործեն կամ թեկուզ ասեն ճշմարտությունը, կոնկրետ փաստերով ցույց տան, թե ինչ հրեշի եմ վերածվել ընդամենը երկու տարվա ընթացքում, ու իմ «եղկելի կերպարը» բացահայտելով` պոկել ինձ իմ աթոռից ու տուն ուղարկել։

Հո՛ւյսներդ կտրեք. «Ճշմարտության մեջ ա ուժը, և որևէ կասկած չկա, որ էդ կոռումպացված համակարգը բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետև մեր թիկունքում, մեր մտքում և մեր սրտում կա միայն մի բան, և էդ մի բանը ճշմարտությունն ա, և մենք էդ ճշմարտության հետևից քայլելով ենք էկել, հասել ստեղ։ Եվ մենք շարունակելու ենք մեր քայլը ճշմարտության ճանապարհին, ափսոս որ էդ ճանապարհին շատերը հետ են մնացել, հետ են մնում և հետ կմնան անդառնալիորեն և անվերադարձ»։

Շատ համոզիչ է հնչում, այնպես չէ՞։ Հատկապես` եթե հիշենք, թե ինչպես, ինչ մեթոդներով, ինչ կարգախոսներով եկավ իշխանության, ինչ խոստումներ էր տալիս և ինչ է արել այս ընթացքում։ Օրինակ`Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի, ոստիկան Աշոտի հանրահավաքավոր կեղծ տատիկի, 50-50-ների պատմությունները... Կամ, որ ասում էր` գազը թանկ ա, որովհետև «թալանչի» իշխանությունն էժան առնում ա, թանկով ծախում հպարտ քաղաքացու վրա, իշխանությունը զավթեցինք, թե չէ` ամեն ինչ իր տեղը կընկնի, գազը ջրի գնով կհասնի բաժանորդին։ Բայց ստացվեց ինչպես միշտ` գազը չէժանացավ, և դեռ մի բան էլ` թանկացավ։

Նույնը` կուտակային կենսաթոշակների, արագաչափերի, տեսախցիկների դեպքում. ասում էր` մա՛հ կուտակային կենսաթոշակներին, արագաչափերին ու տեսախցիկներին, բայց կուտակայինն իր տեղում է, արագաչափերն ու տեսախցիկներն էլ ծիլեր են տվել ու բազմացել։

Ասում էր` հպարտ քաղաքացու կաշին քերթում եք, ամեն օր մի նոր հարկատեսակ եք կապում մարդկանց «ջանին», և ի՞նչ է անում. կորոնավիրուսի պայմաններում 5-15 անգամ բարձրացնում է գույքահարկը։ Բաբկեն Թունյանն էլ իր հարևան անգրագետ Պողոսի գլուխն արդուկում է, թե բա` քո թանկագին շահերից ելնելով ենք դա անում. անցյալ տարի մեր «կոտրած ձեռքով» անշարժ գույքի կադաստրային արժեքը «մոտարկեցինք» շուկայականին, և եթե չընդունենք այս օրենքը, առաջվա 2500 դրամի փոխարեն ստիպված կլինես 45 հազար վճարել։ Բայց մենք մեծահոգի են` «կրճատում ենք» գույքահարկի տոկոսադրույքը, որ «ընդամենը» 19 հազար վճարեք։

Իսկ ի՜նչ արժեր Կապանի ասուլիսում արած հայտարարությունը, թե բա` առաջի՛ն անգամ եմ լսում, թե իմ սրտի Վահե Գրիգորյանը չի աշխատում, բայց բոլոր դատավորներին հավասար աշխատավարձ և պարգևավճար է ստանում, օգտվում է պադավատից և այլն։

Սա՛ է նիկոլավիրուսածին այն «ճշմարտությունը», որի «ուժով» եկել, գրավել է իշխանությունը, պինդ բռնել ու բաց չի թողնում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը