Լրահոս

25.06.2020 18:33


ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Կոտայքի և Արարատի մարզերում

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Կոտայքի և Արարատի մարզերում

COVID-19 պանդեմիայով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի կարգավորումներով 2020 թվականի մարտի 16-ից (հետագայում երկարացված ևս երեք ամսով՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17։00-ը) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմի դրություն սահմանվեց, որով սահմանափակվեցին մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանվեց անձանց պարտադիր ինքնամեկուսացման կարգը։ Արտակարգ դրություն հայտարարելուն նախորդեցին մի շարք գործողություններ՝ փակվեցին հայ-իրանական, հայ-վրացական սահմանները։ Արտակարգ դրության ողջ ընթացքում պանդեմիայի պայմաններում ՀՀ-ում իրավիճակը համակարգել է պարետատունը՝ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։

Չնայած պետության կողմից ձեռնարկված հակահամաճարակային պայքարի դեմ իրականացվող լայնածավալ միջոցառումներին, մեր երկրին չհաջողվեց չեզոքացնել աշխարհում նոր տիպի COVID19 կորոնավիրուսային վարակի սոսկալի ծավալները և խուսափել անդառնալի հետևանքներից։

Հասկանալու համար՝ համավարակով պայմանավորված մահվան դեպքերի վիճակագրական ինչպիսի տվյալներ է գրանցել ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ «Փաստինֆոն» հարցում ուղարկեց ԱՆ՝ պարզելու, թե որ տարիքային խմբում են ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել, որ մարզում եւ որ սեռի անձանց շրջանում։ Արդյունքում՝ բավական տխուր վիճակագրություն պարզվեց՝ մահվան դեպքերը գերակշռում են միջին տարիքի մարդկանց մոտ։

Այսպիսով՝ հունիսի 22-ի դրությամբ՝

0-18 տարիքային խմբում մահվան դեպք չի գրանցվել,

19-35 տարիքային խմբում՝ 3 դեպք,

36-55 տարիքային խմբում՝ 44՝

56-70 տարիքային խմբում՝ 156

71-ից բարձր տարիքային խմբում գրանցվել մահվան 169 դեպք:

Առողջապահության նախարարության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն ՝ մահացածների 41,5%-ը կանայք են:

Ամենաշատ մահվան դեպքեր գրանցվել են ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում:

Նշենք, որ հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում էր 20588, մահվան դեպքերը՝ 360, իսկ այսօրվա՝ հունիսի 25-ի, դրությամբ, վարակակիրների թիվը հասել է 22488-ի, իսկ մահվան դեպքերը՝ 397-ի։

Այս խորագրի վերջին նյութերը