Կարծիք

25.06.2020 17:29


Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը

Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը

Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ. « վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունը առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել։

Այս բացահայտ անօրինական պայքարը ծավալող իշխանության ներակայացուցիչները չեն էլ գիտակցում, որ իրենց փնթի գործողություններն ու սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատկերացումները նոր խառնաշփոթ և լարվածություն են ստեղծում։

Թերևս անիմաստ է խոսել հակասահմանադրական ճանապարհով անցկացրած սահմանադրության փոփոխությունները սահմանադրական դատարանում բողոքարկելու առավել դյուրին մեխանիզմի մասին։ Այն իրագործող հիմնական սուբյեկտները՝ առնվազը 27 պատգամավոր, Հանրապետության նախագահ և այլն, տարբեր պատճառներով չգնացին սահմանադրությամբ ընձեռնված այս հնարավորությունը իրականացնելու ճանապարհով։ Այս ճանապարհը միշտ է արդիական:

Սակայն, չբողոքարկելը չի վերացնում այս փոփոխությունների հակասահմանադրականությունը։ Մասնավորապես, ըստ իշխանության սցենարի՝ սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրելուց և հրապարակելուց հետո, այլևս սահմանադրական դատարանը չի ունենա նախագահ, իսկ երեք դատավորներն էլ այլևս դատավորներ չեն լինի։ Հետևաբար, որոշել են շատ արագ ձեռնամուխ լինել ՍԴ դատավորների ընտրությանը։ Նրանց ատելությունն ու ամեն գնով սահամանադրական դատարանը զավթելու ձգտումը այնքան մեծ է, որ, ոչ միայն անձնական վիրավորանքներով, այլև իրավագիտության հետ աղերս չունեցող ցանկությունները առաջ մղելով, փորձում են սևով սպիտակի վրա գրված տեքստը ակնհայտորեն նենգափոխել։ Նրանք հպարտորեն վկայակոչում են իրավական տրամաբանության տարրական կանոնների հետ կապ չունեցող սահմանադրության փոփոխությունների տեքստը, որի 1-ին մասում կարդում ենք․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարած։ Նույնը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների 4-րդ մասում նշված ՍԴ նախագահին։ Եվս մեկ անգամ չհիշեցնելով՝ անցումային, արդեն իսկ իրացված դրույթները փոփոխելու անտրամաբանական և հակաիրավական փաստը՝ ենթադրենք այս ձևակերպումը պետք է կյանքի կոչել։

Ուստի հարց․ Ո՞ր պահից և ինչպե՞ս են հաստատվում թափուր տեղերն ու պաշտոնները։

Բացի այն, որ պաշտոնից ազատման պահի մասին սահմանադրության փոփոխության տեքստում խոսք չկա, ավելին՝ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն թափուր տեղերի առաջանալու մասին պաշտոնական հաստատումն ու ծանուցումը պետք է կատարի ՍԴ նախագահը։ Այսինքն, այն անձը, ում պաշտոնական պարտականությունները ըստ սահմանադրության փոփոխության դադարեցվում է։ ՍԴ նախագահի և երեք անդամների պարտականությունների դադարեցման պահը հստակ սահամանելն ու ծանուցման պարտականությունը կարևոր է նախ այն առումով, որ թափուր տեղերում թեկնածուներ առաջադրող իրավասու մարմինների համար սահմանված են կոնկրետ ժամկետներում պարտադիր կատարման գործողություններ։ Վերջիններս ճշգրիտ կերպով չկատարելը բերում է սահմանադրական նոր խախտումների։ Այլ կերպ ասած, նման անորոշությունն ու անպատասխանատու վարքագիծը նոր խառնաշփոթ է ստեղծում։

Մյուս անբացատրելի իրավական անգրագիտությունն արտահայտվում է սահմանադրության փոփոխությունների տեքստի և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի համադրման ժամանակ։ Այսպես, այս հոդվածի 5-րդ մասի համաձայն, մինչև սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005թ․ փոփոխություններով սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Այսինքն, ստացվում է, որ սահմանադրական օրենքի և սահմանադրության փոփոխությունների միջև առկա է առերևույթ հակասություն, ինչպիսի փաստը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։ Թեև, ինչպես արվեց սահմանադրական փոփոխությունների պարագայում, իշխանությունը անշուշտ կարող է հերթական հակասահմանադրական ճանապարհով նորից փորձել փոփոխություն կատարել նաև սահմանադրական օրենքում։ Այնուամենայնիվ, քանի դեռ առկա է այս հակասությունը, սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն ունեն օբյետիվորեն հաստատված իրավուքններ, ինչպես նաև, դրանք խախտելու դեմ պայքարի լիակատար պաշտպանության իրավունք։ Այս իրավունքը երաշխավորված է ինչպես սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով, այնպես էլ հստակ նկարագրված է աշխատաքային ու վարչական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։

Այնպես որ քաղաքական իշխանության այն ցանկությունը, թե սահմանադրության փոփոխությունները հրապարակելուց հետո սահմանադրական դատարանի նախագահը և երեք անդամները այլևս չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները, սին են։ Խնդրի ոչ իրավական ճանապարհով լուծման իշխանության ցանկացած այլ գործողություն, այդ թվում ֆիզիկական ուժի կիրառումը, ավելի է թուլացնելու քաղաքական իշխանությանը։

Այս և բազմաթիվ այլ խնդիրները արդյունք են քաղաքական իշխանությունների անհեռանկար, նեղ անձնական ու խմբային շահերը ազգային-պետական շահերից վեր դասելու անթաքույց գործողությունների։ Պետական իշխանության յուրացման և սահմանադրական կարգը առերևույթ տապալելու այս գործողությունները պետք է կասեցվեն։ Նման իրավիճակում հասարակությունը չի կարող և չպետք է անտարբեր լինի։

Արծվիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը