Մեկնաբանություն

25.06.2020 16:15


Հակասահմանադրական... կորոնաբոլոլ, կեցցե՜ս, Փաշինյան Նիկոլ

Հակասահմանադրական... կորոնաբոլոլ, կեցցե՜ս, Փաշինյան Նիկոլ

Կեսկատակ նկատել էինք, որ հենց Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դեմ ակտիվ արշավի քայլերի է դիմում, երկրում կորոնավարակային վիճակը բարդանում է:

Թեպետ, էլ ո՞ւր բարդանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում շատերին տվել-անցել ենք: Ասում են՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի ողբերգական ցուցանիշով տարածաշրջանում առաջինն ենք։

Մի քանի օր առաջ, համենայն դեպս, վերջերս ինչ-որ նման խոսք էր հնչել, թե վարակը խորհրդարանը շրջանցել է: Բայց դա արդեն անցյալում է: «Աչքով տվեցի՞ն», ի՞նչ է: Չնայած, դա թողնենք սնահավատ ու նախապաշարմունքներ ունեցող անձանց:

Ոչ մի «աչքով տալ» էլ չկա, իհարկե:

Փաստն այն է, որ Ազգային ժողովի մի քանի պատգամավորի դեպքում կորոնավարակի թեստը դրական է եղել: Նրանց շարքերում, բնականաբար, կան և՛ իշխող մեծամասնության ներկայացուցիչներ, և՛ ընդդիմադիր ԲՀԿ-ի: Չի բացառվում, որ վարակի հետ կապված մեկուսացման կամ թեստավորման անհրաժեշտություն լինի նաև այն մյուս խմբակցության ներկայացուցիչների դեպքում:

Համենայն դեպս, կորոնավարակն այդ իմաստով «ժողովրդավարական» է, այսինքն՝ տարբերություն չի դնում վարակվողների քաղաքական հայացքների մեջ: Իսկ հարցը լուրջ է: Ավելին, այն կարող է հավելյալ բարդություններ հարուցել Նիկոլ Փաշինյանի համար՝ երկրում իշխանության բոլոր ճյուղերն ուզուրպացնելու գործընթացում: Կարող է հանկարծ այնպիսի վիճակ ստեղծվել, որ ԱԺ-ում մեծամասնությունը քչություն անի և Փաշինյանին անհրաժեշտ որոշումները չընդունվեն կամ արագ-արագ չընդունվեն:

Բնականաբար, բոլոր վարակվածներին, նաև պատգամավորներին առողջություն ենք մաղթում: Բայց հարցեր մնում են:

Այս կորոնավարակն առնվազն մեր երկրի դեպքում ոչ միայն «ժողովրդավարական» է, այլև... հակասահմանադրական:

Ի՛նչ նկատի ունենք:

Տեսե՛ք, սիրելի ընթերցող, այն ժամանակ, երբ վարակն արդեն ներթափանցել էր Հայաստան, Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլաթիմը» կենտրոնացած էին ՍԴ-ն գրավելու նպատակով հանրաքվե անելու հարցի վրա: Եվ ոչ միայն հարցի. ակտիվ քարոզարշավ էին ծավալել, գլխավոր դերում, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը: Թե քանի՞ մարդ է այդ հավաքների հետևանքով վարակվել, դժվար է ասել: Բայց որ հարյուրավորները ենթարկվել են վարակի սպառնալիքի այդ քարոզարշավ-միտինգների ժամանակ, կասկածից վեր է: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ, ում համար «կորոնավիրուսն ում շունն էր», հենց թեթևակի կասկած ունեցավ, որ վարակված մի քաղաքացու հետ հավանաբար նույն վայրում է եղել, վազեց թեստ հանձնելու և Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը մեկուսանալու:

Թե հետո ինչպիսի՜ բուռն պայքար ծավալեց նրա գլխավորած կառավարությունը կորոնավարակի դեմ, կարելի է հստակ պատկերացում կազմել վարակված ու մահացած հայրենակիցների թվի մասին ամեն օր տարածվող տվյալներից:

Ամեն պարագայում, ամեն գնով ՍԴ-ն գրավելու իր մտասևեռման ու այն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը անտեսեց վարակի սպառնալիքը: Ավելին, մարդկանց կուտակումներ նախատեսող միջոցառումներ նախաձեռնեց և իրականացրեց (քարոզարշավն, էլի):

Իսկ օրերս էլ, տեսանք, որ նա չխորշեց ռեպրեսիաների դիմել իր և իր կառավարության հրաժարականը պահանջած Գագիկ Ծառուկյանի դեմ: Միայն անհեռատես գործիչը կարող էր ենթադրել, որ հանրային որոշակի աջակցություն ունեցող Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու հետևանքով նրա կողմնակիցների ցույցեր չեն լինի: Էլի մարդկանց, ներառյալ նաև ոստիկանների մեծ թվով կուտակումներ և, ինչպես կարատեի մեր սենսեյը կասեր՝ «ֆուլ-կոնտակտ» շփումներ:

Իսկ դա նշանակում է նաև առանց այդ էլ տարածված վարակի էլ ավելի մեծ տարածման ռեալ վտանգ և հնարավորություն: Թե այդ քաշքշումների ընթացքում էլի քանի՞ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հայրենակիցներ վարակվեցին, դժվար է ասել:

Շարունակությունն ավելի «ճոխ» ստացվեց: Հանուն այն բանի, որ օրենսդրորեն «փաթեթավորեն» Սահմանադրական դատադրանի դատավորների նկատմամբ հաշվեհարդարը՝ իշխանությունն ի մի բերեց իր «քայլական» խմբակցույթունը, որպեսզի անպայման 88-89 «կողմ»-ն ապահովվի:

«Կողմն» ապահովվեց ԱԺ-ում՝ մեծամասնության «հպարտ մենության» ու բռնատիրական միաձայնության պայմաններում: Բայց «կողմ»-ից բացի, ապահովվեց նաև ԱԺ մանդատ ունեցող քաղաքացիների վարակվելու մեծ հավանականությունը: Եվ վարակվեցին: Ու հիմա պարզում են, թե էլ որ պատգամավորն է վարակվել, ով՝ ոչ: Թեստեր են հանձնում, մեկուսանում:

Ու էլի ստացվում է, որ հանուն հակասահմանադրական մտասևեռման իրականացման՝ վարակային վտանգի ենթարկվեց առնվազն 88-132 անձի առողջությունը:

Այնպես որ, աշխարհն՝ աշխարհով, իսկ մեր երկրում կորոնաբոլոլայի ենթատեքստն ուղղակիորեն նաև հակասահմանադրական է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը