Քաղաքական

25.06.2020 14:30


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները (տեսանյութ)

Քաղաքական ուժերից մեկը որպես ՍԴ չդիմելու նախապայման մատնանշեց Ռ. Քոչարյանի գործը, ուստի 2-րդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Արամ Օրբելյանի խոսքով՝ քանի որ երկու խորհրդարանական կուսակցությունները Սահմանադրական դատարանի փոփոխությունների վերաբերյալ նշել են, որ այն ապօրինի փաթեթ է, և չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն կուսակցություններից մեկը չի դիմել ՍԴ՝ նախապայման համարելով Ռ. Քոչարյանի գործը, այդ պատճառով որոշել են հետ վերցնել դիմումը:

«Նախագահի հետ այսօր քննարկում արեցինք և նա որոշում կայացրեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը և իր փաստաբանները պետք է հետ վերցնեն դիմումը: Մեր խնդրանքն ու հորդորն է բոլոր ուժերին՝ այս գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների շրջանակներում: Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտվել են, ապա ինչ-որ ժամկետի չսպասեն՝ հիմք ընդունելով մեր դիմումը միանալ այդ գործընթացին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը Սահմանադրական դատարան դիմելու հարցում, որով պետք է վիճարկվեր սահմանադրական փոփոխություների վերաբերյալ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված նախագիծը: Էդմոն Մարուքյանը նաև ասել էր, որ «Լուսավոր Հայաստան»-ը ՍԴ կդիմի միայն ՍԴ-ի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ավարտից հետո:

Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Արամ Վարդևանյանը համապատասխան դիմում է ներկայացրել, որով դիմել է Սահմանադրական դատարան և ՍԴ դատարանի մասին համապատասխան հոդվածը հետ վերցրել: Խոսքը ներկայացված երկու դիմումների մասին է, որոնք վերաբերում են 300.1 հոդվածի համաձայնությանը, Սահմանադրության հոդվածներին:

Հիշեցնենք նաև, որ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը