Քաղաքական

25.06.2020 10:42


Ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես վախենում Ռոբերտ Քոչարյանից

Ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես վախենում Ռոբերտ Քոչարյանից

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը հունիսի 22-ին ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից, ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

Ուշ ժամի հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Ինչո՞վ է պայմանավորված այս հարցի շուրջ նման հրատապությունը, արդյոք սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական հրամայական է՝ ժամ առաջ ազատվել Սահմանադրական դատարանից՝ 168.am-ը հարցադրումներ հղեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։

«Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին է, որ այդ շտապողականությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, որը Սահմանադրական դատարանում պետք է քննվի հուլիսի 7-ին, և հասկանալի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես վախենում Քոչարյանից:

Տպավորությունն այն է, որ Ռ. Քոչարյանի անձի հետ է կապված այդ շտապողականությունը, բայց որպես հետևանք՝ հաջորդ փուլում Սահմանադրական դատարանը և բոլոր դատավորներին կաշխատեն մտցնել իշխանության վերահսկողության տակ: Սա նաև պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, թե երկար ժամանակ իշխանությունը կպահի, և փորձում է վերահսկողությունն ուժեղացնելով՝ երկարաձգել իր իշխանությունը»,-ասաց Ս․ Դանիելյանը:

Իշխանությանը կհաջողվի՞ մինչև վերջ իրականացնել սկսած գործընթացը՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշեց.

«Կկարողանա՞ն, թե՞ չէ, միանշանակ չեմ կարող ասել. տարբեր հանգամանքներից է կախված։ Առաջինը՝ միջազգային դաշտում, փաստորեն, գնում է Հայաստանի մեկուսացում, և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկերներ չունի ո՛չ հյուսիսում, ո՛չ արևմուտքում, ո՛չ հարավում։ Երկրորդ խնդիրը տնտեսական ճգնաժամն է, որը գնալով շատ է խորանալու, երրորդը՝ համավարակի հետ կապված տապալումն է, չորրորդը՝ կառավարման ճգնաժամն է, որովհետև այն կադրերը, որոնք ունի Նիկոլ Փաշինյանը, չեն կարողանում արդյունավետ կառավարել: Այդ ամբողջը, որ գումարվում է իրար, ենթադրվում է, թե հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ կարողանան նման եղանակներով իշխանությունը պահել, բայց հետագայում մեծ պայթյուն կարող է լինել, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Իսկ ամենաշատը, որ կարող է մեզ մտահոգել, Արցախի հարցն է: Կարծես թե Ն. Փաշինյանն ունի ինչ-որ պայմանավորվածություններ. համենայն դեպս, իր քայլերը նման տպավորություն են ստեղծում, և բավականին հիմնավորված է այդ տպավորությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը