Մեկնաբանություն

25.06.2020 09:15


Կեցցե՛ն «անցումային դրույթները», որ վաղն են գալու

Կեցցե՛ն «անցումային դրույթները», որ վաղն են գալու

Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ Տապոռ Նիկոլին ու իր թրաշամանուկներին օրենքները և օրինականությունը կտրականապես հակացուցված են. ճիշտ այնպես, ինչպես հակացուցված են կայացած քաղաքական, իրավական, մասնագիտական կառույցները և աշխատող պետական ինստիտուտները։

Դրանք Նիկոլին ու իր անձնաընտանիքապետական կառավարմանը վնասից բացի, ոչ մի օգուտ չեն տալիս. ավելորդ գլխացավանք են` խոչընդոտում են և անհարկի ձգձգում «խեղափոխական ապօրինությունների» սահուն ընթացքը։

Հիշո՞ւմ եք` կառավարության վերջին նիստում ինչպես զարմանքից չռեց աչքերն ու տհաճությամբ ծամածռեց դեմքը, երբ իր անձնական օգտագործման արդարադատության նախարարն ակնարկեց, թե դիմակ չկրողներին «չխկացնելն» ու նկարները ֆեյսբուք գցելը կարող է խնդրահարույց լինել անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից. ասաց` ա՜յ քեզ բան, փաստորեն օրենքը կորոնավարակի դեմ արդյունավետ պայքարին վնաս է։

Սահմանադրությունը խանգարել է ու խանգարում` կաշկանդում է, կապում է ձեռքերը, չի թողնում «ծավալվել» այնպես, ինչպես ինքը կցանկանար։ Իհարկե` միշտ և բոլոր դեպքերում գտնում է սահմանադրական կարգավորումները շրջանցելու ձևը, հարկ եղած դեպքում` խիզախորեն տապալում սահմանադրական կարգը, բայց ինչո՞ւ «լարվել», ճիգ գործադրել, եթե կարելի է կացնի մի հարվածով լուծել բոլոր հարցերը. ջնջել գործող Սահմանադրությունը, սորոսական գրանտակերների գործուն մասնակցությամբ, ամեն ինչի խոշոր մասնագետ Իոաննիսյանի «նախագահությամբ», զրոյից նոր «Սահմանադրություն» խզբզել ու դնել հանրաքվեի։

Մինչ այդ, սակայն, պետք էր «միջանկյալ լուծում» տալ ՍԴ «ճգնաժամին»` փոխել Սահմանադրության ուժը կորցրած անցումային 213 հոդվածն ու տեղ ազատել քայլիշխանության «սրտի դատավորների» համար։ Եվ տվեց` ни отходя от кассы։ Ռեկորդային արագությամբ անցկացրեց, իր սրտի մեխի գլուխ նախագահի և չընդդիմադիր ֆրակցիայի գլուխ կանգնած «կլասիկ» հաճախորդի թույլտվությամբ վավերացրեց ճչացող անօրինականությունն ու ՍԴ երկու, լավագույն դեպքում` երեք դատավորի օրենքի և իրավունքի տարրական նորմերին, եվրոպական կառույցների «ռեկոմենդացիաներին», սեփական կամքին հակառակ` «թոշակի ուղարկեց»։ Գոնե թղթի վրա։

Քանի որ 213 հոդվածը ՔՊСС-ի համար ոչ թե մեկանգամյան օգտագործման անցումային դրույթ է, որ սպառել է իրեն` այն պահից, երբ դրանով սահմանված բոլոր ընթացակարգերը, օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ կյանքի են կոչվել, այլ բազմակի օգտագործման ունիվերսալ գործիք` «ճկուն», առաձգական մի բան, որ երբ, ոնց ուզես, քանի անգամ ուզես, կարող ես հարմարեցնել սեփական ցանկություններին, առաջարկում եմ շատ հեռու չգնալ և անտեղի միջոցներ չվատնել նոր Սահմանադրություն մշակելու և անցկացնելու վրա։

Եթե էսպես`ձեռի հետ փոխելով Սահմանադրության անցումային դրույթները, կարելի է ՍԴ դատավոր հանել-ՍԴ դատավոր նշանակել, ինչո՞ւ չի կարելի նույն անցումային դրույթների մեջ ավելացնել մի հոդված, և անցումային ժամանակաշրջանը երկարաձգել 10, 20, 30 տարով. ըստ հարմարության` նայած Նիկոլ Տապոռիչն ինչքան ժամանակով է ուզում երկարացնել իր և «խունտայի»` «ժողովրդի 70 և ավելի տոկոսի վստահությունն ընդմիշտ վայելող կառավարության» կյանքը։

Կարելի է ավելի առաջ գնալ։ Օրինակ, ֆիքսել, որ անցումային ժամանակահատվածում օրենքները և Սահմանադրության դրույթները, բացի անցումայինից, չեն գործում` սառեցվում են. ամեն ինչ որոշում է մի պուճուր մարդ, և այդ պուճուր մարդը ժողովրդի անունից ինքնիրավչությամբ, խառնակչությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանն է, որին քննադատելը պետական դավաճանություն է։

Կարելի է «օրինականացնել» գոյություն ունեցող դե ֆակտո իրավիճակը և դե յուրե ամրագրել, որ Հայաստանը բռնապետություն (սուլթանապետություն, խմբապետություն, ընտանիքապետություն) է, արգելել ընդդիմադիր կուսակցություններն ու ընդդիմադիր մամուլը, ձգել արտակարգ դրությունը մինչև... ուշաթափություն։ Ի վերջո, կարելի է սևով սպիտակի վրա գրել, որ տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը սահմանում է ժողովրդի սրտի վարչահրամայապետը։ Տարբերակները շատ են։

Դե, իսկ եթե ինչ-որ մեկը «կողքից» փորձի խանգարել իր դիտողություններով, խորհրդատվական կարծիքներով, «ռեկոմենդացիաներով» կամ ժողվարչապետի «կայֆը կոտրի»` կասկածի տակ դնելով «սահմանադրական» փոփոխությունների իրավաչափությունը, հղում անելով օրենքների, Սահմանադրության տառին, կետին, բութին կամ ստորակետին հետևելու անհրաժեշտությունը, վկայակոչի ինչ-որ միջազգային փաստաթղթեր և փորձի բռնանալ «ժողովրդի», այսինքն` Տապոռ Նիկոլի կամքի վրա, վնաս չունի։

Միշտ կարելի է ասել` հանգիստ նստեք տեղնե՛րդ. ո՞վ եք դուք, քանի՞ գլուխ ունեք, որ միջամտում եք մեր ներքին գործերին. Հայաստանը ինքնիշխան երկիր է և ինքն է որոշում` երբ, ինչպես, ինչ ձևաչափով վերանալ աշխարհի քարտեզից, որպես իրավական պետություն...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը