Մեկնաբանություն

24.06.2020 17:55


Կգտնվի՞ գոնե մեկ լուսավոր մարդ «Լուսավոր Հայաստանում»

Կգտնվի՞ գոնե մեկ լուսավոր մարդ «Լուսավոր Հայաստանում»

Այն, ինչ արեց Էդմոն Մարուքյանը, քաղաքական ինքնասպանություն էր։ Նա հիմա քաղաքական դիակ է։ Գարշահոտություն տարածող դիակ։

Նա հիմա ավելի վատ ֆունկցիա կատարեց, քան 2008–ին Արթուր Բաղդասարյանը, քանզի վերջինս որոշումը երկակի զգացողություն էր առաջացրել։

Բաղդասարյանը դավաճանեց իր էլեկտորատին ու միացավ Սերժ Սարգսյանին, ինչը խիստ բացասական քայլ էր։ Չէր կարելի Սարգսյանին հազար ու մի մեղադրանք ներկայացնել, հետո դառնալ նրա ԱԽՔ–ը։

Դրականն Արթուր Բաղդասարյանի որոշման մեջ այն էր, որ նա չմիացավ հակապետական կոդերով հանդես եկող Լևոն Տեր–Պետրոսյանին։ Բայց չնայած այդ դրական քայլին, միևնույն է, ՕԵԿ ղեկավարի քաղաքական սալտոները նրան չներվեցին։ Արթուրը իներցիայով ու իշխանական աջակցության շնորհիվ մի քիչ մնաց քաղաքական դաշտում ու անհետացավ՝ իր հետ քաղաքական գերեզման տանելով բավական ակտիվ և սիրված գործիչների մի ամբողջ խումբ։

Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը և մյուսներն այն օրերին որոշեցին ենթարկվել իրենց կուսակցական առաջնորդին, այլ ոչ թե կամք դրսևորել ու դուրս գալ «Օրինաց երկրից»։ Արդյունքում՝ Արթուր Բաղդասարյանն իր հաճախորդությունն արեց, իր անձնական շահն ապահովեց ու դուրս մնաց քաղաքականությունից՝ իր հետ տանելով թիմակիցներին։

Նույնը կլինի «Լուսավոր Հայաստանի» հետ։ Մարուքյանն իր փայ 30 արծաթի գործարքին գնացել է ու դարձել քաղաքական դիակ, բայց ձեռքի հետ գերեզման է տանում նաև մյուսներին՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող Դավիթ Խաժակյանին, Անի Սամսոնյանին, Մանե Թանդիլյանին ու մյուսներին։

Կգտնվի՞ «Լուսավոր Հայաստանում» գոնե մեկը, ով կհայտարարի, որ չի ուզում մաս կազմել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած, Արմեն Սարգսյանի աջակցած սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման ծանրագույն հանցագործությանը։ Չի՛ ուզում մնալ «Խավարամիտ Հայաստանում»։

Կգտնվի՞ գոնե մեկը, որ դուրս կգա «Լուսավոր Հայաստանից» ու կհայտարարի, որ դատապարտում է Մարուքյանի քստմնելի արարքը։

Մի՞թե չեն հասկանում ԼՀԿ–ում, որ իրենց լռությունը հանցակցության ու համաձայնության նշան է։ Նաև՝ իրե՛նց քաղաքական մահկանացուն։

Քանի՞ կոպեկ է արժենալու նրանց քննադատությունը քաղաքապետարանում կամ խորհրդարանում, եթե նրանք գլխավոր հարցում՝ մեր պետության ադրբեջանականացման հարցում, լուռ են։

Էդմոն Մարուքյանը նախորդ իշխանությունների հաճախորդն էր։ Մութ է ինչպես ԼՀԿ–ի ստեղծման, այնպես էլ «Ելք» դաշինքի ձևավորման պատմությունը։ Բայց այդ մթության հետ բացի Էդմոնից մյուսները կապ չունեն, հետևաբար՝ ինչո՞ւ են իրենց նետում մութ պատմությունների կապանքների մեջ։

Մութ է նաև Մարուքյան–Փաշինյան հարաբերությունների պատմությունը։ Կան խոսակցություններ, որ ԼՀԿ–ին 2018–ին խորհրդարան են անցկացրել Նիկոլի հրահանգով, և դա է պատճառը, որ Մարուքյանը ինչքան էլ իրեն ճղի, միևնույն է ղազագրային պարտավորությամբ կապված է Նիկոլի հետ։ Դրա համար էլ չմիացավ ԲՀԿ–ի նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական դատարան։

Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ մյուսները։ Ինչո՞ւ են նրանք Էդմոնի գործարքներում վաճառքի առարկայի դերին համաձայնում։

Էդմոնը Արթուր Բաղդասարյանից էլ բեթար է։ Նա Բաղդասարյանի գեղցի տեսակն է։ Բաղդասարյանը դավաճանեց իր ընտրազանգվածին ու ընտրություն կատարեց անձերի միջև, իսկ ահա Մարուքյանը դավաճանում է պետությանն ու Սահմանադրությանը, ինչը հետագայում իրավական քննության առարկա է դառնալու։

Հարգելի՛ ԼՀԿ–ականներ, մի՛ թաղվեք Մարուքյանի հետ և ցո՛ւյց տվեք, որ լուսավոր բան կա ձեր մեջ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը