Մեկնաբանություն

24.06.2020 02:05


«Հեղափոխական» չալոների համար սևը սև չէ, սպիտակը սպիտակ չէ, Մայր օրենքն էլ օրենք չէ

«Հեղափոխական» չալոների համար սևը սև չէ, սպիտակը սպիտակ չէ, Մայր օրենքն էլ օրենք չէ

Ամփոփելով հունիսի 22-ին ալամ աշխարհի նոր հայոց խորհրդարանում քայլարածների ցույց տված «սուպերմաստեր-կլասը»` սահմանադրական փոփոխությունների անվան տակ սարքված «մեգահակասահմանադրական բոլոլան», արձանագրենք մի քանի փաստ։

Ընդդիմության լիակատար բացակայության պայմաններում հապշտապ`«ոտքի վրա» փոխելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, Նիկոլն ու իր 89 «մարդուկները» զրկեցին նախագահին իր հիմնական առաքելությունը կատարելու` որպես պետության գլուխ «Սահմանադրությանը հետևելու», իսկ Սահմանադրական դատարանին` ԱԺ-ի կողմից ընդունվող իրավական ակտերի սահմանադրական վերահսկողությունն իրականացնելու իրավասություններից։

Նախագահը (վերանանք անձերից` մոռանանք, որ Հանրապետականի քվեով նախագահի պաշտոն ստանձնած Արմեն Սարգսյանը խուսափում է իր սահմանադրական պարտավորություններից, ինչպես ժանտախտից) առանց այն էլ շատ սուղ սահմանադրական լծակներ ունի` կատարելու «պետության գլխի» գործառույթները։ Միակ շատ թե քիչ գործուն մեխանիզմը, որով կարող է «հետևել Սահմանադրությանը», ԱԺ հավանությանն արժանացած օրենքներն իր ստորագրությամբ «վավերացնելն» է, Սահմանադրության հետ հակասություններ տեսնելու դեպքում`ՍԴ դատարան դիմելը և դրանց սահմանադրությունը վիճարկելը։

Բայց խորհրդարանական ագրեսիվ մեծամասնությունը դա՛ էլ շատ համարեց` միաձայն որոշեց, որ նախագահն անելիք չունի, մասնավորապես, առանցքայն հարցում, ինչպիսին Սահմանադրության` բացառապես հանրաքվեով փոփոխվելիք նորմերի «դասին» չպատկանող հոդվածներում փոփոխություններ մտցնելն է (մի կողմ թողնենք`որքանո՞վ իրավաչափ է Սահմանադրության ուժը կորցրած` «անցյալ-կատարյալ» 213-րդ անցումային դրույթը փոխելով, ՍԴ դատավորներին գործից հանելը)։ Եվ գեղական կարգով, յուրացրեց նախագահի իշխանությունը` այդ գործառույթը դնելով ԱԺ նախագահի «փխրուն» ուսերին։

Այսքանն էլ քիչ համարելով` «հեղափոխական չալոներն» օրը ցերեկով յուրացրին ՍԴ իշխանությունը. իրենք իրենց ազատեցին սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու և Բարձր դատարանի եզրակացությունն ստանալու պարտավորությունից։ Ու պատճառաբանեցին դա նրանով, թե «շահերի բախում կա»` ՍԴ-ն իրավասու չէ իրեն վերաբերվող հարցի հետ կապված` որոշումներ կայացնել։ Ինչպես նկատել է մեր գործընկերը, նույն է թե` զրկել Ազգային ժողովին պատգամավորների աշխատավարձերի հետ կապված որոշումներ կամ օրենքներ ընդունելու իրավասությունից` ասելով, որ կա «շահերի բախում»։

Նիկոլի գրպանային «իրավագետները» շա՜տ կարևոր մի հայտնագործություն էլ արեցին` հայտարարեցին, որ ոչ միայն նախագահը, խորհրդարանական ընդդիմությունն էլ իրավունք չունի ՍԴ-ում բողոքարկել իրենց կարծիքով`բացահայտ հակասահմանադրական «սահմանադրական փոփոխությունները»։ Ընդդիմադիր ԼՀԿ-ն էլ կնիքը դրեց, թե բա` պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդով ՍԴ դիմելու մեխանիզմը կիրառելի է միայն օրենքների դեպքում, իսկ սա այդ դեպքը չէ` այս պարագայում գործ ունենք ԱԺ որոշման հետ, և ուրեմն` սույն «չսահմանադրական» փոփոխությունները չեն կարող դառնալ ՍԴ քննարկման առարկա։ Եվ փորձեց պատասխանատվությունը դնել մեխի գլուխ նախագահի վրա` ասելով, որ միայն նա է իրավասու այդ հարցով դիմել ՍԴ։

Գրեթե բոլոր ճանաչված իրավաբանները, սահմանադրագետները, այդ թվում` 2015թ. ընդունված Սահմանադրության ակունքներում կանգնած մարդիկ, արդեն ներկայացրել են իրենց տեսակետը, համոզիչ կերպով ցույց են տվել, որ դա պարզ դեմագոգիա է` սահմանադրական փոփոխությունները միշտ և բոլոր դեպքերում պարտադիր պետք է ներկայացվեն ՍԴ դատին։ Մնացածը իրավական և քաղաքական ինքնիրավչություն է, օրենքների և Սահմանադրության չիմացություն կամ դիտավորյալ նենգափոխում, շահարկում` առանց սահմանների։

Իսկ թե քայլարածներն ինչի՞ց են որոշել, որ Սահմանադրությունը կամ սահմանադրական փոփոխությունը օրենք չէ, այլ ընդամենը ԱԺ որոշում` իրե՛նք գիտեն, մեկ էլ իրենց սրտի «գլխավոր հրամանատարը»։

Իրականում Սահմանադրությունը երկրիս թիվ մեկ օրենքն է և մի գլուխ բարձր է մյուսներից`Մայր օրենքը, որից բխում են բոլոր մնացած օրենքներն ու իրավական ակտերը, և ուրեմն, Սահմանադրության ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն օրենքով։ Մինչդեռ, քայլարածների «երկաթյա» տրամաբանությամբ` ճիշտ հակառակը. Սահմանադրությունն ավելի ցածր կարգավիճակ ունի, քան ցանկացած այլ օրենք, և սահմանադրական փոփոխություններն էլ էնքան չկան, որ ԱԺ հավանությանն արժանանալուց հետո դրվեն նախագահի սեղանին, նախագահն էլ որոշի` ստորագրե՞լ փաստաթուղթը, թե՞ դիմել ՍԴ։ Եվ սա` այն դեպքում, երբ որևէ այլ օրենքի անգամ աննշան որևէ փոփոխություն չի կարող ուժի մեջ մտնել առանց նախագահի ստորագրության։

Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների «արտոնյալ» կարգավիճակը հաշվի առնելով էլ` սահմանադիրն ամրագրել է, որ առաջին ընթերցումից հետո` երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելուց առաջ, սահմանադրական փոփոխությունների նախագիծը, անկախ նրանից՝ դրվելու է հանրաքվեի, թե՞ ընդունվելու է ԱԺ «որակյալ մեծամասնությամբ», պարտադիր պետք է ուղարկվի ՍԴ և ստանա Բարձր դատարանի դրական եզրակացությունը, որ մեր նեոբոլշևիկներն աճպարարի պես, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով, փորձում են շրջանցել։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի, իր 89 կլոնների իրավագիտակցության մակարդակի և հերթական անմեղսունակ նախաձեռնության մասին, որի տեղը աղբանոցն է։

Լիլիթ Պողոսյան

Հ.Գ.։ Նյութը պատրաստ էր, երբ պարզվեց, որ Արմեն Սարգսյանը գիշերով որոշել է ստորագրել սեփական լիազորսությունները կրճատող օրենքը։ Ինչպես ասում են՝ «նո քոմենթ»։

Այս խորագրի վերջին նյութերը