Մեկնաբանություն

23.06.2020 14:50


Ո՞ւմ է ձեռնտու. օտար ֆինսնուցմամբ հակապետական շրջանակները ոգևորված են

Ո՞ւմ է ձեռնտու. օտար ֆինսնուցմամբ հակապետական շրջանակները ոգևորված են

Cui prodest? Նույնն է, թե՝ ո՞ւմ է ձեռնտու:

Այս հարցը, մ.թ.ա. առաջին դարից առանցքային էր Հին Հռոմում, երբ որևէ «գործ» էին քննում: Եվ չնայած արտահայտության հեղինակը անտիկ շրջանի հռոմեացի իրավաբան Ռավիլլան է համարվում, բայց այն ավելի հայտնի է նույն շրջանում գործած Մարկ Տուլիոս Ցիցերոնի ճառի շնորհիվ, որով նա հանդես է եկել՝ ի պաշտպանություն Միլոնի:

Հին Հռոմից, որքան էլ դա անախորժ է, թափով վերադառնանք մեր բոլոլայված իրականություն և, մի փոքր լրացնելով նշված հին հռոմեացիների արտահայտությունը, հարց տանք. ո՞ւմ է ձեռնտու սահմանադրության ոտնահարումն ու ՍԴ դեմ ապօրինությամբ «օրինականացված» արշավը: Ավելին՝ ովքե՞ր են ոգևորված այս ամենից, ովքե՛ր են, այսպես ասած՝ «շիրա տալիս» իշխանության ղեկին հայտնված «թրաշապետերին»:

Հարցն այս, ինչ խոսք, գրեթե հռետորական է, այնքան որ՝ պատասխանն ակնհայտ է:

Երեկ, ԱԺ արտահերթ օրինազանցման ընթացքին զուգահեռ տարածվեց երկու շարադրանք, եթե կուզեք՝ հայտարարություն (ինչպես իրենք են նշել), որոնք բավականին պարզորոշ պատասխանում են «Ո՞ւմ է ձեռնտու» և «Ովքե՛ր են ոգևորված» հարցերին:

Հայտարարությունների բովանդակությունը գրեթե նույնական է, որքան էլ որ այն մի դեպքում ստորագրված է «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից, մյուս դեպքում՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ (հասցրել է), Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»:

Շատ ընդհանուր բաներ կան: Թվարկենք մի քանիսը:

Նախ, երկու հայտարարություններում էլ ողջունում են Նիկոլ Փաշինյանի և նրա «ԱԺ-89» ՍՊԸ-ի կողմից իշխանության յուրացմանն ուղղված երեկվա քայլը: Բայց դա ամենը չէ. երկու հայտարարությունում էլ միանգամայն հրամայական տոնով Նիկոլ Փաշինյանի առաջ պահանջ է դրվում «ավելի խորը վեթթինգի», «նախկին հանցավոր ռեժիմի ամբողջական քաղաքական ու իրավական արագ գնահատականի» ու էլի նման բաների:

Երկու հայտարարության բովանդակությունն էլ բացարձակ ռեակցիոն է: Ըստ էության, այդ հայտարարությունները հակապետական են, հակահասարակական, և երկու դեպքում էլ, եթե խորը նայես, անթաքույց կոչ է արվում անցնել զանգվածային ռեպրեսիաների, այլակարծության, խոսքի ազատության, մարդու իրավունքների համատարած ոտնահարման և ոչնչացման:

Դանիել Իոաննիսյան, Սաքունց, Լևոն Բարսեղյան, Ստեփան Գրիգորյան և այլն: Այ թե ովքեր են այդ հայտարարությունների ետևում, իսկ ավելի ճիշտ՝ Սորոսն է նրանց միջոցով արվող կոչերի ետևում: Իսկ նշվածները հենց նրանք են, ում շատերը հիշատակում են որպես «սորոսականներ»: Նշվածները ներկայացնում են հենց այն շրջանակը, որ տարիներ շարունակ դրսից ֆինանսավորվել է, և տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ, «հանցավոր, բռնատիրական ռեժիմի» օրոք համակարգված ու հետևողական գործունեություն է ծավալել՝ թիրախ ունենալով Հայ Առաքելական եկեղեցին, բանակը, պետական ինստիտուտները, հասարակական, ազգային, ավանդական, բարոյական արժեքները, զուգահեռաբար՝ խթանել կասկածելի ու չընկալվող կամ այլասերում ընկալվող երևույթների քարոզչությունը:

Ահա այս «խմբակն» է, որ խիստ ոգևորված է իշխանության ուզուրպացիայից:

Ավելին, տարիներ շարունակ հանդես գալով «մարդու իրավունքների և ազատությունների» պաշտպանության քողածածկույթով, անցած երկու տարվա ընթացքում այս բոլոր «քաղհասարակական գործիչները» լիարժեք ցուցադրեցին, որ իրենց տարփողած այդ արժեքները բացարձակապես ոչինչ են իրենց համար, քանզի երկու տարի շարունակ մարդու իրավունքների, ազատությունների դեմ փաշինյանական իշխանությունների ծավալված ու բազմիցս դրսևորած կոպիտ խախտումների ու փաստերի վերաբերյալ երբեք ու երբեք ծպտուն իսկ չհանեցին:

Ինչո՞ւ ծպտուն չհանեցին: Շատ պարզ է. իրենք 2018 թվականի հեղաշրջման ու իշխանազավթման ուղղակի շահառուներն են, անմիջական մասնակիցներն ու որոշակի տեխնոլոգիական հեղաշրջումային հնարքների մշակող-կիրառողները: Նրանք փաշինյանական իշխանության դրսի փայատերերի տեղական ներկայացուցիչներն են։

Մեծ հաշվով, դրանք հիմա ոչ թե ՀԿ-ներ են, այլ Հայաստանի իշխանության մի մասը և ստվերային ուղղորդիչը: Դա այն իշխանություն է, որը քաշում է Նիկոլ Փաշինյանի և նրա նախարարների «թելիկները», ինչպես խամաճիկների թատրոնում տիկնիկավարներն են անում:

Եվ, քանի որ իրենք Հայաստանում գործնականում զավթել են իշխանությունը, բավականին անթաքույց ու բացահայտորեն հրամաններ են արձակում Նիկոլ Փաշինյանին, թե էլ ինչ պիտի անի կամ չանի: Ձևականորեն այդ հայտարարությունները կոչված են այսպես ասած «հասարկական լայն շրջանակները ողջունում են» բոլշևիկյան քարոզչական տարբերակով ֆոն ապահովելուն: Բայց ոչ միայն ձևի, այլև բովանդակության առումով այդ հայտարարությունները «թավշապետերին» ուղղված անքննարկելի, անհապաղ կատարման ենթակա հրամաններ են:

Կարելի է ենթադրել, որ օտարերկրյա գրանտատուներին ծառայող այս շրջանակի ներկայացուցիչները կա՛մ այնքան են արդեն վստահ, որ վերջ, իշխանությունը լիովին զավթել են, որ նույնիսկ ջանք չեն գործադրում իրենց անմիջական շահախնդրությունը քողարկել, կա՛մ նրանք զգում են, որ կորցնում են հողն իրենց ոտքերի տակ և ինչպես դրանից, այնպես էլ հնարավոր պատասխանատվության հեռանկարի վախերից դրդված՝ անվանական իշխանությանը ռեակցիոն ու ռեպրեսիվ գործողությունների կոչ են անում:

Վիճակը, մեծ հաշվով, նետված է: Եվ նշված շրջանակների հայտարարություններն էլ դրա զուգահեռ դրսևորումներից են:

Բայց հիմնական հարցը ավելի ու ավելի սուր է դրվում. կա՛մ հանդուրժվում ու շարունակվում է այս կլոունադիկ բեսպրեդելը՝ մինչև պետության վերջնական կործանում, կա՛մ բոլորը, ում համար միևնույն չէ Հայաստանի լինել-չլինելը, միավորվում են ու, պատկերավոր ասած՝ «ցախավելով քշում» իշխանազավթիչներին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը