Լրահոս

23.06.2020 11:49


Երևանում «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ հունիսի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արամայիս Պ-ն է, և քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արամայիս Պ-ի և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հրանտ Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արամայիս Պ-ին։

Նոր Նորքի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը