Մեկնաբանություն

23.06.2020 10:48


Փաշինյանի 89 կանաչ կլորակները

Փաշինյանի 89 կանաչ կլորակները

Երեկ Նիկոլ Փաշինյանը պյուռոսյան հաղթանակ տարավ։ Կարճաժամկետում միգուցե իրեն հաղթող է զգում, բայց իրականում պարտվել է։

Նա ցույց տվեց, որ այլևս չունի ժողովրդական աջակցություն։ Եթե ունենար, ապա հաստատ համոզված եղեք, որ համաճարակի պայմաններում անգամ հանրաքվե կանցկացներ։ Դեմագոգիա է, թե իբր կորոնավիրուս է ու դրա համար են ԱԺ-ով Սահմանադրություն փոխում։

Հայաստանում մարտի 1-ից պաշտոնապես հաստատվել էր կորոնավիրուս, բայց դրանից հետո երկու շաբաթ շարունակ Նիկոլը բազմամարդ հավաքներ էր կազմակերպում և «այո» քարոզում։ Չկար մտահոգություն, որ մարդիկ կվարակվեն ու կարող են մահանալ։ Նիկոլը թքած ունի նման բաների վրա։ Իրեն իշխանությունն է հետաքրքրում, և վե՛րջ։

Այնպես որ համաճարակը չի նրան հետ կանգնեցրել հանրաքվեից, այլ հանրաքվեում պարտվելու վախը։

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց նաև, որ Փաշինյանի քայլերը չեն ընկալվում նաև եվրոպական մեր գործընկերների կողմից, քանզի նրանք բացասական գնահատական տվեցին ՍԴ-ն գրավելու ծրագրին։

Նիկոլը ցույց տվեց, որ մնացել է խորհրդարանական հնազանդ մեծամասնության հույսին։ Նրանց միավորում է վախը և համատեղ գործած հանցանքը։

Նիկոլը վախենում է իշխանությունը կորցնել, իսկ հնազանդները վախենում են, որ առաջնորդը կարող է իրենց հարազատների դեմ քրեական գործեր հարուցել, ինչպես որ մի քանի դեպքերում արել է։ Հնազանդներից ոմանք վախենում են նաև կորցնել իրենց աշխատանքային գրքույկում նշված առաջին աշխատանքը՝ ԱԺ պատգամավոր։

«Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ու կցել քվեարկության պատկերը։

Այդ պատկերը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաշինյանի համար «Իմ քայլը» խմբակցությունը էկրանի վրա երևացող կանաչ գույնի կլորակներն են։ Բոլորը հավասար, հնազանդ ու անլեզու։

Փաշինյանն ուրախ է, որ 89 կանաչ կլորակ ունի և հպարտ է դրանով։ Ինքն էլ է, փաստորեն, հպարտ քաղաքացի։ Բայց ի տարբերություն մյուս հպարտների, ինքն ավելի հպարտ է, քանզի 89 կանաչ կլորակներ ունի, որոնց վրա սեղմելով ավելացնում է իր անձնական իշխանությունը։ Եթե հանկարծ կլորակներից մեկը հրաժարվի կանաչելուց, ապա նրա լույսը կհանգցնի սիրելի առաջնորդը։

Հայաստանում հիմա բեմադրվում է «Ալի Բաբան և նրա 89 կանաչ կլորակները» տրագիկոմեդիան։ Այս խեղկատակությունը, բնականաբար, երկար չի ձգվի, բայց մինչև ոչնչանալը, կհասցնի վնասել մեր երկրին։ Ափսոս է Հայաստանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը