Մեկնաբանություն

22.06.2020 23:43


Էդմոն Մարուքյանը կգնա լուսավո՞ր, թե՞ մութ ճանապարհով

Էդմոն Մարուքյանը կգնա լուսավո՞ր, թե՞ մութ ճանապարհով

Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել՝ հակասության մեջ մտնելով ՀՀ սահմանադրության և օրենսդրության հետ։ Դա փաստացի սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում է։

Սահմանադրական փոփոխությունների այդ նախագծով իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռման ժողովրդավարական սկզբունքները կգցվեն աղբամանը։ Հայաստանում կձևավորվի ոչ լեգիտիմ իշխանություն՝ խունտա։

Երբ իշխանության գործադիր և օրենսդիր մարմինները որոշում են հարձակվել պետական մեկ այլ մարմնի՝ Սահմանադրական դատարանի վրա, ստանում ենք խունտա։

Փաշինյանը գրել է, որ ինքը հպարտ է «Իմ քայլը» դաշինքով և այն «ատամնատեխնիկով», որոնց ջանքերով իշխող խմբակցությունը դարձավ իր հետ հանցակից։

Այս ապօրինությունը կանխելու համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանում վիճարկել ԱԺ–ի 89 «փոքրիկ նեգրերի» ընդունած նախագծի սահմանադրականությունը։

Մեր Սահմանադրության 169–րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը կարող է դիմել ՍԴ։ ԲՀԿ–ն ՍԴ դիմելու համար նախաձեռնել է ստորագրահավաք, սակայն միայն այդ խմբակցության ձայները բավարար չեն։ Անհրաժեշտ են ստորագրություններ նաև Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանից»։ Մարուքյանը, սակայն, զարմանալիորեն ու կասկածելիորեն չի շտապում միանալ ստորագրություններին, թեև հայտարարում էր, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման գործընթացն ապօրինի է։

Մարուքյանն իր ՖԲ էջում մի գրառում էր արել, թե, իբր, ՀՀ սահմանադրությունը հնարավորություն չի տալիս այդ հարցով դիմել ՍԴ և պատասխանատվությունը գցել էր ՀՀ նախագահի վրա։ Կուլիսներում էլ հայտարարում է, թե բա Հրայր Թովմասյանի պատճառով չի ուզում միանալ ԲՀԿ–ի նախաձեռնությանը, ինչն իրականում էժանագին «ատմազկա» է՝ չմիանալու բուն պատճառները թաքցնելու անհաջող փորձ։

Թե ինչու է ընդդիմություն ներկայացող Մարուքյանը հրաժարվում դիմել ՍԴ և ինչու է իր այդ վարքագծով նպաստում Հայաստանում հակապետական խունտայի ձևավորմանը, դժվար է ասել։

Մեկ բան ակնհայտ է, որ եթե Մարուքյանը խաղա Փաշինյանի հակասահմանադրական խաղը, ապա դրանով իսկ կհաստատի տարածված այն տեսակետը, համաձայն որի՝ 2018–ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստանը» չէր հաղթահարել օրենսդրությամբ սահմանված տոկոսային շեմը, սակայն Փաշինյանի միջամտությամբ դարձել է խորհրդարանական խմբակցություն։ Այլ կերպ ասած՝ կհաստատվի այն տեսակետը, որ 2018–ի ընտրությունները կեղծվել են և այդ կեղծիքից օգտվել է Էդմոն Մարուքյանի կուսակցությունը։

Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ ինչքան էլ նիկոլականները ապտակեն, նվաստացնեն Մարուքյանին, միևնույն է վերջինս «իքս» գծից այն կողմ չի անցնի ու Փաշինյանի դեմ չի գնա, քանզի խորհրդարանական 17-հոգանոց խմբակցություն ունենալու համար պարտական է բացառապես Փաշինյանին։ Իսկ պարտքը, ինչպես հայտնի է, հատուցմամբ է գեղեցիկ։

Ճի՞շտ են այս տեսակետի կողմնակիցները, թե՞ ոչ, կպարզվի մեկ օրվա ընթացքում։

Վաղը կերևա, թե արդյոք Մարուքյանը գնում է լուսավոր ճանապարհով ու միանում է ԲՀԿ–ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությա՞նը, թե՞ ընտրում է մութ ճանապարհն ու կնքում քաղաքական մահկանացուն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը