Հարցազրույց

13.01.2011 17:02


Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Հարցազրույց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ

-Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները 2011թ. ներքաղաքական զարագացումների վերաբերյալ։

-Քաղաքական կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Անհասկանալի է ինձ համար կանխատեսել՝ կոալիցիան կլինի՞, չի՞ լինի, կանխատեսել, թե չգիտեմ ով ինչ կլինի։ Կանխատեսելի ուղղությունը մեկն է՝ որ այսօրվա իշխանական քաղաքական համակարգն իրեն սպառել է և այդ քաղաքական համակարգը չի կարող գոյատևել երկար, ու 2011թ. կլինի վերջը այս քաղաքական համակարգի, որովհետև սա տանում է այս երկրի կործանման։ Դրա հետ կապված՝ նաև տնտեսական համակարգը, նաև սոցիալական, նաև զուտ մարդկային հանգամանքները։ Մի խոսքով՝ այս համակարգն իրեն սպառել է, և 2011թ. համար կարող եմ ասել, որ պետք է վերջը լինի այս համակարգի։

-Այսինքն, 2011թ.–ին լարվածությունն էլ ավելի է սրվելո՞ւ։

-Միանշանակ, ես նկատի ունեմ նաև դա։ Այն քաղաքական համակարգը, որում մենք ապրում ենք, այս, օլիգարխիկ ենք անունը դնում,  ավտորիտար ենք անունը դնում, բռնատիրական ենք դնում, ես կարող եմ ասել՝ ավտորիտարի և բռնատիրականի արանքում գտնվող համակարգ, որի գործողություններն ու էությունն ուղղված չեն դեպի քաղաքացին, այլ պարզապես եղած համակարգը պահելուն և իշխանությունը վերարտադրելուն։ Այդ առումով, քանի որ այդ համակարգը միշտ նման դեպքում քանի որ ինքն էությամբ հակաժողովրդական է, պետք է փնտրի ռեսուրսներ՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային, բայց այդ ռեսուրսներն այլևս չկան։ Եթե ֆինանսական ռեսուրսների առումով կարող ենք ասել, որ խնդիրներ չի ունենա, բայց այդ ֆինանսական ռեսուրսներն իրական կյանքում օգտագործելու համար մարդկային ռեսուրսների խնդիր է ունենալու, որովհետև բոլորն էլ հասկացել են, որ այս համակարգը չի կարող գոյատևել, այսինքն սպառել է իրեն։ Այդ առումով շատ լարված տարի է լինելու, որովհետև ինքը փորձելու է պաշտպանվել, փորձելու է դիմադրել, դիմադրելու դեպքում հակառակ ռեակցիան է առաջանալու մյուս կողմից, և այդ առումով ինչ ծրագրեր էլ որ փորձի իրականացնել, չի կարողանալու, որովհետև նորից եմ կրկնում՝ դրանց մեջ տրամաբանություն չկա, որը խնդիրներ լուծի ժողովրդի համար։

-ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշել էր, թե հերթական նախագահական ընտրությունների մասին պետք է մոռանալ։ Դո՞ւք ինչ կարծիքի եք՝ դա հնարավո՞ր է, և արդյոք «2011թ. վերջն է լինելու» ասելով՝ դա՞ նկատի ունեիք։

-Ընդհանրապես, այս համակարգի համար դեռևս 2000թ.-ից ինձ համար միշտ սպասելի են եղել արտահերթ ընտրությունները, և ոչ թե իմ ցանկությունը, այլ տրամաբանությունն է այդպիսին եղել, և միշտ էլ արտահերթ ընտրությունների պահը եղել է, ուղղակի այս համակարգը կարողացել է այդ արտահերթ ընտրությունները հետաձգել հերթական ընտրություններով ու կեղծիքներով նորից իրեն վերարտադրել, և այդ առումով 2011թ. էլ չի առանձնանալու։ Ուղղակի 2011թ. կարծես խտացված է, նախորդ տարիների բոլոր բացասական երևույթների խտացումն է իր մեջ պարունակելու, կամ եկել-հավաքվել ենք մի տեղ, և դա պետք է հանգուցալուծվի։ Այդ առումով արտահերթ ընտրությունները պարզապես ահրաժեշտություն են։ Ավելին կասեմ՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են բոլորին՝ և՛ իշխանությանն են անհրաժեշտ, և՛ առավել ևս ժողովրդին են անհրաժեշտ, քաղաքական ուժերին են անհրաժեշտ։ Արտահերթ ընտրությունները կապացուցեն ևս մեկ անգամ, որ իրականում այս համակարգը մեզ պետք չէ։ Հայաստանի զարգացման համար այլ համակարգ է պետք, հակառակ դեպքում, եթե հերթական ընտրություններ են, ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ հերթական ընտրությունները չեն տարբերվի վերջին տարիներին անցկացվող ընտրություններից, և արդյունքն էլ կլինի այն, ինչ կա։

-Կլինե՞ն, այդուհանդերձ, արտահերթ նախագահական ընտրություններ, թե՞ ոչ։

-Կլինեն, այո՛։ Քաղաքական տրամաբանությունն էլ է դա հուշում, քաղաքագիտականն էլ, կարող եմ ասել։

-Կառավարությունն այսօր անընդհատ ասում է, թե իրենք ամեն ինչ անում են՝ ճգնաժամի հետևանքները վերացնելու, տնտեսական իրավիճակը լավացնելու համար, սակայն հակառակ ազդեցությամբ օրինագծեր են բերում Ազգային ժողով և ընդունում։

-Կառավարությունն ինքն իրեն էլ է խաբում և փորձում է մեզ էլ այդ խաբկանքի մեջ ընդգրկել, որովհետև շատ լավ հասկանում է, որ որպեսզի կարողանա այդ ծրագրերն իրականացնել (ընդհանրապես, եթե այդ ծրագրերը կան. որովհետև ես այդ ծրագրերն էլ չեմ տեսնում), առաջին հերթին պետք է համակարգը փոխի։ Եթե կաշառակերությունն է ուզում վերացնել այս համակարգի պայմաններում, պարզապես ֆիկցիա է, այդպիսի բան չի կարող անել։ Եթե տնտեսական առաջընթացի խնդիրներ է ուզում լուծել, նորից չի կարող լուծել, որովհետև ամբողջ այս համակարգի տրամաբանությունն ուղղված է մարդկանց մի խմբի բարեկեցությունը բարձրացնելուն և ոչ թե ժողովրդի։ Դա ուղղակի խաբեություն է, և այդ առումով այն ծրագրերը, որոնք ներկայացնում է, եթե ուշադրություն եք դարձրել՝ ինչ հարցի վերաբերյալ նրանք ծրագրեր են ներկայացնում կամ խնդիրներ են փորձում լուծել, հակառակն է ստացվում։ Փորձեն գյուղատնտեսությամբ զբաղվել, գյուղատնտեսության վիճակը կվատանա։ Փորձում են մեր կենսամակարդակը բարձրացնել, մեր կենսամակարդակն ավելի է վատանում։ Հիմա կփորձեն մենաշնորհների դեմ պայքարել, մենաշնորհներն ավելի կշատանան, որովհետև հիմնական հարցը չի լուծվում՝ ընդհանրապես իրենք ի՞նչ են ուզում, ի՞նչ տնտեսություն են ուզում, ի՞նչ համակարգով են ուզում։ Անընդհատ դա շեշտում եմ, որովհետև ամենկարևոր հարցը սա է։ Եթե կարևորագույն խնդիրը չի լուծվում, այսինքն քաղաքական հարցը չի լուծվում, տնտեսականը նրանք չեն կարող անել։ Երբ նրանք Սինգապուրի օրինակն են բերում, որը շատ գովելի է, պետք է հասկանալ, թե այնտեղ ինչ խնդիր էր դրված։ Առաջինը օրենքի գերակայության խնդիրն էր այնտեղ, նույնիսկ բռնատիրական մեթոդներ կիրառելով՝ այնտեղ օրենքի խնդիր էր, օրեքնի առջև բոլորը հավասար էին, և օրենքը կիրառվում էր բոլորի նկատմամբ՝ լինի երկրի առաջին դեմքը, թե երկրի սովորական քաղաքացի։ Բայց այսօրվա համակարգում այդպես չէ։ Տնտեսական դաշտում եթե ուզում եք աշխատել, ուրեմն պետք է բարվոք ընտանիք ունենաք, օրենքը շրջանցելու հնարավորություն ունենաք։ Քաղաքական կյանքում եթե գործունեություն եք ծավալում, ուրեմն անպայման պետք է ձեր գաղափարները մի կողմ դնեք և ծառայեք այսօրվա գործող իշխանությանը, որովհետև այլ ձևով թույլ չեն տալիս քաղաքական գործունեություն ծավալել, հրապարակային գործունեություն չեք կարող անել, հեռուստատեսության հնարավորություն չկա, նույնիսկ հանրահավաք անելու համար Ազատության հրապարակի հնարավորություն կամ որևէ այլ տեղ չեն տալիս։

-ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում հապճեպ ընդունված բազմաթի օրինագծերը, ըստ ձեզ, հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ։

-Վերջին դեպքը և այդ շրջանականերում նաև օտարալեզու դպրոցների բացման հնարավորությունն ապացուցում են այն, ինչի մասին ես խոսում եմ։ Նույնիսկ այդ կուսակցությունը, որն իր գաղափարախոսությամբ ավելի շատ ազգայնական է, քան այլ գաղափարախոսության, նա իրեն դեմ գնաց, որովհետև չեմ կարծում, որ իրենց կնքահայր համարվող Նժդեհի ծրագրերում օտարալեզու կամ ոչ հայեցի կրթություն ստանալը առաջնահերթ խնդիր էր համարվում։ Իրենք իրենց էլ են հակասում, որովհետև իրենք շատ դեպքերում և հիմնականում հիմա պատվերներ են կատարում՝ կախված լինելով դրսից։ Քաղաքական իրենց գոյությունը պահելու, տնտեսական վիճակը պահելու համար իրենք դրսից կախվածություն ունեն, ստիպված են պատվերներ կատարել և մոռանում են ամեն ինչ։ Այդ քանակի օրենք տարվա վերջին, երբ այդ օրենքները լրջորեն չեն քննարկվելու նույնիսկ գործող այդ մեխանիզմի պայմաններում, դրանք պարզ է, որ օգուտ չեն տալու։ Եվ հիմա, երբ տնտեսվարող սուբյեկտները սկսում են զբաղվել, տարին սկսել է աշխատել, այդ օրենքների բացասական կողմերն էլ երևում են։ Ես նորից եմ կրկնում՝ այս համակարգը և այս համակարգը սպասարկողները պետք է պարզապես թողնեն-հեռանան, որովհետև իրենք անելիք այլևս չունեն։

-Չե՞ք կարծում, որ սա նաև հակազդող ուժի բացակայության պատճառով է։

-Միանշանակ։ Այս համակարգի գոյությունն էլ հենց դա է նշանակում, որ ինքը պետք է ամեն ինչ անի, որ հակազդող ուժ չլինի։ Խնդիրը դրանում է։ Ձեր կարծիքով՝ մարտի 1-ն ինչո՞ւ եղավ 2008թ.։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մինչև հիմա շարունակվում քաղաքական հետապնդումները, ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը կամ Սասուն Միքայելյանը կամ նման մարդիկ հիմա բանտում գտնվում։ Իշխանություն պահելու ձևը միայն ուժն է՝ ուժն ու վախը։ Երբ մարդիկ թողնում-հեռանում են իրենց հայրենիքից, դա պատահական երևույթ չէ։ Պարզ է, որ դրսում ապրելն ավելի դժվար է լինելու, բայց մարդիկ գերադասում են գնալ-ապրել այնտեղ՝ լեզու չիմանալով կամ իրենց սովորությունները փոխելով, գոնե արդարություն և օրենքի գերակայություն փնտրելով։ Այս համակարգն այդպես է՝ մարդկանց ասում է՝ ապրեք իմ օրենքով, չե՞ք ապրում՝ կարող եք վեր կենալ-գնալ։ Իրենք խնդիր չեն դրել պետականության պահպանման, զարգացման, իրենք խնդիր են դրել, նորից եմ կրկնում, իրենց գոյության պահպանման, հարստացման և վերարտադրության։

-Եվ, այդուհանդերձ, այս պայմաններում դուք հավատո՞ւմ եք արտահերթ ընտրությունների հնարավորությանը։

-Ես հավատում եմ և պարտավոր եմ անել ամեն ինչ՝ ինքս որպես (ես միայն ինձ համար եմ պատասխան տալիս) մարդ, որ շատ լավ հասկանում է այս համակարգի արատավորությունը և վտանգը։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես պարտավոր եմ անել ամեն ինչ՝ այդ արտահերթ ընտրություններին հասնելու և այդ մարդկանց մեկ օր առաջ իշխանությունից զրկելու։ Պատրաստ եմ դրա համար ամեն ինչ անելու և անում եմ, ինչքան որ կարողանում եմ։ Գտնում եմ, որ ես լավ չեմ անում, որովհետև դեռևս այդ մարդիկ իշխանության են։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը