Մեկնաբանություն

22.06.2020 09:50


«Քաղաքացիական պայմանագիրը» կվերածվի՞ խունտայի

«Քաղաքացիական պայմանագիրը» կվերածվի՞ խունտայի

Նիկոլ Փաշինյանը ձգտում է ամբողջատիրական իշխանության։ Նա գրավել է կառավարությունը, գրպանային սարքել խորհրդարանը և սեփականաշնորհել դատական իշխանության մեծ մասը։

Նրա թիրախը տևական ժամանակ է, ինչ Սահմանադրական դատարանն է։

Սկզբում «ժողովրդի» վարչապետն ուզում էր հանրաքվեի միջոցով իրենով անել ՍԴ-ն։ Երկրում կորոնավիրուս էր տարածվում, բայց դա չէր հետաքրքրում Փաշինյանին։ Նա բազմամարդ հավաքներ էր կազմակերպում՝ զուգահեռաբար փափուկ բարձ դնելով մարդկանց գլուխների տակ, թե բա կորոնավիրուսը գրիպի պես մի բան է, պետք չէ վախենալ, պինցետով կհանենք, տնական արաղով դեզինֆեկցիա կանենք։ Կարևորն իր համար «այո»-ն հորով-մորով անելն էր։ Ջհանդամ, թե վիրուսը չէր խժռի մարդկանց կյանքերը։

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի հայտնաբերումից հետո երկու շաբաթ կառավարությունը մատը մատին չտվեց։ Երբ բանը բանից անցավ, Փաշինյանը ստիպված արտակարգ դրություն հայտարարեց։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց։

Կյանքը ցույց տվեց, որ արտակարգ դրությունն օգտագործվում է ոչ թե համաճարակի դեմ պայքարի (կորոնավիրուսային ցուցանիշներով մենք աշխարհի մակարդակով խայտառակ արդյունքներ ենք արձանագրում), այլ սեփական իշխանությունը մեծացնելու, ՀՀ քաղաքացիների վրա հարկային բեռն ավելացնելու, մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։

Փաշինյանին դուր է եկել կորոնավիրուսային պայմաններում իշխելը, քանզի արտակարգ դրության պայմաններում նա ապօրինություններ է անում, սակայն «օրենքով» սահմանափակում է այդ ապօրինությունների դեմ մարդկանց սահմանադրական իրավունքի իրացումը, մասնավորապես՝ ազատ հավաքների անցկացումը։

Արտակարգ դրության պայմաններում Փաշինյանը նախաձեռնել է սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման գործընթաց։ Չկարողանալով հանրաքվե անցկացնել և շատ լավ հասկանալով, որ հանրաքվեն տապալվելու է՝ նա ուզում է «օրենքով» գրավել ՍԴ-ն և իր սրտի դատավորներին նշանակել պետական այդ կարևորագույն կառույցում։

Եթե Փաշինյանն ու իրեն կից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնան այդ քայլին, եթե ՀՀ նախագահի պաշտոն զբաղեցնողն իրեն ջայլամի պես պահի ու չարգելակի հակապետական այդ հանցագործությունը, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կվերածվի խունտայի։ Իշխանության բոլոր ճյուղերը կդառնան ոչ լեգիտիմ և այդ գործընթացին մասնակցած յուրաքանչյուր ոք կշալակի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ՝ տարիներով ճաղերի հետևում անցկացնելու հեռանկարով։

Խորհրդարանական ընդդիմության համար սա ևս լուրջ փորձաքար կդառնա։ Նրանք պետք է մինչև վերջ կռիվ տան՝ օգտագործելով օրինական բոլոր ճանապարհները Հայաստանում խունտայի ձևավորում թույլ չտալու համար։

Եթե ՍԴ-ն սեփականաշնորհելու փաշինյանական ծրագիրն իրագործվի, ապա ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի՝ խորհրդարանում մնալն անմիաստ կդառնա։ Քաղաքական գործընթացներն այդ դեպքում պետք է տեղափոխվեն փողոց և սկսվի քաղաքական պայքար Հայաստանը խունտայական ռեժիմից ազատագրելու համար։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը