Կարծիք

21.06.2020 10:17


Նիկոլի իշխանությունն այլևս չի ներկայացնում ողջ հասարակության պատկերը

Նիկոլի իշխանությունն այլևս չի ներկայացնում ողջ հասարակության պատկերը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՋԱԿՑՈւՄ ՆԻԿՈԼԻՆ

Մոտ մի ամիս առաջ Նիկոլը վերլուծում էր, թե ովքեր են հիասթափվել հեղափոխությունից (իմա՝ իրենից): Փորձեմ անել հակառակը՝ վերլուծելով, թե ովքե՞ր են դեռևս Նիկոլի կողքին։

Եվ այսպես՝
1. Նիկոլի կողքին է իր անմիջական շրջապատը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում, նախկինում չգտնելով իր տեղն իշխանության մեջ, դրանում մեղադրում էր օրվա իշխանությանը։ Իշխանափոխությունից հետո այս զանգվածը արագորեն դարձավ կառավարության կամ խորհրդարանի անդամ՝ շտապելով օգտվել ոչ միայն «նախորդների»՝ ի պաշտոնե տրված արտոնություններից, այլև պահանջելով լրացուցիչ նյութական ու ֆինանսական միջոցներ։ Սրանք այսօր կազմում են իշխող քաղաքական թիմը, որի նորահայտ անձնական բարեկեցությունը, որին այդքան ձգտել էին, ամբողջությամբ կախված է անձամբ Նիկոլից։
2. Տարբեր պետական հաստատություններ գործուղված «հեղափոխական կոմիսարներ», որոնք մինչև իշխանափոխությունը տարբեր օտարերկրյա գրանտներով պատվերներով «ուսումնասիրություններ» են իրականացրել այդ ոլորտներում և տարիներ շարունակ ներկայացվել են որպես ոլորտների «մասնագետներ», և այժմ «հեղափոխական» ղեկավարության կողմից խնդիր ունեն ժամանակին պատվերով մշակված մեր նկարագրին ու ազգային շահերին հակասող մոտեցումները ներդնել որպես պետական քաղաքականություն։
3. Պետական համակարգում կամ դրանից դուրս գտնվող, պետական միջոցներով պահվող, բայց ոչ մի մասնագիտական կարողություն չունեցող «խունվեյբինների» կամ «պավլիկմորոզովների» մի զանգված, որոնք փորձում են փոխարինել նախկին համակարգի «թաղային հեղինակություններին», և որոնք էլ դարձել էն նիկոլական ռեժիմի ատելության խոսքի հիմնական տարածողները իրական կյանքում և վիրտուալ տարածքում։
4. Այն տնտեսվարողները, որոնք «նախկին ռեժիմի» տարիներին իրենց ուսերին կրում էին պետական համակարգի կոռուպցիոն «սնուցման» հիմնական ծանրությունը, միաժամանակ կատարելով իրենց հարկային պարտավորությունները։ Այս տնտեսվարողներին «կաշառելու» համար բյուջեից նրանց վերադարձվեցին նախկինում նրանց նկատմամբ գոյացած պարտավորությունները։ Նրանք այժմ պարտաճանաչ կատարում են իրենց պարտավորությունները, որը կազմում է մոտավորապես նույն գումարը, ինչ նրանք վճարում էին նախկինում՝ որպես հարկ և կաշառք միասին։ Ներկայիս քաղաքական էլիտան (1-ին և 2-րդ խմբերը), դեպի բյուջե ուղղորդելով նախկինում որպես կաշառք տրվող գումարները, դրանք ապօրինի որոշումներով, որպես հավելավճար ու պարգևավճար ուղղեցին դեպի սեփական գրպանները։ Սակայն այս տնտեսվարողները իրապես գոհ են, քանի որ ազատվել են նախկին արատավոր համակարգի ճնշումներից։
5. Հիմնականում օտարերկրյա և IT ընկերություններում աշխատող և նախկինում էլ զգալի՝ 500000 դրամ և ավել աշխատավարձ ստացող որակյալ, հիմնականում երիտասարդ մասնագետների մի սահմանափակ խումբ, որն ունեցավ աշխատավարձի զգալի աճ՝ եկամտահարկի համահարթեցման արդյունքում։ «Նախկին» ճահճացած համակարգից ընդհանուր դժգոհություն ունեցող այս խումբն առայժմ դրական անտարբերություն է դրսևորում «ներկաների» նկատմամբ, առանց խորանալու դեպի աղետ տանող այս կառավարության քայլերի տրամաբանության մեջ։
6. Ժողովրդային շարժմանը մասնակցած, ներկայումս իրականացվող քայլերի վտանգավորությունը գիտակցող մի բավական ստվար խումբ, որը, սակայն, համառորեն փորձում է, առաջին հերթին իրեն համոզել, որ կառավարության քայլերի բոլոր ուղղություններով ձախողումը «մանկական» անփութության արդյունք է, և հիմնական մեղավոր են «նախկինները», որոնք «մեր անփորձ, բայց ազնիվ ջահելներին» շատ վատ ժառանգություն են թողել։ Այս «անկեղծ համառների» խումբը չի ցանկանում ընդունել, որ իրական հեղափոխություն, որի համար իրենք փողոց էին դուրս եկել, չի եղել։
7. Բոլոր ժամանակներում և բոլոր իշխանություններից դժգոհ «պողոսները», որոնք զուրկ լինելով տարրական գիտելիքներից ու տրամաբանությունից, իրենց բոլոր զրկանքների մեջ մեղադրում էին «նախկին» իշխանություններին, և 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի կողմից իրականացվող «ատելության խոսքի» հիմնական «սպառողներն» են։ Այս «լյումպեն» զանգվածն է հենց բոլոր ժամանակների հեղափոխությունների ամենավտանգավոր հատվածը, որը, գտնվելով հասարակական աստիճանակարգման ամենաստորին մակարդակում, ունի ամենաագրեսիվ վարքագիծը, հատկապես կյանքում հաջողություններ արձանագրած խավերի նկատմամբ, և կարծում է, որ այդ հաջողություններին մարդիկ հասել են ոչ թե քրտնաջան ու հետևողական աշխատանքով և գիտելիքներով, այլ «իրենց հաշվին»։ Այս «Շարիկովները» ամենամեծ վտանգն են և ակտիվորեն շահագործվում են իշխող խմբի կողմից։
8. 4-7-րդ խմբերին պատկանող, ժամանակին Հայաստանից հեռացածների մի մասը, որն առաջինը ինքն իրեն, այնուհետև նաև իր շրջապատին փորձում է համոզել, որ Հայրենիքը լքելու պատճառը «նախկիններն» են, որ իրենք իրենց «քաղաքական այլախոհության» պատճառով հետապնդվել են «նախկին ռեժիմի» կողմից։ Սրանք ևս շատ ագրեսիվ վարք են դրսևորում, ամեն կերպ փորձելով իրենց նվիրվածությունը ցույց տալ «ներկաների», մեղադրելով «նախկիններին» մահացու բոլոր մեղքերի մեջ։
9. Սփյուռքահայերի մի զգալի հատված, որը հավատացել է «նախկին» ռեժիմին՝ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրող 20 տարվա անհիմն, բայց նաև «նախկին բռնատիրական ռեժիմի» կողմից որևէ կերպ չխոչնդոտվող պրոպագանդային, և անկեղծ, բայց զգուշավոր հավատ ունի ներկաների նկատմամբ։ Միևնույն ժամանակ նրանք, զգացական մոտեցում ունենալով դեպի Հայաստանը, այն չեն ընկալում որպես երկիր, որտեղ կա քաղաքական համակարգ, գործում են հասարակական հարաբերությունների և քաղաքական պայքարի նույն օրինաչափությունները, ինչ իրենց ապրած երկրներում, և ակնկալում են, որ բոլորը, անկախ հայացքներից, գաղափարներից կամ ապագայի վերաբերյալ պատկերացումներից, պետք է լինեն «իշխանության կողքին», Հայաստանում վիճակը փոխելու համար։ Մի խոսքով՝ լավ եղեք, որ լավ լինի, սա է այս խմբի «տրամաբանությունը»։

Ինչպես տեսնում ենք Նիկոլին աջակցող խմբեր դեռ կան, բայց նրանց տեսակարար կշիռը այն աստիճան սահմանափակ է, որ Նիկոլի իշխանությունն այլևս չի ներկայացնում ողջ հասարակության պատկերը և օր առաջ պետք է կազմակերպի արտահերթ ընտրություն, որի արդյունքում կձևավորվի այս պահին հասարակության տրամադրություններին համապատասխանող նոր որակի, նոր քաղաքական կառուցվածք ունեցող իշխանության։ Սա է այս վտանգավոր դիսբալանսից առանց կորուստների դուրս գալու միակ ելքը։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը