Մեկնաբանություն

21.06.2020 11:05


ՍԴ-ի վրա փաշինյանական հարձակման հերթական արարի նրբերանգներից

ՍԴ-ի վրա փաշինյանական հարձակման հերթական արարի նրբերանգներից

Սահմանադրական դատարանի վրա «թավշյա», եթե կուզեք՝ «քայլական» իշխանության հարձակման հերթական արարը ոչ անսպասելի է, ոչ էլ, ինքնին, մի առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող:

Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանի գործող կազմը «ցրելը» և իր մանկլավիկներին նշանակելը Նիկոլ Փաշինյանի կայուն մտասևեռումն է: Նույնքան ակնհայտ է, որ քինախնդրական իր գործելակերպով նա ամեն գնով ձգտելու է դրան: Բուն այդ մտասևեռման մեջ իսկապես, արդեն հետաքրքիր քիչ բան կա: Թեկուզ այն պատճառով, որ արդեն մեկ տարի է, ինչ Փաշինյանի այդ մտասևեռումն ակտիվորեն ու ամենատարբեր եղանակներով դրսևորվում է ու արծարծվում: Անցած մեկ տարվա ընթացքում ինչեր ասես, որ չկատարվեցին այդ մտասևեռման հողի վրա. օրինակ, փաշինյանական իշխանության «յուրայինի» ՍԴ դատավոր նշանակել, որ գործի չի հաճախում, բայց լավ էլ բարձր աշխատավարձ է ստանում, ասում են, նաև՝ պրեմիաներ: Բայց դա այնպե՜ս, թեթև մանրուք է այն թունավոր ու անձնավորված հարձակման համեմատ, որ դրսևորվեց իշխանության կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների դեմ: ՍԴ մյուս դատավորներին էլ «բաժին հասավ» Փաշինյանի հրահանգով ու անմիջական մասնակցությամբ շաղ տրվող թույն ու մաղձից: Ինչ ասես, որ փաշինյանականները չասացին այդ մարդկանց, ոլորտի՝ արժանիորեն հարգված ներկայացուցիչների հասցեին: Բայց ՍԴ դատավորները ապացուցեցին, որ իրենք ճիշտ տեղում են և չընկրկեցին այդ խայտառակ, իշխանության բոլոր մարմինների ու ներկայացուցիչների ներգրավմամբ ու մասնակցությամբ կազմակերպված ատելության, մաղձի, սպառնալիքների տեղատարափի, անգամ՝ «օրինականացված կաշառքի» առաջ:

Չնայած այդ կետից արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանը հոգեբանական ու գաղափարական առումով ջախջախիչ պարտություն է կրել: Նա, արդարացնելով որ դա մտասևեռում է և «հեղափոխական» կապրիզ, շարունակեց նույն «գիծը տանել»:

Գիտեք, հանրաքվե «հրահրեցին»: Հետո արդեն սկսեցին մտածել, թե ինչպես հանրաքվեի տակից դուրս գան և այն չեղարկեն: Հետո սկսեցին մտմտալ այն մասին, որ պարզապես մի օրենք ընդունեն՝ ՍԴ գործող կազմը լուծարեն, ըստ էության, և՝ վերջ:

Իսկ այս, եթե կարելի է ասել՝ «նրբերանգները» արդեն որոշ հետաքրքրություն պարունակում են:

Նախ, իհարկե, հարց է ծագում. եթե փաշինյանական իշխանությունը կարծում էր, որ կարելի է պարզապես 1 օրենքի նախագիծ դակել «ԱԺ-87» ՍՊԸ-ում, ապա էլ ինչի՞ համար էր այդ «այո»-հանրաքվեային շփոթը հրահրվում: Ինչո՞ւ էին դրա համար նկատելի միջոցներ հատկացվում, անգամ՝ կուսակցական հարկահավաք-հանգանակություն նախաձեռնեցին: Ի դեպ, այդ միջոցներն ի՞նչ եղան, դրանք կարող էին ինչ-որ տեղ օգտակար լինել կառավարությանը՝ կորոնավարակի դեմ պայքարում, եթե իրենց խառնիխուռն գործողությունները կարելի է պայքար բնորոշել:

Ավելին, մի իրավիճակում, երբ կորոնավարակը, իրենց իսկ հրապարակած քարտեզի համաձայն, կներեք՝ ծփում է երկրով մեկ, ինչի համար Փաշինյանի իշխանությունն ուղղակի պատասխանատվություն է կրում և ենթակա է պատասխանատվության, իրենք նորից սևեռվել են Սահմանադրական դատարանը զավթելու վրա:

Դե իհարկե, դա չէ՞ որ այսօր Հայաստանի ամենից հրատապ, օրախնդիր հարցն է: Քաղաքացիները ոչ մի կերպ չեն կարողանում հանգիստ քնել, և առանց դիմակ էլ մի տեսակ լավ չեն շնչում, քանի որ... Սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի կամակատարները չեն:

Կոնկրետ իշխանության ղեկին գտնվողների համար դա, միգուցե և հրատապ է: Ի վերջո, ՍԴ-ն մեկ էլ տասար՝ բռնեց ու հակասահմանադրական ճանաչեց բանկային գաղտնքի վերաբերյալ իշխանության սղեցրած օրենքը: Կամ էլ՝ մեկ այլ բան: Այո՛, Փաշինյանի համար՝ անձնական ու խմբային շահերից ելնելով, միգուցե դա հրատապ հարց է: Բայց ի՞նչ կապ ունի դա այսօր հասարակությանն ու ժողովրդին հուզող հարցերի, առողջապահական, սոցիալական ու տնտեսական խնդիրների հետ: Թեպետ, հասարակությանը հուզող խնդիրների ու հարցերի, սպառնալիքների առաջ մեն-մենակ թողնված և իշխանության ուղղորդած լուտանքի ու մեղադրանքի «արժանացող» ժողովրդի հետ այս իշխանությունն ինքն էլ արդեն համարյա թե կապ չունի:

Հա, Վենետիկի հանձնաժողովի մասին:

Շատ բնութագրական է, որ հենց այս իշխանությունը, որ Վենետիկի հանձնաժողովն ու այդ փորձագիտական հեղինակավոր եվրոպական կառույցի ղեկավարին ուղղակիորեն մեղադրեց կաշառակերության և կոռուպցիայի մեջ, որոշ ժամանակ անց ահա նույն իշխանությունն ինքը դիմեց նույն այդ հանձնաժողովին:

Հետո, երբ արդեն պատասխանն ստացան, նորից սկսեցին իշխանական ճամբարից հին երգեր հնչել, թե՝ այդ հանձնաժողովը ինչ-որ վերադաս կա «պոլիտբյուրո» չէ, որ անպայման իր ասածն անեն, այս, այն: Էհ, չդիմեիք: Դիմել եք, մասնագետներն էլ պատասխանել են՝ այսպես ու այսպես. ձեր նախատեսած նախագիծը չի համապատասխանում մեր խորհուրդներին կամ ռեկոմենդացիաներին:

Բայց դե՝ ո՞ւմ են ասում: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովին դիմելը Փաշինյանի իշխանության համար զուտ ձևական գործողություն էր: Այն իմաստով, որ վաղը, մյուս օրը ասեն՝ ահա, այդ հանձնաժողովին էլ դիմեցինք, ապա՝ իրենց ուզած տարբերակով շուռումուռ տան հանձնաժողովի պատասխանները:

Դժվար է պնդել, մանավանդ, եթե սնահավատությունից հեռու ես, բայց որ պահին որ Փաշինյանը վերադառնում է իր հակասահմանադրական սևեռմանը և ագրեսիվ գործողությունների է դիմում ՍԴ դեմ, մեր ընթացիկ իրականության մեջ մի ընդհանուր գլխացավանք-խնդիր է ի հայտ գալիս: «Այո»-ն հեծնած սլանում էին հանրաքվեի, մեկ էլ՝ կորոնավիրուսն ասաց, այդ ո՞ւր առանց ինձ:

Թան ըմպեք: Ամառ է: Բացի այդ, ասում են՝ թանը հանգստացնում է նյարդերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը