Մեկնաբանություն

19.06.2020 21:21


Հայ–ռուսական խոշոր սկանդալ. ինչու Փաշինյանը չի մեկնում Մոսկվա

Հայ–ռուսական խոշոր սկանդալ. ինչու Փաշինյանը չի մեկնում Մոսկվա

2018–ի քաղաքական զարգացումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու։ Այսինքն՝ պահպանվելու են հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանն այս հարցում էլ խաբեց ՀՀ քաղաքացիներին և դավաճանեց հարթակից հնչեցրած խոստումներին։

Մենք հիմա Ռուսաստանի հետ ունենք ամենացածր հարաբերությունների մակարդակը մեր հետանկախական ամբողջ շրջանում։

Փաշինյան–Պուտին հարաբերությունները չստացվեցին։ ՌԴ–ի հետ այժմ եթե ոչ թշնամական, ապա լարված կամ առնվազն սառեցված հարաբերություններ են հաստատվել։ Պատճառները Երևանում է պետք փնտրել։

Փաշինյանը գերադասում է իր կապրիզներով առաջնորդվել, այլ ոչ թե պետական շահով։ Կա նաև «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերի պահանջը՝ գնալ հայ–ռուսական հարաբերությունների խզման, ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի դուրս բերման, Արցախի հարցում շուտափույթ զիջումների։ Նպատակը՝ Հայաստանը արևմտաթուրքական ուժերի ազդեցության տակ մտցնելն է։

Փաշինյանի նեղ անձնական շահի ու դրսի ուժերի բավարարման դիմաց մեր երկրի քաղաքացիները բազմաթիվ վնասներ են կրում, այդ թվում՝ անվտանգային հարցերում։

Մենք սկանդալը սկանդալի հեևից ենք ստանում հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր եղավ ևս մեկը։ Խոշորը։

Փաշինյանը հայտարարեց, որ համաճարակի պատճառով չի կարող մասնակցել Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Բոլորի համար էլ պարզ է, որ համաճարակը ֆորմալ պատճառ է, այլ ոչ թե իրական։ Փաշինյանի համար համաճարակը երբեք էլ խոչընդոտ չի եղել՝ սեփական քաղաքական հաշվարկները կյանքի կոչելու համար։ Հիշենք հանրաքվեն. համաճարակը տարածվում էր, բայց նա բազմամարդ հավաքներ էր կազմակերպում ու «այո» քարոզում՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը։

Համաճարակն, ըստ այդմ, պատճառ չէ։ Ավելին՝ Փաշինյանը նույնիսկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում բուժվեց կորոնավիրուսից, որպեսզի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառմանը։

Հիմա նա ասում է, որ կորոնավիրուսի պատճառով չի գնա։ Նշանակում է, որ կա՛մ իրեն Մոսկվայից հասկացրել են, որ չեն սպասում, կա՛մ ինքն է որոշել դեմարշ անել և Հայաստանը վերջնականապես դարձնել հակառուսական տարածք՝ այդտեղից բխող բոլոր ցնցումային հետևանքներով։ Երկու դեպքում էլ շատ վատ է։

Դատելով ամենից՝ Մոսկվայում շատ վատ են արձագանքել ՀՀ խորհրդարանի միակ ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժի նկատմամբ իշխանությունների հարձակումները։ Դրանից առաջ էլ շատ վատ էին արձագանքել հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից մեկի՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների թեմայով։

Կրեմլում, մեր ունեցած տեղեկություններով, մերժել են Նիկոլ Փաշինյանի խնդրանքն առանձնազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ՝ հասկացնելով, որ նրա հետ քննարկման օրակարգ չունեն և առանձնապես չեն սպասում։ Փաշինյանի վերջին ճիգը՝ արժանանալ Պուտինի ընդունելությանը, Ռ. Քոչարյանին աննախադեպ բարձր գրավի դիմաց արձակելու որոշումն էր, բայց Կրեմլից նրան փոխանցեցին, որ գնացքն արդեն գնացել է և իրենք կեղծ արցունքների չեն հավատում։

Դրանից հետո Փաշինյանին այլ բան չէր մնում, քան դեմքը փրկելու կամ դեմարշ անելու համար հայտարարել, որ չի մեկնում Մոսկվա։

Ի դեպ, Մոսկվա չի գնում նաև Փաշինյանի սիրելի Ալիևը։ Վերջինս աշխարհի միակ ղեկավարն է, որի մասին Փաշինյանը բացառապես դրական է արտահայտվում, որի հետ գրեթե լիակատար փոխըմբռնում ունի, և որի հետ հույսեր է կապում։

Մյուս առումներով խայտառակ ձախողումներ են։ Հայաստանը միացել է հակաչինական կոալիցիային, մենք չունենք օրակարգ ԱՄՆ–ի հետ, քննադատվում ենք եվրոպաներից, թշնամացել ենք ռուսների հետ, հասել ենք այն բանին, որ Իրանում հակահայկական ցույցեր են տեղի ունենում, իսկ Վրաստանից տեղն են դնում մեր տխրահռչակ առողջապահության նախարարին։

Արտաքին քաղաքական առումով մենք իզգոյ երկիր ենք դարձել։ Սա Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության ու հեղափոխության դրսի փայատերերին բավարարելու ցանկության դրսևորում է, որի համար ՀՀ–ն ու Արցախը կարող են շատ ծանր գին վճարել։

Փաշինյանի հեռացումն, ըստ այդմ, քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է դառնում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը