Մեկնաբանություն

20.06.2020 08:55


Տղամա՛րդ են, խոսքի տերն են` թախտի տակից դուրս չեն գա

Տղամա՛րդ են, խոսքի տերն են` թախտի տակից դուրս չեն գա

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված անհեթեթ մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժող կողմի ներկայացուցիչները, որոնք իրենց «շահաբաժինն» ունեն Մարտի 1-ից` բյուջեից դուրս գրված կլորիկ փոխհատուցումների տեսքով, մնում-մնում` մուննաթ են գալիս պաշտպանական կողմի վրա։

Թե բա` Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպաններն արհեստականորեն ձգձգում են դատավարությունը` իրացնելով քրեադատավարական օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները. անընդհատ միջնորդություններ են ներկայացնում, վիճարկում նախագահին անպայման փակի տակ պահելու իրավաչափությունը, չեն թողնում գործը գնա առաջ և մտնի դատաքննության փուլ։ Որովհետև, իբր`խուսափում են առարկայական քննարկումներից, չեն ուզում`աչքը ճամփին սենսացիոն «բացահայտումների» սպասող հպարտ քաղաքացին իմանա ողջ ճշմարտությունը Մարտի 1-ի մասին։

Իրե՛նց ուզածն այն է, որ նախագահը տարիներ շարունակ, գտնվելով անազատության մեջ, մասնակցի Մարտի 1-ի բացահայտման հետ, մեծ հաշվով, առնչություն չունեցող խեղկատակությանը, որի անունը «դատաքննություն» են դրել։ Այսինքն` գործում որպես վկա ներգրավված անձինք` մոտ 800 հոգի, որոնց 98 տոկոսը տեղյակ էլ չէ, թե ինչի մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին (կարծում են`նախագահին «դատում» են 10 սպանությունների, ոչ թե սահմանադրական կարգը «տապալելու», ասել կուզի`սահմանադրական կարգը Լևոնի, Նիկոլի և մյուսների «դիվերսիոն գործողություններից» պաշտպանելու`բռնի հեղաշրջման փորձը կանխելու համար) 5-6, 7 տարի, իրար հերթ չտալով, ինչ-որ «լոլոներ» պատմեն իրենց տեսածի ու լսածի մասին, պաշտպանական կողմն էլ լուրջ դեմքով «տմբտմբացնի գլուխը»։

Բայց փաստաբանական խումբը, որքան էլ «տարօրինակ» է, չի ընդունում խաղի այդ կանոնները` համաձայն չէ, որ ի հեճուկս Սահմանադրության մի շարք դրույթների՝ այդ թվում` նախագահի անձեռնմխելության ինստիտուտի, ընտրված խափանման միջոցը` կալանքը, օգտագործվի որպես պատժամիջոց` երկիրը 10 տարի ղեկավարած անձին առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի ազատազրկելու գործիք։ Այն էլ` ամորֆ, անհասկանալի մի մեղադրանքով, որի իրավական որոշակիության և սահմանադրականության հարցը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Ավելին`խնդրահարույց է համարվել Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի մակարդակով։

Իրականում ամեն ինչ շատ պարզ է. գործը տեղից չի շարժվում, որովհետև մեղադրող կողմին դա պետք չէ։ Հե՛նց նրանք են խանգարում, որ «շոուն» հունի մեջ մտնի։ Դատական գործընթացը խոչընդոտող միակ բանը դատախազության (կամ, որ նույնն է`Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու մտքից «ֆազերը գցող» Փաշինյանի) համառությունն է։ Ողջամտության բոլոր սահմաններն անցնող պնդաճակատությունը, որով «դոշ են տալիս» կալանքն անփոփոխ թողնելու համար` նորից ու նորից բողոքարկելով ցանկացած որոշում, որ չի տեղավորվում այդ «գծի» մեջ, պատժիչ գործողություններ սկսելով բարձր վարկանիշ ունեցող («չվնգստացող») ցանկացած դատավորի դեմ, որ իրեն դատավորի պես է պահում` առաջնորդվում է օրենքով, և «բարձրյալի» կամքը սուսուփուս կատարելու փոխարեն`արդարադատություն է իրականացնում։

Վերջին 2 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ դատարանը, այս դեպքում` Վերաքննիչ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց (թեկուզև չարդարացված մեծ` 2 միլիարդ դրամ գրավի դիմաց)։ Եվ երրորդ անգամ Նիկոլի սրտի դատախազությունը, դատական ակտի թանաքը չչորացած, «ափալ-թափալ» հանդես եկավ հայտարարությամբ` զոմբիներին աչքալուսանք տվեց, թե դա լինելու բան չէ. աշխարհն էլ շուռ գա, Քոչարյանը պետք է նստի` «հեսա-հեսա» պատրաստվում ենք դիմել վճռաբեկ դատարան ու բողոքարկել որոշումը։ Երևի մեր Վիշինսկին դեռ հույսը չի կորցրել, որ Քոչարյանին փակի տակ պահելու պատվերը «մինչև վերջ» տանելու դեպքում կարող է պահպանել գլխավոր դատախազի պաշտոնը։

Իհարկե, չկա երաշխիք, թե Վճռաբեկ դատարանն այս դեպքում էլ չի բեկանի Վերաքննիչի որոշումը և գործը չի վերադարձնի «ի շրջանս յուր». Նիկոլի սրտի «համակարգիչը» միշտ էլ կարող է գտնել «վնգստացող» մեկին, որ առանց աչքը թարթելու կանի այն, ինչ Նիկոլը ուզում է։

Բայց եթե գործընթացն էլի հայտնվի տեղապտույտի մեջ, թո՛ղ «դրսում» մեղավորներ չփնտրեն. ցանկացած անաչառ «դիտորդ» տեսնում է և հասկանում, որ ոչ թե պաշտպանական կողմը, այլ հենց իրենք են ձգձգում դատական գործընթացը` Քոչարյանի փաստաբանական խմբին ներքաշելով կալանքի հետ կապված անվերջանալի միջնորդությունների, անպտուղ վիճաբանությունների դաշտ։ Խաչն իրենցն է, իրե՛նք գիտեն` գործը ջուր է։ Թափ տաս` տակը բան չի մնա, բացի «սահմանադրական կարգի տապալման» վերաբերյալ անհիմն դատողություններից, սուբյեկտիվ գնահատականներից և անապացույց պնդումներից։

Եթե իրոք շահագրգռված են, որ սայլը տեղից շարժվի, ստիպված են համակերպվել Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու փաստի հետ և թույլ տալ` դատական պրոցեսը գնա առաջ, ժողովուրդն էլ տեսնի, թե ինչպես են Նիկոլի «նոր» Հայաստանում գործ կարում քաղաքական հակառակորդի վրա, որից վախենում են, որի մեջ վտանգ են տեսնում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը