Մեկնաբանություն

19.06.2020 15:45


Համարյա ինչպես հի՜ն, ռաբիս երգում. «Դիմակ, դիմակ, դիմակ էլ կստանա՜ս...»

Համարյա ինչպես հի՜ն, ռաբիս երգում. «Դիմակ, դիմակ, դիմակ էլ կստանա՜ս...»

Ինչ ասես, որ չեն տվել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը «հպաաա՜րտ ժողովրդին»: Ինչ ասես: Հատկապես վերջին ժամանակներս: Է՛լ մի 18 հատ սոցաջակցության ծրագիր, է՛լ կորոնավիրուսով պայմանավորված նեղություն, է՛լ թամաշաներ:

Հա, այսինքն, կներեք, այո՛, բուկլետներ էլ են տվել: Անձամբ Փաշինյանը չէ, բայց փաստ է, որ բաժանվել են հակակորոնավարակային տեղեկատվական բուկլետներ: Ո՞վ կհամարձակվի ժխտել այս «հարյուրյակային» փաստը:

Անձամբ Նիկոլ Փաշինյանը նախատինք էլ է տվել: Օրինակ՝ «առողջ տղամարդ ես, ուրիշին ես ասում՝ տան հարցդ լուծի» (հետո կպարզվի, որ մարդը վատառողջ էր, ներողություն, տուն, նորոգում):

Թուքումուր էլ է տվել (նախատինքից մի քիչ ավելին է), թե՝ ժողովուրդն է մեղավոր, որ ես եմ վարչապետ, ժողովուրդն է մեղավոր, որ կորոնավարակը տարածվում է, ժողովուրդն է մեղավոր: Պարզապես մեղավոր է, ու՝ վերջ:

Ինչ ասես, որ չի տվել: Քաղաքադատական սերիալներ, խորհրդարանի դահլիճում՝ տեսարաններ: Հա, քաղաքացիներին լի ու բոլ տուգանվելու և վերը հիշված աջակցության ծրագրերը տուգանքներով ֆինանսավորելու հնարավորություն է տվել: Իսկ դուք ասում եք:

Այն օրն էլ դիմակ էր Փաշինյանը տալիս: Այսինքն՝ բաժանում էր: Զորեղ տեսարան էր, ինչ խոսք: Համարյա ինչպես հի՜ն, ռաբիս երգում, հասակակիցներս կմտաբերեն. «Դիմակ, դիմակ, դիմակ էլ կստանաս...»: Ճիշտ է, բնօրինակում խոսքը նամակի մասին էր: Բայց դե՝ իրողություն է փոխվել, ի վերջո:

Ճիշտ է, երբ նախօրեին գրում էի, թե քանի՞ միլիոն դիմակ եք բաժանել, ազնիվ պիոներական, ամենևին նկատի չունեի, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը ելնի փողոց ու անձեռնոց ձեռքերով դիմակներ բաժանի մարդկանց: Իմ ասածը մի փոքր այլ բանի մասին էր: Բայց դե նվիրած դիմակի շերտայնությանը չեն նայում:

Մի խոսքով, կատարվեց Պողոսիս վարդագույն երազանքը. անձամբ հենց Նիկոլ Փաշինյանից, 6-7 օրում անձամբ կորոնավարակին «քը՛շ» արած վարչապետից հակավարակային դիմակ ստացավ: Ափսոս, լավ չերևաց, դիմակը թաշյա՞ է, վրան գրա՞ծ է՝ «դուխո՛վ» կամ, ենթադրենք, «այո՛»: Բայց դա կարևոր չէ: Կարևորը դիմակն է: Եվ, եթե այն ստացողները մտադիր չեն այդ դիմակը պինդ պահել, որպեսզի հետո հանձնեն «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» թանգարան, այլ մտադիր են կրել, համենայն դեպս, թող ախտահանեն և հետո դնեն: Ինչպես խոսակցականով օտարերեն ասում են՝ նա վսյակի, էլի:

Իսկ առհասարակ, հունիսի 18-ը բաժանվող դիմակների նման թեթև օր չէր իշխանության ղեկին հայտնված բախտա-արկածախնդիր ռեժիմի համար: Ավելի շուտ հակառակը՝ ծանր օր էր, ցավոք, ինչպես ծանր է կորոնավարակի տարածման առումով երկրում ստեղծված իրավիճակը:

Հա, դիմակի մասին: Առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնողն էլի բոլորին խառնեց իրար ու շփոթության մեջ գցեց: Թե՝ կտորից դիմակ մի՛ դրեք: Ոչի՞նչ, որ ոչ այնքան վաղուց նրա ղեկավար Փաշինյանը հորդորում էր թեկուզ տան պայմաններում, ձեռքի տակ եղած կտորեղենից դիմակներ պատրաստել ու կրել: Հիմա ասում են՝ «չէ՛, կտորից դիմակը սխալ է, մի դրեք...»: Սա «կորոնավիրուսն ում շունն է» շարքի հերթական գլուխկոնծիներից է, թերևս:

Ի՞նչ պիտի մտածի միջին վիճակագրական օրինապահ քաղաքացին: Ճիշտ է, այն, ինչ անցավ շատերի մտքով. «Սրանք մեզ ձեռ են առնում»: Ըստ որում, առանց հարցականի:

Իսկ օրը ծանր էր:

Երեկոյան էլ նույն «կորոնանախարարը» վարակված-մեկուսացվածների քարտեզ հրապարակայնացրեց: Երևի, որ տուգանքի մատերիալի վերածված, ամենինչիմեջմեղավոր «սիրելի ժողովուրդը» զգաստանա: Ժողովրդի տարբեր զավակներ ոչ միայն չզգաստացան, այլև բացահայտորեն ու դավաճանաբար սկսեցին հռհռալ, քանի որ ըստ այդ քարտեզի, պարզվեց՝ մի քանի տասնյակ հայրենակից գերեզմանատներից մեկում է «ինքնամեկուսացվել», իսկ մեկը, անգամ զբոսայգիներից մեկի լճակում: Դե, երևի թավշյա, ոչ բռնի, ադամանդակուռ սուզանավի մեջ ու մաքսանենգային ծխախոտատուփերով:

Դե, ինչպես ծանր օր չլիներ սիրելի վարչապետի համար: Իբր ամեն ինչ հարթ ու սահուն էր, Սահմանադրական դատարանը բանկային գաղտնիքի մասին իշխանության փոփոխությունների օրենքը բռնեց ու, գրիչի ճտիկն իսկ չճտացնելով, հակասահմանադրական ճանաչեց: ԲԴԽ-ում էլ ոնց որ «թարս» ընթացավ անհնազանդ դատավորներից մեկին «սամասուդի» ենթարկելու իշխանական հանձնարարական-առաջադրանքը:

Ու, իբր այդքանը քիչ էր, դեռ մեկ այլ դատավոր էլ որոշեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ճիշտ են, իսկ Փաշինյանին ենթարկված դատախազներն ու «վեթթինգված» նախորդ ատյանի դատավորը՝ սխալ: Կարճ ասած՝ դատարանը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պետք է դադարեցնել:

Զարմանալի է, որ կեսգիշերին հերթական նյարդագրգիռ «լայվ» չկախվեց օդում:

Բայց դե, ամեն ինչ դեռ առջևում է: Ասել կուզի՝ դեռ ինչե՜ր են լինելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը