Կարծիք

30.03.2011 22:48


Անհանդուրժո– ղականություն եւ ատելություն

Անհանդուրժո– ղականություն եւ ատելություն

Անհանդուրժողականությունը, ատելությունը, թշնամանքը որեւէ լավ բանի չեն հանգեցնի: Իսկ երբ անհանդուրժողականությունը եւ ատելությունն ամենուր է, ապա պետք է արձանագրենք, որ երկիրը բավական ծանր վիճակում է:

Որքան էլ դժվար է ընդունելը, բայց անցած դարի երեսունականների սկզբին Գերմանիայում եւս նման իրավիճակ էր: Նման իրավիճակ էր նաեւ Խորհրդային Միությունում` գրեթե նույն ժամանակահատվածում: Անհանդուրժողականությունը ծնեց ֆաշիզմ եւ ստալինիզմ: Ֆաշիզմի եւ ստալինիզմի զոհեր դարձան միլիոնավոր մարդիկ:

Սկզբում սկսվեց անհանդուրժողականություն արտահայտող ելույթներից, ատելություն սերմանող հոդվածներից, թշնամական վերաբերմունքից: Հետո հայտնվեցին համակենտրոնացման ճամբարները: Հետո սկսվեց համաշխարհային պատերազմը:

Հիմա կասեք, թե ինչ կապ ունի այս ամենը մեր երկրի` Հայաստանի հետ: Եթե մի փոքր ուշադիր լինենք եւ տեսնենք, թե ինչ է մեր շուրջը կատարվում, ապա կհասկանանք, որ լավ էլ ունի: Բավական է հետեւել մամուլի հրապարակումներին, բավական է լսել որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, եւ պարզ կլինի, որ Հայաստանում այսօր իշխում է անհանդուրժողականությունը, թշնամանքը եւ ատելությունը: Ընդ որում, ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանողների գերակշիռը մասը վստահ է, որ նա հայրենանվեր գործ է անում: Այդպես էին մտածում նաեւ Հիտլերի եւ Ստալինի կողմնակիցները, նրանք, ովքեր հոդվածներ կամ նամակներ էին գրում, պահանջելով պատժել Մեծ ռայխի կամ կոմունիզմի թշնամիներին: Այդպես էին մտածում նրանք, ովքեր մատնում էին իրենց հարեւանին, հորեղբորը կամ հորը, որոնք տանն ընդամենը հրեա գրողի գիրք են ունեցել կամ տանիքում մի քանի պարկ ալյուր կամ մի քանի տախտակ:

Հիմա ոմանք անարգանքի սյունին են գամել Րաֆֆի Հովհաննիսյանին միայն նրա համար, որ նա համարձակվել է առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու հացադուլ անել: Քննադատությունների տարափ է տեղում նաեւ նրանց հասցեին, ովքեր համարձակվում են իրենց աջակցությունը հայտնել Հովհաննիսյանին: Անհանդուրժողականության մթնոլորտն այնպիսին է, ատելությունն այն աստիճան է, որ գրեթե շատ պարզ ասում են, որ եթե Րաֆֆին հացադուլը չի համաձայնեցրել Կոնգրեսի հետ, ուրեմն նա այդ քայլին դիմել է վարչախմբի հանձնարարությամբ:

Անհանդուրժողականության կրողները կարող են ժողովրդավարություն կառուցել, իհարկե` ոչ: Չեն կարող ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել նաեւ վարչախմբի ներկայացուցիչները, ովքեր անհանդուրժող են ազատ խոսքի նկատմամբ, ովքեր սեփականաշնորհել են երկրի կառավարումը, ովքեր թշնամանքով են վերաբերվում իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ուժերի նկատմամբ:

Այս իրավիճակն այնքան է խորացել, որ անգամ ցանկանում են մենաշնորհ սահմանել վարչախմբին քննադատելու կամ առաջարկություններ անելու ոլորտներում:

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ հայտնի բռնցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի կալանավորմանը: «Կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց ես՝ որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր եմ այդ հարցով մտահոգ լինել, և որպես օլիմիպիական կոմիտեի նախագահ՝ ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետև ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է»,- ասել է Ծառուկյանը: Ամենատարօրինակն այն է, որ այս հայտարարությունը չնկատվեց վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից: Չնկատելու տվեցին նաեւ կոնգրեսական կոչված լրատվամիջոցները: Սա եւս ապացուցում է, թե ինչ ահավոր անհանդուրժողականության մոթնոլորտ է տիրում մեր երկրում: ԲՀԿ նախագահը բավական կարեւոր հայտարարություն է անում, բայց նման վերաբերմունքի արժանանում։ Իսկապես, ոմանց թվում է, թե ի պաշտպանություն Սամսոնի հայտարարություններն իրենց մենաշնորհն է:

Մեկ այլ վառ օրինակ: Ժառանգությունը կազմակերպեց քննարկում, որին մասնակցեցին հայտնի քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, փորձագետներ: Մարդիկ պարզապես արձագանքել էին Րաֆֆի Հովհաննիսյանի մտահոգություններին և քննարկել էին երկրում տիրող վիճակը։ Եւ ինչ հիստերիա սկսվեց դրանից հետո: Թերթեք մամուլի էջերը եւ այնտեղ, մեղմ ասած, անհանդուրժողականության կհանդիպեք: Հավաքի մասնակիցներին քիչ է մնում մեղադրեն հայրենիքի դավաճանության մեջ: Հիմա սպառնալիքներ են արդեն հնչում բոլոր նրանց հասցեին, ովքեր մասնակցել են այդ հավաքին եւ հանդգնել ելույթ ունենալ: Եւ այս ուժը ուզում է հավատցնել, թե պայքարում է ժողովրդավարության հաղթանակի համար: Կներեք, բայց այլեւս չենք հավատում:

Նույն անհանդուրժողականության, ատելության եւ անառողջ մթնոլորտի մասին են վկայում նաեւ այն լուրերը, թե իբր Ծառուկյանը հապշտապ ընտանիքի անդամների հետ լքել է Հայաստանը:

«Հենց այդ լուրեր տարածողներն են այդպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են այդպիսի բաների։ Ես մեծ կոլեկտիվ ունեմ, 25 հազ. աշխատողով, պատասխանատու եմ կոլեկտիվի առաջ, Օլիմպիական կոմիտեի առաջ,  պատգամավորների առաջ, կուսակցականների առաջ, մարզաշխարհի առաջ։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք պետք է կարգավորենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ»,- հայտարարեց Ծառուկյանը և այս հայտարարությունը եւս անուշադրության մատնվեց: Անհանդուրժողականության այս մթնոլորտում սա անականկալ չէր:

Հիշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ, ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ էլ, որոնք այսօր գովեստի խոսքեր են շռայլում կոնգրեսի հասցեին, ասում էին, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր ընտանիքի հետ լքելու Հայաստանը: Ժամանակը անցավ, Տեր-Պետրոսյանը մնաց Հայաստանում, բայց նա, ով սուտ լուրեր էր տարածում այդպես էլ ներողություն չխնդրեց: Հիմա նա անհանդուրժողականությունն այլ տեղ է ուղղել: Եւ նա մենակ չէ: Այսօր շատ են նրանք, որոնք իրենց լավ են զգում անհանդուրժողականության եւ հատվածապաշտության դաշտում եւ ամեն ինչ անում են այս իրավիճակը խորացնելու համար:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը