Մեկնաբանություն

19.06.2020 12:55


Ղազագիրը և Ծառուկյանի փողերի վկաները

Ղազագիրը և Ծառուկյանի փողերի վկաները

Այս օրերին շատ է խոսվում ղազագրի ու փողով ընտրությունների մասին։ Ղազագրեր ու ընտրակաշառքներ, բնականաբար, եղել են տարիներ շարունակ։ Բոլորս գիտենք այդ մասին։ Բայց գիտենք նաև, որ դա միայն ԲՀԿ–ին չի վերաբերում։

Փաշինյանը «մոռացել» է, որ «Ելք» դաշինքը, որի մաս էր կազմում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ առանց իշխանական աջակցության է հայտնվել խորհրդարանում, այսինքն՝ գործ ունեինք քաղաքական կոռուպցիայի հետ։

ԲՀԿ–ի վրա այժմ Փաշինյանը հարձակվել է, քանզի քաղաքական խնդիր կա, այլ ոչ թե այն պատճառով, որ ցանկություն կա բացահայտել ընտրախախտումները։ Եթե ընտրախախտումների բացահայտման հարց լիներ, ապա առաջինը ՀՀՇ–ականներն ու անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է քրեորեն հետապնդվեին 1995–ի ու 1996–ի ընտրությունների համար։

Այս օրերին խոսվում է նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին ենթակա «Իմ քայլը» դաշինքում կան բազմաթիվ ուտող–ուրացողներ, որոնք ժամանակին Ծառուկյանից նվեր կամ փող են ստացել, բայց դարձան «87 փոքրիկ նեգրեր» ՍՊԸ անդամներ։

Ղազագիրը, ընտրակաշառքը և ուտել–ուրանալը, սակայն, ունի շատ ավելի «վառ» կողմեր, քան մենք տեսնում ենք հիմա։

Բանն այն է, որ Ծառուկյանին շատ ավելի զրնգուն ղազագիր է ներկայացրել ու նրա փողերի շնորհիվ պատգամավոր դարձել Նիկոլ Փաշինյանը՝ «չերեզ» Լևոն Տեր–Պետրոսյան։

Հիմա ամեն ինչ հերթով, շարքով, կարգով։

Փակված զուգարաններից դեպի առյուծի վանդակներ

2008–ի մարտի 1–ի բախումները կազմակերպած, 10 զոհի պատճառ դարձած, դեպքի վայրից ծլկած և իշխանությունների հետ գործարքի արդյունքում վերադարձած Նիկոլ Փաշինյանը ևս մեկ գործարքի արդյունքում 2011–ին հայտնվեց ազատության մեջ։ Այդ փուլում նա Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ անդամ էր։

Լևոնն ու Նիկոլը առավոտից մինչև երեկո հիմնավորում էին իրենց «ոչխարներին», թե ինչքան ճիշտ են անում, որ երկխոսում են Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հետ։

«Երկխոսությունն» այդ կարճ տևեց։ Սերժ Սարգսյանը լևոնանիկոլական զանգվածին թողեց օպերայի շենքի տարածքում առկա զուգարանների փակ դռների մոտ։

Զուգարանային իրավիճակից դուրս գալու համար Լևոն Տեր–Պետրոսյանին կողքից հուշվեց, որպեսզի նա ներկայացնի «քաղաքագիտական վերլուծություն», որի մեխը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դուռը գնալն էր կամ ավելի պատկերավոր ասած՝ առյուծի վանդակների մեջ հայտնվելը։ Տեր–Պետրոսյանը Ազատության հրապարակում ընթերցեց «քաղաքագիտական վերլուծությունը»։ Դա հրապարակային ղազագիր էր՝ ուղղված Ծառուկյանին։ Վերջինս այդ ղազագիրն ընդունեց՝ փրկելով լևոնենց ցինգայից և ավիտամինոզից։

Նիկոլը դեմ էր Ծառուկյանին կցվելուն, բայց դեմ չէր ցինգայից ու ավիտամինոզից ազատվելուն։ Ուստի նրան այլ բան չէր մնում, քան իր շեֆ Տեր–Պետրոսյանի հետ համաձայնելը, քանզի այլընտրանքը փակված զուգարաններն էին։ Թեև հանուն ճշմարտության պետք է նշել, որ Նիկոլը ցինգան հաղթահարելու այլընտրանքային միջոցներ էր գտել և ի տարբերություն Տեր–Պետրոսյանի խմբակի՝ միայն Ծառուկյանի փողերի հույսին չէր ու «իքս» պահից սկսած տարանջատվեց լևոնենցից։

Նիկոլը դեմ էր Ծառուկյանի հետ համագործակցությանը, բայց 2012–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Ծառուկյանին ղազագիր գրած ուժի ցուցակով ու մեծամասնական ընտրատարածքում կռիվ էր տալիս Սամվել Ալեքսանյանի դեմ։ Վերջինիս կողմնակիցները թքում էին Նիկոլի վրա։ Այն օրերին դեռ հայտնի չէր, որ Նիկոլը դառնալու է Լֆիկի քսի տված պողոսական զանգվածի սիրելին՝ վարչապետի կարգավիճակով, իսկ Լֆիկն էլ՝ վարչապետի ընտանիքի սիրելի օլիգարխը, որին հեղափոխաբար սեփականատեր են անվանում։

Նիկոլը կքննի՞ 2012–ի ընտրությունների մութ կողմերը

Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ–ի բաժանած ընտրակաշառքը դժվար է գտնելը, քանզի թղթերով նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ահա ԲՀԿ–ինը հեշտ է, քանզի նրանց մոտ բաժանողը մեկն է եղել և թղթերով ամեն ինչ կարգին չէ՝ կան ղազագրեր, կան հաշվետվություններ։

Հետաքրքիր է, իսկ 2012–ի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը կանդրադառնա՞։ Այդ օրերի մութ փողերի թեման կշոշափի՞։ Իսկ կարո՞ղ է Ծառուկյանի տան չհրկիզվող պահարանից ԱԱԾ–ն հայտնաբերել է նաև 2012–ի խորհրդարանական ընտրությունների մասին հաշվետվությունները, որտեղ նշված կարող են լինել նաև ՀԱԿ ֆինանսավորման չափը և պայմանները։ Չէ՞ որ այդ ֆինանսներից նաև Նիկոլն է օգտվել՝ որպես ՀԱԿ անդամ և պատգամավորության մեծամասնական թեկնածու։

Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ–ին տված «վիտամինների» հաշվետվությունները պահած կլինի, իսկ եթե ոչ, ապա Ծառուկյանի ու Տեր–Պետրոսյանի համագործակցության ճարտարապետները պահած կլինեն։ Ի դեպ, եթե այդ թեման հետաքրքրի իրավապահներին, ապա նրանք կարող են դիմել 1–ին նախագահին կից Զուրաբյան Լևոնին ու նրանից տեղեկություններ ստանալ, թե ինչքան է ամսական ստացել ՀԱԿ–ը, ինչքան է դրանից «կռայիտ» արել ՀԱԿ առաջնորդը, ինչքան է հասել լևոնական լրատվամիջոցներին, ինչքան են տվել դրանից Նիկոլին, որ, լևոնականների իսկ խոսքերով, քիչ հաչա Ծառուկյանի դեմ (ի դեպ, նույն այդ Զուրաբյան Լյովիկին ՀԱԿ–ում չէին սիրում՝ «Շողերս դրա գլխին» թեմայով, բայց սա առանձին խոսակցության թեմա է)։

Մի խոսքով, ՀԱԿ–ը փակված զուգարաններից հետո ամբողջությամբ տեղափոխվեց Ծառուկյանի «բալանսի» վրա՝ իր ամբողջ շարժական ու անշարժ գույքով։ Շարժականի մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը, որի նախընտրական արշավը ֆինանսավորում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, որին էլ իր հերթին, չափից դուրս լավատեղյակների փոխանցմամբ, ֆինանսավորում էր Գագիկ Ծառուկյանը։

Այնպես որ, ով ղազագրից ու Ծառուկյանի բաժանած փողերից խոսի, թող Նիկոլ Փաշինյանը տանձից ու խնձորից խոսի։ Երբ ինքն ու իր քաղաքական պապան ղազագիր էին հրապարակում և Ծառուկյանի փողերն ուտում, 2017–ին ղազագիր գրողները դեռ չոչ էին անում։ Ախր ձեզ քոքից գիտենք։ Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ ու ծպտուններդ չլսենք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը