Լրահոս

19.06.2020 13:40


Կոտայքի մարզում «Աթենք» ՍՊԸ-ի մենեջերը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում

Կոտայքի մարզում «Աթենք» ՍՊԸ-ի մենեջերը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում

Երեկ՝ հունիսի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հռիփսիմե Պ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր ընկել ձորը՝ բախվելով ծառերին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու մոտ 30 րոպե անձրևի տակ իրականացրել են տարածքի տեղազննում, որպեսզի պարզեին՝ վարորդը վթարի վայրո՞ւմ է, թե ոչ։

Մինչ փրկարարների ժամանումը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարում հետաքննիչը, վարորդ Կարեն Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Նա ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

Այս խորագրի վերջին նյութերը