Կարծիք

19.06.2020 09:44


Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները:

Այս երևույթն ավելի է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը:

Պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:

2. Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը:

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին:

Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում:

Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է:

Այս ամենը պայմանավորված է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը:

Ցանակացած հարցի կամ խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։

4. Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք:

Ընդ որում, այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով:

Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում:

5. Այս արատավոր երևույթը ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես:

Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ:

Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը