Մեկնաբանություն

18.06.2020 12:23


Փաշինյանը կբացահայտի՞ 2017-ի քաղաքական կոռուպցիան

Փաշինյանը կբացահայտի՞ 2017-ի քաղաքական կոռուպցիան

Այն, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են (այդ թվում՝ 2018–ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները), որևէ կասկած չկա։ Ընտրությունները կեղծվել են 1995–ից սկսած (ըստ Պարույր Հայրիկյանի՝ կեղծիքների սկիզբը 1991–ն է)։ Բայց Փաշինյանը սիրում է ընտրողաբար և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մոտենալ տարեթվերին ու կեղծիքներին։

Նա մի քանի անգամ խոսել է 1995–ի և 1996–ի ընտրակեղծիքներից, բայց ոչ ավելին։ Իրավական ընթացք չկա։ Չկա, քանզի ինքը 2008–ին կանգնած էր Հայաստանում սահմանադրական կարգի տապալման հիմնադիր–նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողքն ու կոկորդը պատռելով «Լե՜–վո՛ն, Լե՜–վո՛ն...» էր գոռում։

Կասկած չկա նաև, որ Հայաստանում բաժանվել է ընտրակաշառք։ Դրանով հատկապես զբաղված էին մեծամասնականի կամ հետագայում «ռեյտինգային» թեկնածուները։ Թե ինչպես են բաժանել և ինչքան, Նիկոլ Փաշինյանը կարող է ճշտել իր սիրելի բիզնեսմեն–սեփականատեր և իրենց ընտանիքի մեծ բարեկամ Սամվել Ալեքսանյանից՝ Լֆիկից։

Հայաստանում եղել է նաև քաղաքական կոռուպցիայի յուրահատուկ դրսևորում. իշխանությունն իրեն կից ընդդիմադիր հաճախորդներ է պահել։ Սրանց ֆունկցիան ընդդիմադիր դիրքերից իշխանության իրական ընդդիմախոսների դեմ կռիվ տալն էր։ Հաճախորդներին, բնականաբար, թույլատրված էր նաև թունդ քննադատել իշխանությանը, բայց դա ժանրի կանոնների համաձայն էր տեղի ունենում, այլ ոչ թե հաճախորդի բուռն ցանկության։

Այդպիսի հաճախորդներից էր նաև Նիկոլ Փաշինյանը, ում բանտից բաց թողեցին գործարքի արդյունքում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո նա երկու անգամ դարձավ պատգամավոր։ Մի անգամ Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի ցուցակով, մյուս անգամ՝ Էդմոն Մարուքյանի «Ելքի» վագոնում հայտնվելով։

Ի դեպ, «Ելքի» մասին։ Այդ դաշինքը, որի մաս էր կազմում նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձևավորվեց 2017–ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Իրար հայհոյող Մարուքյանն ու Փաշինյանը դաշինք կազմեցին, որին միացավ նաև հավերժ հաճախորդ Արամ Զավենի Սարգսյանը։

Ակնհայտ է, որ Փաշինյանին ու Մարուքյանին մի դաշինքի մեջ էր մտցրել մեկ այլ՝ արտաքին ձեռք։ Իշխանական ձեռք։

«Ելքը» հայտնվեց խորհրդարանում ոչ առանց նախկին իշխանությունների օժանդակության։ Իսկ որ դա այդպես է՝ համոզված է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդի» վարչապետ դարձած Փաշինյանն ինքն է բազմիցս հայտարարել ու մեղադրել իր երբեմնի դաշնակից Էդմոն Մարուքյանին նախկին իշխանությունների «մարդը» լինելու համար։ Փաշինյանը որպես ներսի մարդ է այդպիսի կարծիք հայտնում ու նրա հետ դժվար է այդ հարցում վիճելը։

Եթե Փաշինյանը համոզված է, որ Մարուքյանը նախկինների հաճախորդն է եղել, ապա պետք է համաձայնի նաև այն տեսակետի հետ, որ նախկիններն օգնել են «Ելք»–ին հայտնվել խորհրդարանում։ Ի դեպ, պատահական չէր, որ նիկոլենք հրապարակավ ընդունեցին 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դա այն գինն էր, որը պետք է նրանք վճարեին ԱԺ–ում հայտնվելու համար։

Ինչ է սա, եթե ոչ քաղաքական կոռուպցիա։ Ինչ-որ առումով սա ավելի վատ բան է, քան քաղաքական կոռուպցիան։ Սա ժողովրդին լկտի ձևով խաբել էր նշանակում՝ խաղալ ընդդիմություն, բայց փախցնել իրական ընդդիմության ձայները։

Իսկ այն, որ Նիկոլը հետագայում դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ, դա արդեն այլ պատմություն է, որի մասին ասել ենք ու հետագայում էլի կասենք։ Եթե կարճ, ապա 2018–ի իշխանափոխությունը սեփական ձեռքերով նետած բանանի կլեպի վրա պլստալու պես մի բան էր։

Նիկոլին նախկին իշխանությունները թերագնահատեցին, քանզի համարեցին, որ իրենց հաճախորդը չի կարող հեռուն գնալ։ Փաստորեն, գնաց և վերցրեց իշխանությունը։ Իրենց պահած «շունն» իրենց «կծեց»։ Այսինքն՝ իրեն պահեց այնպես, ինչպես, որպես կանոն, իրենց պահում են փողոցի շները, երբ բերում ես տուն։ Միևնույն է թափառող շան սիրտն ապերախտ է ու անշնորհակալ։

Նիկոլը պատմական պատահականություն է և հանգամանքների բերումով է հայտնվել իշխանության մեջ։ Ինչպես եկել է, այնպես էլ կգնա՝ աննշան հետք թողնելով պատմության մեջ։ Կեղտո՛տ հետք։

Ինչ մնում է 2017–ի քաղաքական կոռուպցիային, ապա հետաքրքիր է՝ կանդրադառնա՞ դրան Նիկոլը։ Հազիվ թե։ Ըստ նրա՝ միակ ընտրակաշառք բաժանողը ԲՀԿ–ն է եղել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը