Կարծիք

18.06.2020 10:20


Քաղաքական հետապնդումներ և բանտարկյալներ

Քաղաքական հետապնդումներ և բանտարկյալներ

Կարծես՝ լսում եմ հին, խազերով պատված ձայնասկավառակի կրկնվող հատվածի ձայնը․
-Գործը միայն իրավական հարթության մեջ է, նոր Հայաստանում բացառվում են քաղաքական հետապնդումներ,-«Իմ Քայլի» որևէ պատգամավոր։

Օրինակներով չանդրադառնամ այն հարցին, որ ոչ մի պետության գործող իշխանություն չի ընդունում իր երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը, այլ դիտարկենք միայն անկախ Հայաստանի շուրջ 30-ամյա պատմությունը։

Ընդունո՞ւմ էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց կուսակից-համակիրները քաղաքական բանտարկյալների առկայությունը (անուններ չթվարկեմ, գրառման ծավալը շատ մեծ կլինի, ինչպես նաև կարող է ոչ բոլորինը հիշեմ)։ Իհարկե՝ ոչ։ Եվ բոլոր ժամանակներում համարյա նույն բառերով, դեմքի խելոք ու լուրջ արտահայտությամբ կրկնում էին իրենց նախորդներին, ինչպես այսօր իմքայլականները։

Իսկ նոր կոչված, բայց բնույթով առավել քան հին Հայաստանում օր օրի ավելի տագնապալի են դառնում քաղաքական հետապնդումները (նույնպես անուններ չթվարկեմ՝ նույն պատճառներով), բայց առայժմ ավելի շատ լսում ես ծափահարություններ և ոչ ինչպես նախկինում՝ անհանգստություն։

Հ․Գ․ Թերևս ավելի անկեղծ էին կոմունիստները, որ քր․ օրենքում ներառել էին զուտ քաղաքական հոդված․ «Հակախորհրդային քարոզչություն»։ Գուցե նոր Հայաստանի իշխանությունները նույնպես հետևեն կոմունիստների օրինակին և ՀՀ քր․ օրենքում ներառեն․ «Հակափաշինյանական քարոզչություն» հոդվածը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը