Քաղաքական

17.06.2020 12:12


Իշխանությունները խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Իշխանությունները խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները արտակագ դրության ժամանակ ավելորդ անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար:

Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա ընդգծեց՝ սահմանափակումների մեղմացումների հետ մեկտեղ մնում է մի սահմանափակում՝ խաղաղ հավաքների սահմանափակումը:

«Խաղաղ հավաքների անցկացման իրավունքը՝ որպես մարդու իրավունք, համարվում է իրավունքի թագուհիներից մեկը, որովհետև իր մեջ ներառում է խոսքի ազատության ու բողոքի և այլ իրավունքներ: Այս ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ, դա վստահաբար եմ ասում: Ստացվում է՝ մարդու դեմ կարող ենք քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, բայց նրանք բողոքելու իրավունք չունեն»,-նշեց նա՝ ընդգծելով, թե առնվազն երեք անձ բերման է ենթարկվել՝ միայնակ բողոքելով, ինչը հավաք չէ:

Իրավապաշտպանը ներկայացրեց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների զեկուցող հանձնակատարի՝ կորոնավիրուսի պայմաններում ՄԱԿ անդամ պետությունների համար խորհրդատվական բնույթ ունեցող զեկույցը՝ համեմատական անցկացնելով ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ:

Նա ասաց, թե այդ զեկույցի համաձայն, արտակարգ պայմաններում կարևոր սկզբունքներից են՝ անընդունելի են մարդու իրավունքների լրիվ սահմանափակումները։

Իշխանության ցանկացած որոշում պետք է ունենա անկախ քաղհասարակության կողմից գնահատական, որ այդ օրենքները իշխանության ձեռքում չլինեն ընդդիմության դեմ օգտագործելու մահակ, չպետք է սահմանափակվի խաղաղ հավաքների իրավունքը, պետք է պահպանվեն դատական ու օրենսդիր իշխանությունների հակակշիռները, չսահմանափակվի լրագրողների աշխատանքը, թույլ տան գործադուլ անել, եթե մարդկանց աշխատանքային իրավունքները խախտված են, «կեղծ լուրեր» անվան տակ չսահմանափակել մարդկանց կարծիքի իրավունքը:

«Կարծես թե այս ամենն ուղղված է ՀՀ իշխանություններին, որոնք ավելորդ անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար: Ոստիկանական ուժերով խաղաղ հավաքների արգելումը, իմ կարծիքով, ավելի է սաստկացնում համավարակի տարածումը, որովհետև, եթե ոստիկանները չխառնվեն, մարդիկ իրարից բավական հեռավարության վրա իրենց բողոքը կարտահայտեն, կգնան, իսկ Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը»,-ասաց նա՝ կարևորելով նաև տուգանքների համաչափ լինելը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը