Լրահոս

17.06.2020 12:02


Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում և հրդեհվել ու վերածվել մոխրակույտի. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում և հրդեհվել ու վերածվել մոխրակույտի. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, և BMW-ում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով Դ. Զաքարյանը, նրա ուղևոր Լ. Հ-ն և Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 և թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել վերջիններիս ուղեկցությամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը