Քաղաքական

17.06.2020 09:46


Իշխանությունն ուժային կառույցնե­րը դարձրել է բութ գործիք, որը կի­րառում է իր քաղաքական հակա­ռակորդների դեմ. եթե անգամ Դավթյանը դատարկ թուղթ բերեր, նրա միջնորդությունն ընդունելու էին. «Հրապարակ»

Իշխանությունն ուժային կառույցնե­րը դարձրել է բութ գործիք, որը կի­րառում է իր քաղաքական հակա­ռակորդների դեմ. եթե անգամ Դավթյանը դատարկ թուղթ բերեր, նրա միջնորդությունն ընդունելու էին. «Հրապարակ»

«Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի դերա­կատարումը շատ մեծ է եղել միշտ, նա սաունաներից, ռեստորաններից, աշխատասենյակներից բերման է ենթարկել պատգամավորների մեծ խմբի, որոնք խորհրդարանում են հայտնվել հիմնականում բիզնես և այլ նպատակներով: Ասենք` պաշտպանված լինելու, արտո­նություններ ունենալու, սրան-նրան տանիք կանգնելու կամ պարզա­պես իշխանության ցուցումով են հայտնվել, որ կոճակ սեղմողների բազմությունը խորհրդարանում ապահովված լինի, և երկրի նախա­գահը կարողանա իր ուզած քաղա­քական որոշումներն ընդունել տալ: Այս եղանակով եկանք-հասանք 2018 թվական:

Եղան ժողովրդի դժգոհությունն ու հուզումը, որի համբերության բաժակը նաև նման գործելաոճից էր լցվել` այդ նույն կոճակ սեղմողների պահվածքից, ուղղորդված ու նեղ շրջանակի շա­հերից բխող քաղաքականությունից, հանրային կարծիքն անտեսելուց, մի խումբ մարդկանց անզուսպ հարստանալուց, մեկ այլ խմբի` պերմանենտ աղքատանալուց և այլն: Երբ այդ դժգոհությունը հասավ կրիտիկական չափերի, մարդիկ հեղափո­խություն արեցին և այդ պահին փողոցում գտնվող ամենավճռական մարդուն, որը թվում էր` էականորեն տարբերվում է բոլոր նախորդ նա­խագահներից` ազնիվ է, նվիրված, մարդկային, դեմոկրատ, համարձակ, իր ողջ կյանքում ազատ խոսքին է ծա­ռայել և այլն, կարգեցին վարչապետ:

Բայց ոչ ոք չէր սպասում, որ Շվարցի անմահ գործն է «բե­մադրվում» մեր երկրում, և հրեշին սպանողն արագ հայտնվելու է հրե­շի կարգավիճակում: Այսօր արդեն չնչին հարցերում է Նիկոլ Փաշինյանը տարբերվում մեր կողմից մերժված նախկիններից: Որոշ հարցերում անգամ գերազանցել է նրանց: Օրի­նակ, նախկին իշխանությունները պետական բյուջեն այսպես անզուսպ և կամայականորեն չէին ծախսում, ինչպես հեղափոխականները: Նախկիններն այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ չէին իրականացնում` գոնե ձևի առումով պահպանում էին օրենքը: Նախկին իշխանություններն այսքան շատ ու այսքան փողոցից բերված լեքսի­կոն չէին կիրառում: Նախկիններն այսքան կոնֆլիկտներ չունեին երկրի ներսում և հատկապես` դրսում, այլ պետությունների հետ հարաբերություններում: Նախկիններն այսքան անհանդուրժող չէին այլակարծության և քննադատության նկատմամբ և այլն, և այլն:

Բայց հատկապես ուշագրավ է, որ փողոցից եկած իշխանությունը, որը 2018 թվականին հասարակա­կան կարգի պահպանման բոլոր կա­նոնները քաղաքական նպատակնե­րով խախտեց, ներխուժեց բուհեր ու տարբեր գերատեսչություններ, դռներ կոտրեց և պարալիզացրեց երկրի բնականոն կյանքը, կազմա­լուծեց տարբեր գերատեսչություննե­րի աշխատանքը և առնվազն մեկ տասնյակ քրեական հոդվածներով կարող էր դատվել, սակայն ոչ միայն չհետապնդվեց նախկին իշխա­նությունների կողմից, այլև հասա­րակությունն էլ համարեց, որ նրանք իրավասու են այդպես գալ իշխա­նության:

Այսօր այդ նույն մարդիկ թույլ չեն տալիս, որ հանրային բողոքի ակցիաներ իրականացվեն, և հենց այդ նպատակի համար երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով չհայտնեն իրենց կարծիքն ու չկարողանան պաշտպանվել:

Այդ իշխանությունն ուժային կառույցնե­րը դարձրել է բութ գործիք, որը կի­րառում է իր քաղաքական հակա­ռակորդների դեմ: Ընդ որում, այդ գործիքներից որոշը հնուց «օգտա­գործվողներն» են, որոնք ժամանա­կին լավ չաշխատեցին Փաշինյանի դեմ, բայց այսօր Փաշինյանի ձեռքում շատ լավ էլ աշխատում են: Օրինակ, Գլխավոր դատախազությունը, որի ղեկավարը երեկ խորհրդարանում փորձում էր հիմնավորել Ծառուկյանի դեմ ուղղված քաղաքական մե­ղադրանքը: Մարդկայնորեն կարելի է խղճալ այս մարդուն, որը հայտնվել է ծանր վիճակում և ստիպված է ծառայել ու ասել բաներ, որոնց հաստատապես ինքն էլ չի հավա­տում: Բայց անգամ եթե նա սպիտակ թուղթ բերեր ԱԺ և չկարողանար ընդդիմադիր պատգամավորների տված որևէ հարցի պատասխանել, միջնորդությունն ընդունելու հարցում որևէ խնդիր չէր առաջանա, քանի որ «ֆյուրերն» արդեն կարգադրել է, և կարգադրությունը հնազանդորեն պետք է կատարվի «Իմ քայլը» 88 հո­գանոց խմբակցության կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը