Քաղաքական

30.03.2011 15:05


Ժիրայր Սեֆիլյան. ««Լևոն՝ նախագահ» կարգախոսը համախմբմանն օգտակար կարգախոս չէ»

Ժիրայր Սեֆիլյան. ««Լևոն՝ նախագահ» կարգախոսը համախմբմանն օգտակար կարգախոս չէ»

Մեր հորդորն է բոլոր ընդդիմադիր գործիչներին, որ այսօրվանից դադարեցնեն մրցակցությունը միմյանց նկատմամբ, այսպես ասած ամենակծու խոսքերը, որ մեկը մյուսին փորձում է հասցնել և հետաձգել այդ մրցակցությունը,–«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել  է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Այդ մրցակցությունից, նրա խոսքերով, օգտվում է միայն Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, թե կողմ չէ, որ դաշտում տարբեր գործիչներ են խաղում, իր համոզմամբ՝ գլխավոր խաղացողը Սերժ Սարգսյանն է, և այն մտքերը, թե նա թուլանում է ու ստիպված ինչ–որ քայլեր է կատարում, դատարկ են։

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ հաջորդ կարևոր քայլը, որ պետք է անի ընդդիմությունը, ճիշտ կարգախոսներ ընտրելն է.

Այսինքն՝ կարգախոսներ, որոնք պետք է համախմբեն ժողովրդին։ Մենք ասում ենք, որ պետք չէ համախմբել կամ միավորել քաղաքական միավորներին, բայց միաժամանակ ասում ենք, որ պետք է համախմբել ժողովրդին։ Ուստի կարգախոսները պետք է ծառայեն միայն ու միայն ժողովրդին համախմբելուն, այլ ոչ պառակտելուն։ Օրինակ, «Լևոն՝ նախագահ» կարգախոսը համախմբմանն օգտակար կարգախոս չէ,–ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

Նա ընդգծել է, որ այսօր առկա է ժողովրդի հսկայական բանակ, ովքեր ընդդիմադիր են գործող վարչակարգին, պատրաստ են աշխուժանալ ու դիմադրել այդ վարչակարգին, բայց այդ կարգախոսի պատճառով նրանք հեռու են մնում։

Նրա համոզմամբ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է հարթակ հրավիրի ընդդիմադիր քաղաքական բոլոր միավորներին՝ մինչև այդ ասելով, որ ինքն այլևս նախագահի թեկնածու չէ։

2008թ. օրերը չեն, որ մենք այսօր ապրում ենք։ Եթե 2008թ. նա ասում էր՝ ինձ օգտագործեք որպես գործիք, և միաժամանակ նախագահի թեկնածությունն էր առաջադրել, այժմ նա պետք է ասի՝ ինձ օգտագործեք որպես գործիք, որ ես կարողանամ  բոլորիդ հետ միասին մի լուրջ ծրագրի շուրջ, ժողովրդի ներուժի վրա հենվելով, օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից։ Սա պետք է լինի,–ընդգծել է Ժիրայր Սեֆիլյանը։

Բեմահարթակից ելույթները, նրա կարծիքով, պետք է տրամադրվեն երիտասարդությանը, քանի որ «հին, դասական գործիչներից ժողովուրդը հոգնել է».

Նոր շունչ, նոր խոսք պետք է այլևս հնչի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը