Քաղաքական

16.06.2020 19:20


Գործը շինծու է, վստահ եմ՝ թիթեռնիկի կյանք է ունենալու․ Վահե Էնֆիաջյանը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացի մասին

Գործը շինծու է, վստահ եմ՝ թիթեռնիկի կյանք է ունենալու․ Վահե Էնֆիաջյանը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացի մասին

Այս ամբողջը շինծու գործ է, որևիցե փաստաթուղթ չկա, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ ցուցմունք, բողոք կամ դժգոհություն չկա։ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան։

«Ամբողջությամբ հորինված փաստաթղթեր են, ինչի շուրջ էլ ստեղծվել է այս ամբողջ աղմուկը, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք չկա և ունեմ ներքին համոզմունք, որ չի էլ լինելու»,-ասաց Էնֆիաջյանը։

Նա նույնպես հաստատեց, որ սա քաղաքական հետապնդում է և այս ամենը սկսել է հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի արած հայտնի հայտարարությունից հետո։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ այսօր Հայաստանում Կառավարությունն առաջնային խնդիրները թողած՝ օրակարգ է բերել երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ «ռեպրեսիաներ իրականացնելու» հարցը։

Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը ստիպել է պատգամավորներից որևէ մեկին գրել իրենց հավատարմությունը փաստող հրապարակված գրություններից կամ փաստաթղթերից որևէ մեկը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց․ «Երբեք ստիպողաբար մեր թիմում ոչինչ չի արվել և չի կարող իրականացվել, ինչ եղել է, մենք բոլորով միասին քննարկել ենք, քանի որ ոչ ոք մեր թիմում կաշկանդված չէ իր կարծիքը արտահայտելու համար»։

Իսկ վերաբերվում է ձայներ հավաքելուն, և թե ինչ միջոցներով են ապահովվում այդ քվեները, պատգամավորը պատասխանեց․ «Մարդիկ ունենում են որոշակի ակնկալիքներ, սպասելիքներ ձայների մասով՝ համաձայն ռեյտինգային ընտրակարգի՝ ըստ տարածքների»։

Իսկ թե ինչո՞ւ այսօր չկան Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ինչպես նախորդ օրերին, ԲՀԿ պատգամավորը պարզաբանեց․ «Քանի որ այսօր` առավոտից սկսած ԱԺ–ի դիմացից, Երևան քաղաքում և մարզերում, մարդիկ իրենց կարծիքն ու դիրքորոշումն են արտահայտել այս գործողությունների հետ կապված, մոտ 1000–ից ավելի աջակիցների բերման են ենթարկել»։

Այս խորագրի վերջին նյութերը