Քաղաքական

16.06.2020 17:26


Ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի հայտարարությունը

Ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի հայտարարությունը

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների:

Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշավը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ Կառավարության ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումներն էին Ազգային ժողովում։

Բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականության և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականության ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև:

Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները։

Կուսակցություններ՝

«Հայրենիք»

«Հ.Յ. Դաշնակցություն»

«Մեկ Հայաստան»

Տեղեկացում. հայտարարությունը բաց է այլ ուժերի միացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը