Կարծիք

16.06.2020 15:23


Նիկոլի սրտի Քյարամյանը տվեց-անցավ Նիկոլի սրտի Վիշինսկուն

Նիկոլի սրտի Քյարամյանը տվեց-անցավ Նիկոլի սրտի Վիշինսկուն

Առավոտյան, երբ կարդացի «սենսացիոն» լուրը, թե ԱԱԾ-ը նյութեր է նախապատրաստել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի դեմ, այն էլ`ոչ ավել, ոչ պակաս, 2017թ. ավագանու ընտրություններին ընդառաջ 100-120 հազար անձի «գրանցումը փոխելու միջոցով Երեւանի ընտրող դարձնելու եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու» հատկանիշներով, մտածեցի` ԲՀԿ-ականներն են սարքել ցույց տալու համար, թե ինչ մեթոդներով է Փաշինյան Նիկոլը գործ կարել տալիս սրա-նրա վրա, և ինչ անհեթեթ է Ծառուկյանին ներկայացված շինծու մեղադրանքը։

Երբ իմացա, որ նույն «հաղորդագրության» համաձայն, ԱԱԾ-ը Նաիրա Զոհրաբյանին, բացի 100-120 հազար հոգու փաստաթղթեր կեղծելու և ընտրակաշառվելու մեջ ներքաշելուց, բռնացրել է նաև նրանում, որ մասնավոր խոսակցությունների ժամանակ «բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ` նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ», վերջնականապես համոզվեցի` սա կատակ է. ինչ-որ մեկը որոշել է «ղժժալ» ԱԱԾ-ը անձնական օգտագործման գործիք դարձրած վարչահրամայապետի վրա։

Պարզվեց` սխալվում եմ։ ԱԱԾ-ը դեռ 2017-18թթ. ապօրինաբար, առանց դատարանի որոշման, գաղտնալսել է պատգամավորի հեռախոսային խոսակցությունները, դրել գզրոցի մեջ ու պինդ-պինդ պահել։ Որ հիմա «մեյդան» հանի ու դեմ տա Նաիրա Զոհրաբյանին, որպես իր և իր կուսակցության «հանցավոր անցյալի» սպանիչ ապացույց։

Իսկ ամենահետաքրքիրը ԱԱԾ հաղորդագրության «եզրափակիչ բլթոցն» է։ Թե բա` «խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխությունից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել»։

Դասականը կասեր` իյա, իրո՞ք... Մենք էլ կարծում էինք` ԲՀԿ-ն 2018թ. շըփ-թըփ ընտրություններում սովորականից ավելի քիչ ձայն ստացավ, որովհետև Ծառուկյանի ավանդական ընտրազանգվածի մի մասը Նիկոլով խփնված էր ու հեղափոխական էյֆորիայի տակ գնաց, քվեարկեց մեծն Մանիպուլյատորի օգտին։

Հետաքրքիր է` Նիկոլի սրտի Քյարամյանն է՞լ ինչով է պատրաստվում զարմացնել իր «կարիերայի» վագրային թռիչքներից առանց այն էլ շշմած «հպարտ քաղաքացուն»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը