Մեկնաբանություն

16.06.2020 15:10


Ֆեմիդայի՞ ծառա, թե՞ պարզապես... կամակատար՝ «գլխավոր դատախազի» ստատուսով

Ֆեմիդայի՞ ծառա, թե՞ պարզապես... կամակատար՝ «գլխավոր դատախազի» ստատուսով

Դատախազի, մանավանդ, գլխավոր դատախազի դեպքում կարևոր է, որ իր «դատածի» վրա խազ չքաշի: Այսինքն, եթե մի բան է ասում, ապա նախապես այնքան կշռադատած պիտի լինի, ասելիքն էլ այնքան հիմնավոր, որ դրա վրա խազ քաշելու առաջ չկանգնի՝ խազ քաշելով նաև իր անհատական համբավի ու հատկապես՝ զբաղեցրած բարձր պաշտոնի հեղինակության վրա:

Առհասարակ, գրողին, ստեղծագործողին որպես կերպարային տիպաժ ավելի շատ հետաքրքրում են որոշումներ ընդունողները, գործողները: Մատնիչները, կամակատարները այնքան էլ հետաքրքիր չեն, որպես կերպար, քանզի բացահայտելու բան գրեթե չկա: Մոտավորապես այն տարբերակով, որ բուլգակովյան Վարպետին հետաքրքիր էր Պոնտացի Պիղատոսը և անհետաքրքիր՝ Ալոիզի Մոգարիչը:

«Նախկին հանցավոր ռեժիմից» Փաշինյանի «թավշյա-բռնատիրական» ոստիկանապետական ռեժիմի ժառանգած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կարծում եմ, որպես կերպարային տիպաժ խիստ անհետաքրքիր է, որքան էլ հետաքրքրական թվան ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և կալանավորելու վերաբերյալ նրա երկու՝ 2018 և 2020 թվականների միջնորդությունների զուգահեռները:

Շատ ասվեց խորհրդարանի դահլիճում, պարզապես արձանագրենք. 2018-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գնացել էր խորհրդարան, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորելու վերաբերյալ: Իսկ այսօր՝ 2020 թվականի հունիսի 16-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գնացել էր ԱԺ՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նույնպիսի համաձայնություն ստանալու համար:

Դա, իհարկե, միանգամից սրամիտ դիտարկումների առիթ տվեց սոցցանցերում, թե՝ Արթուր Դավթյանը որ պատգամավորի համար միջնորդում է կալանավորել, այդ պատգամավորը մեկ ամիս չանցած՝ վարչապետ է դառնում: Եվ վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական խայտառակության ու խեղկատակության խորապատկերում այդ սրամիտ դիտարկումը թերևս եզակի դրական պահերից է:

Զավեշտն այն է, որ Արթուր Դավթյանը, հարցակոխ անող ԲՀԿ-ականներին հակադարձելով, փորձում էր համոզել (ո՞ւմ), որ նախկինում քաղաքական պատվեր չէր կատարում, երբ եկել էր ԱԺ՝ Փաշինյանին «տանելու» հիմա էլ, իբր, քաղաքական պատվեր չի կատարում, երբ եկել է Ծառուկյանին «տանելու»:

Սա այն դեպքում, երբ ինքն էր ժամանակին խոստովանել, որ Փաշինյանի վերաբերյալ իր միջնորդությունը խորհրդարանից հետ էր վերցրել... փոխվարչապետներից մեկի ասելուց, թե հեռախոսազանգից հետո: Դա ԱԺ դահլիճում նրա «երեսով տվեցին»:

Իսկ նա, անգիր արած, ինքնապատասխանիչի նման ու ինքնապատասխանիչի ձայնով կրկնում էր, թե այդ ամենը «մաքուր դատաիրավական գործընթաց» է:

Հատկապես ծիծաղելի էր հնչում «մաքուր» բառը:

Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության կողմից իրականացվում է քաղաքական հետապնդմամբ զուգորդված շանտաժ, այսինքն՝ նաև խոշոր գումարներ «պլոկելու» ակնկալիքով պայմանավորված գործողություն, այնքան ակնհայտ է, որ երևի նույնիսկ լրացուցիչ հիմնավորման կարիք չի զգացվում: Բայց հարցը դատախազն է: Ավելի ճիշտ, այդ պաշտոնն զբաղեցնողը:

Ո՞վ է նա. Ֆեմիդայի՞ ծառա, թե՞ պարզապես օրվա իշխանության կամակատար: Ըստ որում, կապ չունի, թե ով է իշխանությունը: Ով էլ լինի՝ կկատարի: Երեկ ասել էին Փաշինյանին բռնել, գնացել էր բռնելու: Այսօր Փաշինյանն է ասել Ծառուկյանին՝ բռնի, գնացել է բռնելու:

Ի դեպ, Արթուր Դավթյանն այնքան համոզված է իր անպատժելիության և գլխավոր դատախազի պաշտոնում իր անփոխարինելիության մեջ, որ նույնիսկ ջանք չէր գործադրում քողարկել, որ ստացել է քաղաքական պատվեր և իրականացնում է այդ պատվերը: Նա, ըստ էության խոսքովանեց, որ այժմ Ծառուկյանի դեմ վկայակոչվող «ապացույցը» իրենց տրամադրության տակ եղել է դեռ փետրվարին: Բայց հիմա «ջրի երես» այն ելավ:

Ինչո՞ւ: Որովհետև Ծառուկյանը օրերս ասել էր այն, ինչ երևի «թավշայինները» չեն համարձակվում զեկուցել «վարակապետին»: Որովհետև Ծառուկյանը դրել էր կառավարության ամբողջ կազմի հեռացման պահանջ: Ինչն, ըստ էության, իր ելույթում ԲՀԿ ղեկավարը կրկնեց:

Իսկ ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա հաջորդ իշխանափոխության դեպքում նրան պետք է միառժամանակ թողնել նույն պաշտոնում և էլի մեկ զանգով հրահանգել, որ «թարմացնի» նախորդ միջնորդությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը