Լրահոս

20.03.2009 18:54


Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը քաղաքական կուսակցությունների նախագահների հետ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմատիկ խորհրդակցությանը

Այս ձեւաչափով մեր երկրորդ հանդիպումն է: Հիշում եք, առաջին հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ընթացքն էր: Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ասելիք ունեին, այդ հնարավորությունը ստացան, ովքեր խնդիրներ ունեին բարձրացնելու, այս դահլիճում այդ խնդիրները բարձրաձայնեցին: Մենք էլ մեր հերթին փորձեցինք պատասխանել այդ հարցերին, փորձեցինք տեսանելի դարձնել այն ճանապարհները, որոնցով մենք նպատակադրված էինք առաջ շարժվելու: Եւ կարծում եմ, որ այդ փորձը հաջողված փորձ էր:

Այսօր աշխարհի ուշադրության ու քննարկումների կիզակետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի ազդեցությունն իրենց վրա այս կամ այն չափով զգում են բոլոր պետությունները: Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը: Խնդրո առարկայի շուրջ քաղաքական կուսակցությունների կողմից բազմաթիվ տեսակետներ են հնչեցվում, հրապարակայնորեն ներկայացվում են մոտեցումներ, եւ այժմ լավ առիթ է դրանք մեկտեղելու, քննարկելու, մտքեր փոխանակելու համար:

Այս խորհրդակցության անցկացումը ժամանակի պահանջն է, եւ կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրն ասելիք ունի: Անկախ մեր կամքից' մուտք ենք գործում համաշխարհային ու տարածաշրջանային այնպիսի փոփոխությունների փուլ, որտեղ յուրաքանչյուրիս մոտեցումները միմյանց համար պետք է լինեն լսելի եւ, եթե հնարավոր է, դառնան ընդհանուր տեսակետ ու մոտեցում:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն այսօր ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին: Ցավոք, դեռեւս որեւէ մեկը չի կարողացել ճիշտ դեղատոմս գտնել: Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւս ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Այդ մասին վարչապետն ու կառավարության անդամները մշտապես իրազեկում են հանրությանը: Մենք դեռ կլսենք վարչապետին, իսկ ես ուզում եմ համառոտ անդրադառնալ մեր' քաղաքական կուսակցություններիս ու լայն հանրության դերակատարմանը: Եթե հարկ կա, կարող եմ մեկ անգամ եւս բարձրաձայնել այն, ինչը պետք է որ առանց ասելու էլ ընկալելի լինի. ճգնաժամը բոլորիս խնդիրն է, ոչ միայն կառավարության, ճգնաժամի մեղավորները մենք չենք' հայաստանցիներս չենք, սա հայաստանյան երեւույթ չէ, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, ճիշտ է նաեւ այն մոտեցումը, որ կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում եւ սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին: Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով: Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ' առնվազն անխոհեմ է: Նորից եմ կրկնում' համընդհանուր լուծումներ պարզապես չկան. միգուցե սա այն դեպքն է, երբ իսկապես հարկ կա հեծանիվ հորինել:

Մեր ժողովուրդը ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հսկայական ներուժ ունի, եւ մեկ անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում սա ապացուցվել է: Հիմա մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի լիարժեք իրականացման ժամանակն է: Ըստ էության շատ պարագաներում պրոբլեմներն ու հաջողությունները հանդես են գալիս փոխկապակցված, եւ ակնհայտ է, որ լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է պրոբլեմներ հաղթահարել, եւ բացառիկ չեն այն դեպքերը, երբ այսպիսի պարագաներում հաջողությունը լինում է շատ ավելի մեծ, քան դրան սպասում ես: Ես կարող եմ այդպիսի մեկ օրինակ բերել' մեր արցախյան ազատամարտը, մեր ազատագրական ողջ պայքարը:

Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվորեն քննարկումներ է անցկացնում փորձագիտական լայն շրջանակների հետ, մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային եւ ուղղակի արված առաջարկությունները: Սա իհարկե ճիշտ ճանապարհ է: Բայց ես գտա, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկում է անհրաժեշտ հենց այս փուլում: Բացատրեմ ինչու:

Թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում' մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը: Կարծում եմ, մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ եւ հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները: Ահա թե ինչու եմ ես նաեւ կարեւորում մեր այսօրվա հավաքը: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են "ինչքան վատ, այնքան լավ" սկզբունքով:

Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը, խորհուրդներ տալիս, պլաններ կազմում' սկսած անձնական ու ընտանեկան բյուջեների պլանավորումից, վերջացրած պետական բյուջեի պլանավորման խնդիրներով: Սակայն մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի' դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է:

Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում' չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Գյուղացին փորձում է իր ունեցած միջոցներով սերմ ձեռք բերել, ցանել ու բերք պարգեւել: Գործարարները սկսել են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել. անշուշտ գովելի է: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ' "դու սա արա, դու նա արա", եւ այսպես շարունակ: Իսկ արդյո՞ք մենք' այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարեւորը, խուճապի չմատնվելով եւ խուճապ չհրահրելով:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճգնաժամի պայմաններում ցածր աշխատավարձով կամ շահույթով աշխատելը ավելի ձեռնտու է, քան բարձր աշխատավարձի կամ շահույթի ակնկալիքով չաշխատելը, աշխատանք ու բիզնես չունենալը: Ես այս հարցն ուղղում եմ մեզ. պատրա՞ստ ենք մենք' հայաստանյան քաղաքական կուսակցություններս, առանց քաղաքական դիվիդենտի քաղաքականությամբ զբաղվելու: Սա այն պահն է, երբ քաղաքական օգուտներ քաղելը, բանսարկու, խառնակիչ քայլերը նշանակում են նպաստել ճգնաժամին եւ ոչ թե պայքարել դրա ազդեցությունների դեմ: Կարո՞ղ ենք մենք լուծումներ գտնել նախկինում անհայտ խնդիրների համար. այսօր համենայն դեպս մենք կփորձենք դա անել: Ես վստահ եմ, որ մեր կառավարությունը պատրաստակամ է կշռադատված լուծումներով առաջարկություններին ականջալուր լինելու, եւ դա միայն այսօրվա մեր քննարկմանը չէ, որ վերաբերում է: Մենք կխնդրենք վարչապետին անդրադառնալ բոլոր կուսակցությունների նախագահների դիտարկումներին եւ կփորձենք նաեւ թարմ մոտեցումներ փոխանակելու մշտական ձեւաչափեր ուրվագծել:

Այս խորագրի վերջին նյութերը