Մեկնաբանություն

16.06.2020 01:03


Կա՛մ Ծառուկյանը Փաշինյանին կտանի «զագս», կա՛մ Փաշինյանը Ծառուկյանին՝ դատախազություն

Կա՛մ Ծառուկյանը Փաշինյանին կտանի «զագս», կա՛մ Փաշինյանը Ծառուկյանին՝ դատախազություն

Մեր օրերի Վիշինսկին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ–ին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործ հարուցելու և նրան ազատությունից զրկելու որոշում ստանալու համար։ Եվ սա այն դատախազն է, որը երկու տարի առաջ նմանատիպ միջնորդությամբ մտել էր խորհրդարան՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար։

Պարզ է, որ հիմա Դավթյանը գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Այսինքն՝ գլխավոր դատախազի մոտ բան չի փոխվել։ Ինքը միշտ հրահանգ կատարողի դերում է։ Փոխվում են հրահանգ տվողները, բայց Դավթյանը մնում է իր տեղում։ Ինչևէ։

Պարզ է նաև, որ Ծառուկյանի դեմ գործ է հարուցվել քաղաքական դրդապատճառով։ Նաև՝ սեփականության վերաբաշխման նպատակով։

Նիկոլին փող է պետք։ Շատ փող։ Այդ նպատակը կյանքի կոչելու համար իրեն բացարձակ իշխանություն է պետք, որին խոչընդոտում են չենթարկվող դատավորները, իր վերահսկողությունից դուրս գործող քաղաքական ուժերը, ՍԴ–ն, սեփական կարծիքն ունեցող ու «ժողովրդի» վարչապետին չծափահարող յուրաքանչյուր ոք։

Փաշինյանը նեոբոլշևիկ է։ Դա նշանակում է, որ Ծառուկյանի հետ նրա բախումն անխուսափելի էր։ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը պարզապես առիթ էր փողի և իշխանության համն առած Փաշինյանի համար։

Փաշինյանն այժմ ցնցումների է գնում։ Ծառուկյանը երդվել է, որ չի նահանջելու և չի ընկրկելու։ Դա նշանակում է, որ գործ ունենք հայտնի ֆիլմում հնչեցրած «կամ, կամ»–ի հետ։ Կա՛մ Ծառուկյանը Փաշինյանին կտանի «զագս», այսինքն՝ «էն բանից» կանի, կա՛մ Փաշինյանը Ծառուկյանին կտանի դատախազություն, այսինքն՝ ազատությունից կզրկի։

Ինչպիսի սցենար էլ ունենանք, մեկ բան պարզ է, որ Փաշինյանի իշխանությունը թուլացած է, չունի հանրային լայն աջակցություն, չունի «փողոց»։ Նրա հույսն ուժային կառույցներն են։ Նա փոխել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին՝ այն հաշվարկով, որ նրանք կբավարարեն իր ապօրինի ցանկությունները։

Հասկանալի է, որ եթե նույնիսկ Ծառուկյանին կալանավորեն, ապա միևնույն է հակափաշինյանական պայքարը չի դադարելու։ Ավելին՝ նոր թափ է հավաքելու, քանզի այժմ, ի տարբերություն, օրինակ՝ 2015 թվականի, ընդդիմադիր դաշտում տարբեր կենտրոններ կան, որոնք մինչև այս էլ մեծ ճակատ էին բացել իշխանության դեմ, և որոնք կարող են կռիվը շարունակել և կշարունակեն։

Շատ կարևոր է, որ վաղը Ծառուկյանը խորհրդարանական ամբիոնից իր գնահատականները տա կատարվածին ու բացի մի շարք փակագծեր՝ սկսած Նիկոլ Փաշինյանի անցյալից վերջացրած ներկայով ու սոցիալ–տնտեսական դաշտում առկա վիճակի գնահատականով։

Կորոնավիրուսային համաճարակային պայմաններում անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա մարդկային կյանքերի կորստի պատասխանատվություն կա։ Սա նույնպես պետք է դառնա քննության առարկա ԱԺ դահլիճում։

Մեկ բան ակնհայտ է, որ սա միայն ԲՀԿ–ի դեմ հարձակում չէ։ Սա հարձակում է այլակարծության, ընդդիմադիր դաշտի, ժողովրդավարության, սահմանադրության, ժողովրդի ու պետության դեմ։

Մենք բռնապետության ու խեղկատակության վերածելու երկիր չունենք։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Այս թոհուբոհի մեջ շատերը չնկատեցին, որ ԲՀԿ–ի ու անձամբ Ծառուկյանի դեմ արշավը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական գծի մեջ։ Նա հարձակվել է խորհրդարանում հայ–ռուսական հարաբերությունների սերտացման կողմնակից միակ քաղաքական ուժի դեմ։

Ռոբերտ Քոչարյանի կալանքից հետո սա հերթական հարվածը կլինի հայ–ռուսական հարաբերություններին, որից կշտապեն օգտվել մեր թշնամիները։ Եվ այդ ամենի պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է լինելու։

Այս խորագրի վերջին նյութերը