Մեկնաբանություն

15.06.2020 23:35


Երբ նիկոլավիրուսը հասնում է ոսկորին

Երբ նիկոլավիրուսը հասնում է ոսկորին

Չգիտեմ` Մարդ Ծեծող Նիկոլը գիտակցո՞ւմ է, թե՞ չէ, բայց Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ սանձազերծած «պատերազմից» հետո երկրում բա՛ն է փոխվել։ Շա՛տ բան։

Ոչ միայն այն առումով, որ մտավոր հետամնացությամբ չտառապող ցանկացած մեկը այլևս հասկանում է` հողը փախչում է Նիկոլի ոտքի տակից. աթոռը, որի վրա նստել է` տրորելով Սահմանադրությունը և օրենքները (այդ թվում`հավաքների մասին օրենքը, որին հղում անելով` բռնությամբ ցրեց ԱԺ երկրորդ խմբակցության ղեկավարի նկատմամբ ցինիկ ոտնձգության դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին, որոնք, ի տարբերություն Մարտի 1-ին Նիկոլի հրահանգով մայրաքաղաքի կենտրոնը պատերազմական պոլիգոնի վերածած խուժանի, զինված չէին կտրող-ծակող գործիքներով, քարերով, դյուրավառ հեղուկի շշերով զինված, մեքենաներ շուռ չէին տալիս և չէին հարձակվում ոստիկանների վրա) երերում է։

Սիրտը դող է ընկել իշխանությունը կորցնելու ահից` վերջին Պողոսն էլ տեսավ և համոզվեց, որ կիրակի օրով Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ սանձազերծված «տոտալ հարձակումը» որևէ կապ չունի իրավունքի, օրենքի, օրինականության հետ. այդ ամենը չէր լինի, եթե ԲՀԿ-ն՝ ի դեմս իր առաջնորդի, հանդես չգար հայտարարությամբ, չպահանջեր կառավարության հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններ չսկսեր քաղաքական այլ ուժերի`Դաշնակցության, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության, հիմա էլ արդեն` «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների հետ։

Այսինքն` սա քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է, որի վրա ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ աչք փակել։ Խելացնոր «գլխավոր հրամանատարը» մանիակալ դեպրեսիայի սրացումներից մեկի ժամանակ որոշեց թաղել ընդդիմությունը, այնքան ծեծել «որոշ մարդկանց», որ ծպտունները դուրս չգա, և անում է` ինչպես կարող է։ Ինչպես թույլ է տալիս դաստիարակությունը, ինտելեկտը, կրթվածությունը, քաղաքական գրագիտության և իրավագիտակցության մակարդակը։

Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ պատժիչ գործողություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը որակապես տարբերվում է մինչ այդ գոյություն ունեցող իրավիճակից` նաև այն առումով, որ առաջ ընդդիմությունը դե ֆակտո ներկայացված չէր խորհրդարանում և դե յուրե լծակներ չուներ` ազդելու քաղաքական գործընթացների վրա. տապակվում էր իր յուղի մեջ` չկարողանլով լսելի դարձնել իր ձայնը եվրոպական կառույցներում։ Սա էր նաև պատճառը, որ Եվրոպան համառորեն չտեսնելու էր տալիս 2018-ից Հայաստանում մոլեգնող իրավական, քաղաքական բեսպրեդելի մթնոլորտը։

Իսկ ԲՀԿ-ն՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, ունի՛ այդ հնարավորությունը։ Ուղղակի, քանի դանակը ոսկորին չէր հասել` մատների արանքով էր նայում այդ ամենին։ Չէր «նկատում», մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ինքնադատաստանը, չէր ընդվզում իբր թե սահմանադրական կարգը տապալելու՝ նաև ԲՀԿ-ական պատգամավորների «ստորագրությամբ» Երևանում 20 օրով արտակարգ դրություն հաստատելու և երկիրը քաղաքացիական պատերազմից զերծ պահելու շինծու մեղադրանքի դեմ։ Երբ հարց էին տալիս` ինչպես եք վերաբերվում Քոչարյանի կալանավորման փաստին, ասում էին` հարցը իրավական դաշտում է, մեր կողմից կոռեկտ չի լինի միջամտել «իրավական գործընթացին». կարծում էին` եթե հեռու մնան իրադարձությունների կիզակետից, նիկոլավիրուսն իրենց չի «կպնի», և հիմա էլ «դիստանցիա են պահպանում» երկրորդ նախագահին սատարող շրջանակներից։

Փաստն այն է, որ «այդ ուղտը» չոքել է նաև ԲՀԿ-ի, անձամբ Ծառուկյանի դռանը, և այլընտրանք չունեն` ստիպված են եվրոպացի գործընկերների, մասնավորապես, ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել ընդդիմությանը լռեցնելու, քաղաքական հետապնդումների այս խայտառակ պրակտիկայի վրա։ Եվ ամենակարևորը` խորհրդարանական վեհաժողովն, ուզած-չուզած, պիտի արձագանքի իշխանության չարաշահման խայտառակ փաստերին։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը