Մեկնաբանություն

15.06.2020 17:05


Փաշինյանը պարտվել է, Հայաստանն ապագա ունի՛

Փաշինյանը պարտվել է, Հայաստանն ապագա ունի՛

Հունիսի 14-ի զարգացումները եկան արձանագրելու մի ամբողջ շարք փաստական իրողություններ: Իրողություններ, որոնք սառը և համարժեք գնահատելու, դրանցից ճիշտ հետևություններ անելու և, բնականաբար, համակարգված գործելու դեպքում կարող են հանգեցնել մեր երկրի շնչառության վրա սև դիմակի նման ծանրացած այս ձախողակ կառավարության հեռանալուն և զարգացման նոր ուղեգիծ դուրս գալուն:

Հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը վերջնականապես և անշրջելի պարտություն կրեց: Ամենածանր պարտությունը, որ կարող է կրել որևէ քաղաքական գործիչ. նա պարտվեց ինքն իրեն: Միաժամանակ, նա պարտության մատնեց այն խմբավորմանը, որին բերել էր իշխանության, ինչպես նաև՝ գրանտային «աջակցության շահառու խմբերին», որոնք ևս ծվարել են Հայաստանի ներկա իշխանության շրջակայքում ու նաև բուն իշխանության մեջ:

Ի՞նչ պարտության մասին է խոսքը, միգուցե կտարակուսի ընթերցողը: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Նիկոլ Փաշինյանը, իր «քայլական» մեծամասնությունը, աջակցության «սարոս-գրուփ»-ը միասին ցրիվ տվեցին, ջախջախեցին նույնիսկ ամենավերջին, կներեք, Պողոսի պատրանքները: Ավելին, անկախ պաշտոն ունենալ-չունենալուց, իշխանության եկած այս երփներանգ խմբավորումը գործնականում ապացուցեց, որ բացի անձեռնահասությունից, նաև՝ հակադեմոկրատական է, օրինազանց, թքած ունի մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կանանց իրավունքների վրա: Նիկոլ Փաշինյանը գործնականում ապացուցեց, որ իրավացի են այն գնահատականները, որ իր «թավշյա» ռեժիմը հենված է բացառապես ոստիկանական մահակի վրա և շարունակվում է միմիայն պետական ռեպրեսիվ ապարատի հաշվին:

Այդպիսով իշխանության եկած բազմաշերտ խմբավորումը բացահայտ ցույց տվեց, որ անցած ամբողջ ժամանակահատվածում, առավել ևս՝ նախքան իշխանափոխությունը իրենց հնչեցրած բոլոր «ժողովրդավարական» կարգախոսները, ծավալած գործունեությունը ճանաչում են առոչինչ: Դրանից ավելի ցցուն ինքնամերկացում դժվար էր մտածել, և եթե անգամ ընդդիմադիրները միավորվեին ու համակարգված քարոզչական պայքար տանեին, ավելի ակնհայտ արդյունքի հազիվ թե հասնեին:

Ի՞նչ տեղի ունեցավ, մեծ հաշվով:

Խորհրդարան անցած, բայց ընդդիմադիր դիրքավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը օրեր առաջ հանդես եկավ ստեղծված անհանդուրժելի իրավիճակի վերաբերյալ քննադատական հայտարարությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Ինչպես ասվեց՝ 100 տոկոսով փոխվելը: Կառավարությունը անցավ հակահարձակման ու խուզարկուական «գրոհով» մտավ ԲՀԿ ղեկավարի տուն: Շարունակությունը տեսաք, գիտեք:

Էականն այն է, որ իր հրաժարականի պահանջին, ինչը նորմալ հռետորաբանություն է ցանկացած ընդդիմադիր դիրքավորված ուժի պարագայում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակադարձեց բռնակալական ամենից ռեգրեսիվ, ռեակցիան ռեժիմներին բնորոշ ոճով՝ տվյալ ընդդիմադիր կուսակցության դեմ ոստիկանական ու ԱԱԾ-ական հետապնդումներով: Կա՞ քրեական ենթաշերտ, չկա՞ այդ ենթաշերտը, նախ՝ իրավապահ-քննչական մարմինների խնդիրն է, գուցեև՝ դատարանների: Բայց այդ ամենն ընդգծված քաղաքական երևույթ է, ըստ էության՝ քաղաքական հետապնդում:

Երկրորդը. ընթացքում իշխանությունը ևս մեկ անգամ բացահայտեց, որ ցանկացած պահի պատրաստ է ոտնահարել օրենքները, պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը, հավաքներ, այդ թվում՝ ինքնաբուխ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը: Փաշինյանական իշխանությունը ցույց տվեց, որ լրիվ պատրաստ է ոստիկանական բռնություն գործադրել կանանց, այդ թվում՝ կին քաղաքական գործիչների, պատգամավորուհիների նկատմամբ:

Փաշինյանական ռեժիմը անցավ զանգվածային «բերմանենթարկում»-ների՝ մի քանի ժամով ազատությունից զրկելով հարյուրավոր քաղաքացիների:

Պարադոքսն այն է, որ հենց այդ՝ ուժ ցուցադրելով, ռեպրեսիաների դիմելով և ընդդիմախոսներին, բողոքողներին «բերման ենթարկելով» Փաշինյանը ընդամենը ամրագրեց իր քաղաքական ֆիասկոն ու լիարժեք պարտությունը: Մինչ այդ պահը կասկածող շատ-շատերին գործով ապացուցեց, որ մեր հասարակությանը անհարիր, որոշակի առումներով՝ օտար կամ խորթ, մեր երկրի ու հասարակության զարգացման հետագա ընթացքը խոչընդոտող ու հարցականի տակ դնող իշխանություն է:

Ի դեպ, բավականին հետաքրքրական է և այն, որ հունիսի 14-ի զարգացումների ընթացքում, անգամ՝ դրանցից հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ չերևաց: Անձը, որ ամեն օր «կորոնավիրուսային» ճեպազրույցներով էր հանդես գալիս, հունիսի 14-ին ասես՝ «թերակղզիացած» լիներ: Ոչ մի լայվ, ոչ մի բան:

Չի բացառվում, որ ամեն ինչ ինքը անելու սիրահար Փաշինյանը հունիսի 14-ին համակարգում էր ոստիկանության ու ԱԱԾ-ական օպերատիվ խմբերի ու վերակարգերի գործողությունները, ասենք՝ հերթապահ մասում նստած՝ հրահանգում էր, թե ում բռնեն, ում թողնեն, բռնվածներին էլ ո՞ւր տանեն, ասենք՝ Մասի՞ս, թե՞ Վաղարշապատ:

Մյուս հետաքրքիր պահն այն է, որ Փաշինյանն օրերս առաջարկում էր հակավարակային կանոնների խախտման նկարներ ու տեսանյութեր իր ֆեյսբուքյան պատին «պաձելայցցա» լինել (զետեղել): Մինչդեռ, երեկ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ականների, նրանց աջակցելու ելած քաղաքացիների, նաև՝ ոստիկանների հետ կապված համատարած տեսանյութեր ու լուսանկարներ էին՝ հիշյալ կանոնների խախտման ծիրին մեջ: Նույնիսկ այդ մասով ձայն-ծպտուն չելավ: Ինչպես չէր լսվում նաև «կլասսիկ» Մարուքյանի կուսակցության ձայնը՝ առանձին անհատների չհաշված:

Ըստ էության, հունիսի 14-ը Հայաստանի հետագայի համար մտահոգ ընդդիմադիր ուժերին ու, առհասարակ, քաղաքացիներին պետք է խթանի, որպեսզի միավորվեն և մեկտեղեն իրենց մտահոգություններն ու ջանքերը:

Այլևս պետք է որ պատրանքներ մնացած չլինեն այն առումով, թե երկրի իշխանության ղեկին ինչ տեսակի ռեժիմ է: Ձեռնոցը նետված է: Այն վերցնելու հարցում հապաղումը կարող է ճակատագրական լինել արդեն բոլորի համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը