Քաղաքական

15.06.2020 10:11


Իշխան Զաքարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Իշխան Զաքարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հարցաքննվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով՝ վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Զաքարյանը նախկինում ծանուցում չի ստացել, որևէ հարցաքննության չի մասնակցել, սակայն այսօր առավոտյան նրա տանը խուզարկություն է տեղի ունեցել:

«Հետո իրենց հետ բերել են ԱԱԾ և հարցաքննություն է տեղի ունեցել: Վկայի կարգավիճակ ունի, սակայն հարցաքննվել է կասկածյալի իրավունքներով»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով, կասկած կար, որ նա ևս կապ ունի և ըստ էության, այլ գործողություն չի կատարվել:

Հարցին, թե արդյո՞ք Զաքարյանը ցուցմունք տվել է և ինչ դիրքորոշում է հայտնել կասկածանքի վերաբերյալ, փաստաբանը դրական արձագանքեց, սակայն նշեց, որ, նախաքննական գաղտնիքից ելնելով չի կարող նշել, թե ինչ դիրքորոշում է հայտնել: Նրա փոխանցմամբ՝ հարցաքննությունը տևել է մոտ չորս ժամ: Ինչ վերաբերում է Զաքարյանի տանը կատարված խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դրա արդյունքում գործին վերաբերելի, հետաքրքրող որևէ բան տանից չեն առգրավել:

«Միայն զենքերը, որոնք օրինական են, կստուգեն և կվերադարձնեն»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 07:30-ին, ԱԱԾ աշխատակիցները մտել են ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ խորհրդարանական ընտրությունների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը