Մեկնաբանություն

13.06.2020 15:05


«Թավշապետն» ու իր «քայլային» ռեժիմը հոգեվարքի մեջ են

«Թավշապետն» ու իր «քայլային» ռեժիմը հոգեվարքի մեջ են

Թեպետ հեգնանքն ակնհայտ է, բայց նաև դժվար է ավելի հակիրճ բնութագրել այն իրողությունը, երբ 1 (մեկ) քաղաքացու բողոքի ակցիային եղած իշխանությունն արձագանքում է տասնյակ ու տասնյակ ոստիկաններով, ակցիա իրականացնողին «բերման ենթարկելով» և այլ նմանօրինակ նյարդային ու ջղագրգիռ շարժումներով:

Խոսքն, իհարկե, Արցախի նախկին ՄԻՊ, ճանաչված ու հարգված իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի երեկվա «Միայնակ ակցիայի» ու փաշինայանական ռեժիմի դրսևորած անհամաչափ, կարելի է ասել՝ հիստերիկ արձագանքի մասին է:

Երեկ, հայտնի է, Ազգային ժողովն զբաղեցրած «իմքայլական» մեծամասնությունը հնազանդ տմբտմբոցով հավանություն տվեց «արտակարգ դրությունը» մի հատ էլ երկարաձգելու կառավարության որոշմանը: Արտակարգ դրությունը, արդեն շատ է ասվել, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, քանզի հնարավորություն է տալիս արգելել բողոքի խաղաղ ակցիաները, խաղաղ ցույցերը, հավաքները: Մինչդեռ, փաշինյանական կառավարության անձեռնահաս գործունեության հետևանքով ոչ միայն ավելի է սաստկանում առանց այդ էլ ծանր վիճակը՝ թե՛ կորոնավարակի տարածման ու դրա հետևանքների, թե՛ սոցիալ-տնտեսական առումներով, այլև բնականորեն աճում է քաղաքացիների դժգոհությունը:

Եվ ահա, Ռուբեն Մելիքյանը, նախաձեռնել էր նշված «Միայնակ ակցիան»՝ միանգամայն տեղին բարձրացնելով խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը վերադարձնելու պահանջը:

Ուշադրություն դարձնենք. իրավապաշտպանը չէր դրել, օրինակ, իշխանությունը քաղաքացիներին վերադարձնելու պահանջ կամ, ասենք՝ փաշինյանական իշխանության հեռացման, կառավարության հրաժարականի պահանջներ չէր առաջադրել: Ընդամենը՝ խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիական ազատությունը վերադարձնելու, «արտակարգորեն» վերացված իրավունքը վերականգնելու պահանջ էր դրել:

Փաշինյանի իշխանությունը գերադասեց արձագանքել իր արդեն միակ հուսալի «գործիքով»՝ ռեպրեսիայով. Ռուբեն Մելիքյանը և «Միայնակ ակցիայի» անցկացման վայրի մերձակայքում եղած երեք այլ քաղաքացի մի քանի տասնյակ ոստիկանների ջանքերով «բերման ենթարկվեցին»:

Հետո, երբ այլ քաղաքացիներ տեղեկացան կատարվածի մասին, շտապեցին ոստիկանության այն բաժանմունքի մոտ, որտեղ տարվել էին Ռուբեն Մելիքյանն ու մյուս քաղաքացիները: Ոստիկանությունը «բերման ենթարկեց» նաև «բերման ենթարկվածներին» աջակցելու համար եկած քաղաքացիներին: Հետո ոստիկանությունից ելավ «բերման ենթարկված» Ռուբեն Մելիքյանը և, տեղեկանալով կատարվածի մասին, նորից մտավ ոստիկանական բաժանմունք, արդեն որպես իրավապաշտպան՝ մյուս «բերման ենթարկվածներին» իրավական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար:

Չէ՛, սա իրավակատակերգական ինչ-որ ֆիլմի սցենար չէ: Սա Հայաստանի այսօրվա իրականությունն է՝ «թավշապետերի» ռեժիմով ձևավորված խեղկատակայի՛ն իրականությունը:

Լավ, ինչո՞ւ է այդպես խուճապահար փաշինյանական ռեժիմը: Վերջին հաշվով, եթե իշխանության նյարդային ու հիստերիկ արձագանքը չլիներ, ապա Ռուբեն Մելիքյանի «Միայնակ ակցիան» առավելագույնը կարտացոլվեր իշխանության վերահսկողության տակ չգտնվող կայքերի լրահոսում, մի քիչ սոցցանցերում կքննարկվեր, մինչև մի նոր «թոփ թեմա» ի հայտ գար, ասենք, նույն Փաշինյանի «վիձիոն պաձելայցցա արեք» ջոնիբրջոնիամիտ նախաձեռնությունը:

Իսկ ոստիկանական նման ռեակցիայից հետո, հանրության շատ ավելի լայն շերտեր ոչ միայն տեղեկացան Ռուբեն Մելիքյանի իրականացրած ակցիայի մասին, այլև՝ հետաքրքրվեցին բովանդակությամբ: Ու քանի որ մարդիկ իրենք էլ կուտակված դժգոհություն ունեն, շատերը նաև համակրանքով ու հավանությամբ ընկալեցին իրավապաշտպանի քայլը: Ավելին, իշխանության այդ ռեպրեսիվ ռեակցիան հազիվ թե վրիպի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունից, չնայած դա իրենց գործն է, և գոնե տողերիս հեղինակին դա քիչ է հետաքրքրում:

Իսկ վերը նշված «ինչո՞ւ»-ն հետաքրքիր դիտարկումների առիթ է տալիս: Բանն այն է, որ մի նախկին լրագրող, որ բռնապետի հավակնություններ ունի, ժամանակին սկսել է հենց «1+1+1...» տարբերակով: Եվ այժմ, տեսնելով, արտաքնապես (բովանդակային պարունակությունն, իհարկե, անհամեմատելի է) իր իշխանափոխական տեխնոլոգիական հնարքը հիշեցնող դրսևորում, նա շտապում է ափալ-թափալ ոստիկանության վաշտեր ուղարկել 1 կամ թեկուզ՝ 3 քաղաքացու բերման ենթարկելու համար: Ու այդպիսով... նա միանգամից ցույց է տալիս իր վախը, սարսափի կամ խուճապի աստիճանը:

Առավել ևս, անկախ այն բանից, թե ինչ հոխորտալից ելույթներ է ունենում Փաշինյանը, նա, կարծում եմ, հնարավորինս տեղեկացված է, որ հանրության մեջ ոչ թե սոսկ խմորվում, այլ օրեցօր աճում, ահագնանում է դժգոհությունն իր կառավարությունից ու իշխանությունից: Ավելին, նա չի կարող չտեսնել, որ ինչքան ավելի բոցաշունչ ելույթներ է ինքն ունենում, այնքան ավելի ընդգրկուն ծաղրուծանակի առարկա է դառնում: Ոչ թե սոսկ քննադատության, այլ ծաղրի առարկա: Դա մահացու է ցանկացած բռնակալական ռեժիմի համար:

Փաշինյանը կարծում է, թե ահա այսպես՝ ռեպրեսիվ արձագանքելով կարող է վախեցնել կամ ահաբեկել հասարակությանը, մեզանից յուրաքանչյուրին: Նա սխալվում է: Բանն այն է, որ չնայած ԱԺ դիմաց պահանջն ու բողոքը ֆիզիկապես մեկ մարդ էր արտահայտում, բայց այդ մեկ մարդը արդեն շատ-շատերս ենք:

Ի դեպ, կարելի է «ֆլեշ-մոբ» անցակցնել, ու ամենատարբեր վայրերում, մենակ-մենակ բողոքի ակցիաներ անել: Ասենք, մի 10 հազար հոգով, բայց՝ միաժամանակ: Թող ոստիկանությունը որքան կարող է՝ վազվզի, գոնե այդպես արդարացնելով փաշինայանական կառավարության տված, ապա արագորեն հետ վերցրած «պրեմիաները»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը