Մեկնաբանություն

13.06.2020 11:10


Թվաբանություն` Նիկոլի ձևով. 100-ից հանած 96 հավասար է 96-ի

Թվաբանություն` Նիկոլի ձևով. 100-ից հանած 96 հավասար է 96-ի

Այն, որ Նիկոլը թվաբանությունից նույնքան հեռու է, ինչքան «խոզը տուռնիկից», և անընդհատ սխալվում է իր հաշվարկներում, նորություն չէ։

Բայց «կորոնավարակային» վերջին սրացումներից հետո` որպես սխալ կամ «արագացված» բուժման կողմնակի հետևանք, զրկվել է սթափ մտածելու վերջին նշույլներից. գումարման նշանը բազմապատկման նշանից չի տարբերում, չգիտի` մեկին գումարած երկուս ինչ է անում, և ընդհանրապես լրիվ խառնել է ալիքները։

Ամենավատն այն է, որ ամբողջությամբ կորցրել է քաղաքական հոտառությունը, սաստիկ դյուրագրգիռ է, ամեն փոքր բանից ջղաձգվում է, անկանոն շարժումներ անում, փրփուրը բերանին` հայհոյում, անիծում, սպառնում բոլորին, ովքեր համարձակվում են անգամ հարևանցի ակնարկել իր հրաժարականի մասին։ Իհարկե, առա՛ջ էլ մի բան չէր, բայց հիմա լրիվ անկառավարելի է դարձել։ Կարճ ասած`ծանր վիճակում է։

Օրերս էլ, ահա, բրիֆինգային հերթական սրացումներից մեկի ժամանակ, կուժն ու կուլան ջարդեց Հայաստանի ամենակայացած, շատերի կարծիքով միակ կայացած կուսակցության` Դաշնակցության վրա։ Նրա համար, որ չեն ընդունում ԼՏՊ-ի ձեռամբ շրջանառության մեջ դրված, ագիտպրոպի կողմից 100-ի վրա շահարկվող «տեսակետը», թե գետանցի (կորոնավիրուսի դեմ պատերազմի) ժամանակ ձիերին (տապալված «գլխավոր հրամանատարին») չեն փոխում, և էս «օրհասական պահին» իր հրաժարականը պահանջելը դավաճանություն է կամ դրան հավասարեցված մի բան։

Այնքան էր մաղձոտած, որ «հրաժարականի» թեման արդեն տիրապետող է դառնում` ով չի ալարում, այդ մասին է խոսում, որ տարավ-բերեց և ոչ միայն Դաշնակցությանը`իր բոլոր «տեսանելի և անտեսանելի թշնամիներին» բացիլ անվանեց (Գեբելսի ականջը կանչի)։ Իսկ ի՞նչ են անում բացիլի հետ։ Ճիշտ է` ոչնչացնում են հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով. դա էլ հո կորանավիրո՞ւսը չի, որ ասի` ո՞ւմ շունն ա, որ... պինցետով հատ-հատ կքերենք, արաղով կախտահանենք, կանցնի, կգնա։ Այնպես որ, ներում-բեկում չսպասեք`խաղասեղանին դրված է իշխանություն լինել-չլինելու հարցը, և «թշնամու» առաջը պետք է առնել ընդհուպ`պետությունը վարի տալու գնով։

Փաշինյանը նույնիսկ կոնկրետ թվեր նշեց։ Ասաց` «ժողովրդի» (երևի նկատի ունի «չհիասթափվածներին») ուղիղ 96 տոկոսը սարի պես կանգնած է իր մեջքին, և ընդամենը 4 տոկոսն է ուզում, որ ինքն ու իր չեղած կուսակցությունը րոպե առաջ «վեշերները հավաքեն» ու գնան «на все четыре стороны»` թողնեն, որ երկիրը շտկի ողնաշարը։ Այ, այստեղ է, որ երևաց բանասիրական ոչ լրիվ կրթություն ստացած նախկին լրագրողի թվաբանական տարրական գիտելիքների և տարրական տրամաբանության պակասը։

Եթե հիշում եք, մեկուկես առաջ, 2018թ. դեկտեմբերին «հեղափոխական էյֆորիայի դոզայի տակ» անցկացված արտահերթ ընտրություններում, հենց միայն ՀՀԿ-ն 4,5 տոկոս ձայն էր հավաքել։ Մոտ 8,3 տոկոս ստացել էր ԲՀԿ-ն, 6,5 տոկոսի չափ` «Լուսավոր Հայաստանը», մի 10 տոկոս էլ` Դաշնակցությունը և մյուսները։ «Իրենց քայլին» բաժին էր ընկել ձայների մոտ 70 տոկոսը` 44 տոկոս մասնակցության պայմաններում, այսինքն` ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 33 տոկոսն էր քվեարկել «ժողովրդի վարչապետի» օգտին։

Փաստորեն, Նիկոլի կարճ խելքով`հեղափոխական հոգեխանգարմունքի «պիկի» ժամանակ իրեն ձայն չտված 67 տոկոսը անցած մեկուկես տարվա քաղաքական վայրիվերումների, իրավական բեսպրեդելի, տնտեսական և սոցիալական անորոշությունների, հատկապես` վերջին երեք ամսում կորոնավարակի դեմ պայքարում ցուցաբերած կատարյալ անկարողության «ֆոնին» մի այլ ձևի ինքնամոռաց սիրով սիրահարվել է իրեն և անմեղսունակների իր ջոկատին։

Կարծես ինքը չէր մոդելավորում (կամ, ինչպես կասեր իր չառողջապահության նախարարը, սորտավորում) հիասթափվածների օրըստօրե ահագնացող բանակը`ըստ կատեգորիաների. «փայ ուզող փայ չստացածներ», «փայը պահպանել կամ ընդլայնել ցանկացող, փայից զրկվածներ», «լափամանին մոտ գալու հետին մտքերով ՔՊ-ին կցված, լափամանից օգտվելու լիցենզիա չստացածներ», չբավարարված ռուսամետներ, չբավարարված արևմտամետներ և այդպես շարունակ։ Ինչից հետևում էր, որ անգամ իրեն իշխանության բերած ահռելի մասը հիասթափվել է և դարձել «դավաճանության բացիլակիր»։

Նույնը` լրատվական դաշտում։ Եթե 1,5-2 տարի առաջ լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում էր կամ առնվազն լոյալ էր իր հանդեպ, հիմա հատուկենտ լրատվամիջոցներ են իրեն աջակցում (խոսքը, բնականաբար, կառավարության յութուբյան ԽՈԶափողերի մասին չէ). մենք չէ` ինքն է մնում-մնում, բողոքում, թե լրատվամիջոցների 99 տոկոսը «ծախված» է` սպասարկում է «սերժական, քոչարյանական հանցավոր բանդային»։

Նույնը` քաղաքագետների, վերլուծաբանների, քաղտեխնոլոգների դեպքում է. եթե մի ժամանակ հույսեր էին կապում Փաշինյանի և իր «խեղափոխության» հետ, հիմա չկա՛ մեկը, որ չքննադատի, չխոսի ռեկորդային կարճ ժամանակում փոշիացված վստահության, կորսված հնարավորությունների, Հայաստանի, հատկապես Արցախի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների և Փաշինյանին օր առաջ տուն ուղարկելու անհրաժեշտության մասին։

Այնպես որ, եթե խոսենք 96/4 հարաբերակցության մասին, ապա, այո` 96 տոկոսը դժգոհ է Փաշինյանից ու իր թրաշամանուկներից, և միայն 4 տոկոսն է շարունակում կրծքով պաշտպանել նրան։ Այդ թվում`ինքը, իր ընտանիքը, իր կուսակցությունը և իր շռայլ պարգևատրումներից գլուխը կորցրած խորհրդարանական մեծամասնությունը։

Եվ ինչքան շուտ երկնքից իջնի, բացի աչքերը, ուղեղին զոռ տա, հասկանա այս տարրական ճշմարտությունն ու «նամուսով» հեռանա, այնքան լավ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը