Քաղաքական

12.06.2020 15:39


Արտակարգ դրության ժամկետի երկարացումը փորձ է՝ քողարկելու սեփական անպատասխանատվությունը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Արտակարգ դրության ժամկետի երկարացումը փորձ է՝ քողարկելու սեփական անպատասխանատվությունը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ 90 օր արտակարգ դրության ժամանակ հիմնականում սահմանափակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Արծվիկ Մինասյանը, որը մի շարք այլ քաղաքական, հասարակական գործիչների հետ ոստիկանության մոտ է՝ ի նշան իրավաբանների բերման ենթարկվելու դեմ բողոքի։

«Անգործությունը, որ իշխանությունը դրսեւորեց կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին, վկայությունն է նրան, որ կառավարությունը ձախողել է կանխարգելիչ եւ մարդկանց առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությունը եւ նորից մեխանիկորեն երկարացնել՝ առանց բովանդակային լուրջ վերլուծությունների, համարում ենք անթույլատրելի։ Սահմանադրության կոպտագույն խախտում է նման կերպով արտակարգ դրության ժամկետի մեխանիկական երկարացումը եւ փորձ է քողարկելու սեփական անպատասխանատվությունը։ Արհեստականորեն ձգել, սահմանափակել մարդկանց օրինական իրավունքները իրացնելը, անտրամաբանական պահանջներ առաջադրելը բերելու է նրան, որ հասարակությունն էլ ավելի է լարվելու, լարվելու է մթնոլորտը։ Կառավարության անպատասխանատու վարքագիծը ստեղծել ու ստեղծում է սոցիալ-տնտեսական, արտաքին բավական լուրջ սպառնալիքներ»,-ասաց նա։

Նշենք, որ ոստիկանության մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել այն բանից հետո, երբ 4 իրավաբանի ոստիկանները ԱԺ-ի մոտից բերման էին ենթարկել։ Նրանց մի մասին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը