Մեկնաբանություն

29.03.2011 17:02


Վարչապետը «գյուղական» է գնում

Վարչապետը «գյուղական» է գնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա իշխանության երիտթևն ակնհայտորեն «կայֆավատ» է լինում։ Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը պատժում է նրան ու «Տիգրանիկս գուլպա չունի, հանդ է գնում ոտաբաց» թեմայով «գանյատ» է անում «բարեշրջիչին» դեպի գյուղեր, որպեսզի վարչապետը հա՛մ իր աչքին չերևա, հա՛մ էլ՝ աթարի հոտը քաշի ու գյուղացու «ղադրը» իմանա։

Վարչապետի «գյուղական գնալու» մյուս պատճառը կարող է լինել այն, որ նա փորձ է անում հետին թվով սրբագրվել իր՝ «Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ ու մենք պետք է ծառայություն մատուցենք» տխրահռչակ ձևակերպումներից։

Ամեն դեպքում զգացվում է, որ Տ. Սարգսյանի դիրքերը թուլացել են ու եթե հաշվի առնենք նաև այն, որ հեռուստաեթերով են սկսել «քլնգել» Տիգրանին, ապա պարզ է դառնում, որ նրա բանը «բուրդ» է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սարգսյան Տիգրանն անփառունակ կառավարում իրականացրեց ու ձախողվեց բոլոր առումներով։ Ուզում էր լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։

Մարդ, ով ԿԲ–ի տաքուկ ու «յուղոտ» տեղը թողած՝ եկավ Կառավարություն, որը, իր կարծիքով, ավելի տաքուկ ու «յուղոտ» էր լինելու, իրականում հայտնվեց զավեշտալի իրավիճակի մեջ, և հիմա կովի պտուկների ու սիլոսի թեմայից այն կողմ չի կարողանում խոսել։ Ասվել է՝ լինել գյուղացու կողքին, Սարգսյան Տիգրանն էլ բառացի է հասկացել վերևից տրված հրահանգն ու գյուղից տուն չի գալիս և «նա վսյակի» տաք հագուստ–մագուստ է ճարել։

Երեկ «ազատ, բայց սերժատու» հեռուստաեթերը լցված էր վարչապետի «ռետրո» ոճի հարցազրույցով։ Սիլիկոնային հովիտներից դեպի հայաստանյան դաշտավայրերն ու հանդերն իջած «միջազգայնագետը», բրդից գործած ժակետը հագին և կիզիչ արևի տակ, հարցազրույց–դասախոսություն էր տալիս լրագրողներին։

Վարչապետի՝ «գյուղական հորիզոններ»–ին նմանվող հաղորդումը հիշեցնող խոսքն այնքան ուշագրավ չէր, որքան «միզանսցենը»։ Սարգսյանը նստած էր փայտե աթոռին, հետևում կճուճ կար, ծառեր և այլ գյուղական «ատրիբուտներ»։ Կատարյալ հեռուստահաղորդում ստանալու համար պակասում էին կովերի բառաչյունը՝ որպես «ինտերշում» և ոչխարների մայուն՝ որպես գործադիրի ղեկավարի խոսքերի  զանգվածային «ադաբրյամս»։ Վարչապետի ու լրագրողների նստած ձևն ու դասավորությունն  այնպիսին էին, որ հիշեցնում էին չինական հայտնի ֆիլմերի «արևելյան մարտարվեստի սենսեյը և յուր աշակերտները» պատկերը։ Ի դեպ, մինչև հարցազրույցի վերջանալը վարչապետը հասցրեց ահագին «զագառ» ընդունել. սկզբի ու վերջի կադրերը դիտելիս զգացվում է «Հայկական աշխարհի» ճարտարապետի դեմքի կարմրածությունը։

Փաստորեն, իշխանությունները վերջնականապես մառազմի մեջ են հայտնվել։ Մե՛կ գյուղնախարարին են եթեր հրում, որի ժամանակ Սերգո Կարապետյանը, ականջ սղոցող ձայնով, գյուղացիներին ինչ–որ բան է բացատրում ու փորձում ցույց տալ, թե լծվել է գյուղը փոսից հանելու գործին, մե՛կ նրանից հետ չի մնում վարչապետն ու հարձակվում է կովի «խանգարող հանգամանքների» և մյուս մասերի վրա։

Չգիտեմ, թե վերջում ինչ է ստացվելու «Փրկենք գյուղը» իշխանական լոզունգի կիրառումից հետո, բայց որ այս տարի զվարճալի տեսարանների պակաս չենք ունենալու, դա՝ հաստատ։ Վարչապետին մի երկու անգամ էլ գյուղ գործուղեն ու մի երկու հարցազրույց–մարցազրույց ցույց տան եթերով, հումորիստները կարող են արդեն փոխել իրենց մասնագիտությունն ու այլ աշխատանք փնտրել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հա, չմոռանամ ասել։ Վարչապետի այս վերջին հարցազրույցին միգուցե չանդրադառնայինք, եթե երեկ մի շատ «խոխմա» հեռախոսազանգ չլիներ։

Երեկոյան մեր կայքէջի խմբագրություն զանգահարեց մի երիտասարդ աղջիկ (ձայնից զգացվում էր, որ տարիքը 25–ից բարձր չէ) և առանց ներկայանալու հրամայական տոնով ասաց, որ մենք անպայման անդրադառնանք վարչապետի հարցազրույցին, որն արդեն տեղադրված է պաշտոնական կայքէջում։ «Տարբեր ռակուրսներով»,–չմոռացավ նշել լրատվականի աշխատող ներկայացած նորաթուխ չինովնիկը։

Աղջիկն ակնհայտորեն անփորձ էր ու մտածել էր, թե բոլոր լրատվամիջոցներին կարող է զանգահարել ու ցուցումներ տալ։ Զգացվում էր, որ նա զանգահարում ու նույն բանն է ասում, ենթադրաբար, այլ լրատվամիջոցների ևս։

Կառավարության լրատվականի աշխատակիցն ակնհայտորեն մեր կայքէջի գործունեությանը չի հետևում, այլապես այդպիսի «լյափսուս» չէր տա ու անկապ ցուցումներ չէր իջեցնի։ Մի խոսքով՝ տեղը չէր բերել։

Ինչպես հայտնի է,  7or.am–ը մեծապես նպաստել է վարչապետի՝ «խելքի տոպրակ» լինելու փուչիկի պայթեցման հայրենանվեր գործին ու մեզ զանգել և ասել, թե անպայման կանդրադառնաք Սարգսյան Տիգրանի հարցազրույցին՝ նշանակում է դավադրություն կազմակերպել վարչապետի դեմ ներսից, կամ էլ այնքան անտեղյակ լինել, որ չհասկանալ, թե ուր ես զանգել և ում ես ինչ հրահանգում։

Դե ինչ, մենք ամեն դեպքում ընդառաջ ենք գնում Կառավարության համապատասխան աշխատակցի հրահանգին ու սույն հոդվածով անդրադառնում ենք վարչապետի հարցազրույցին՝ հնարավոր «բոլոր ռակուրսներով»։

Հ.Գ.–2։ Կառավարության լրատվականին խորհուրդ ենք տալիս վարչապետի մյուս հարցազրույցից հետո «խամ» աշխատողների չներգրավել Տիգրան Սարգսյանի PR–ի գործում, այլապես ավելի շատ «ռակուրսներով» կանդրադառնանք նրա մտքի թռիչքներին։

Այս խորագրի վերջին նյութերը