Քաղաքական

12.06.2020 12:43


Արմեն Գևորգյանի 75-ամյա հորը մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ու փաստարկված քննադատությանը․ պաշտպանական թիմ

Արմեն Գևորգյանի 75-ամյա հորը մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ու փաստարկված քննադատությանը․ պաշտպանական թիմ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել փոխվարչապետի հորը մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ հայտարարության վերաբերյալ․

«ՀՀ ՀՔԾն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին։ 75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ելույթներին և գործող կառավարությանը փաստարկված քննադատությանը։

Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ: Համատարած է ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների իրականացումը, այլ նաև նրանց մերձավորների հետապնդումները:

Այս միտումով էլ պայմանավորված Հայաստանում որդեգրվել է մի գործելաոճ, երբ համատարած անհիմն արգելանքներ են դրվում տարբեր անձանց և նրանց մերձավորների գույքի ու հաշիվների վրա, ամենևին հաշվի չառնելով, թե արդյոք այդ անձինք առնչություն ունեն որևէ հանցագործության հետ, կամ արդյոք արգելադրվող գույքը գոնե տեսականորեն կարող է ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով ծագած միջոցներից, թե ոչ:

Նույն կերպ ապօրինի արգելանքներ էին դրվել Արմեն Գևորգյանի մերձավոր և հեռավոր հնարավոր բոլոր բարեկամների գույքի ու հաշիվների վրա: Այս ապօրինի որոշումները, բնականաբար, բողոքարկվել են դատական կարգով: Բողոքարկման բազմաթիվ հիմքերից մեկը եղել է այն, որ արգելանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա: Փաստորեն ՀՔԾ-ն չհապաղելով, որոշեց Արմեն Գևորգյանի հոր գույքի վրա կալանք դնելու որոշմանը օրինական տեսք տալու նպատակով ոչ ավել, ոչ պակաս նրան ներգրավել որպես մեղադրյալ:

Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ: Ընդ որում, ըստ նույն մեղադրանքի, Անդրանիկ Գևորգյանը իբր հանդիսանալով ընկերության գործադիր տնօրեն օժանդակող բնույթի գործողությունները կատարել է հենց այդ ընկերությանը փոխանցվող գումարը տնօրինելով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դեռևս 14.12.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Արմեն Գևորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Սակայն Անդրանիկ Գևորգյանն էլ երբևէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Ցավով կարող ենք փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի համար բացարձակ նշանակություն չունեն փաստական հանգամանքները, ապացույցները, հնարավոր հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Կա հրահանգ, հրահանգը պետք է կատարվի, անգամ եթե այդ հրահանգը ոչ միայն դուրս է իրավական դաշտից, այլ չի կարող տեղավորվել անգամ բարոյական ու մարդկային սահմաններում:

Ցանկանում ենք ընդգծել, որ Անդրանիկ Գևորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է, որն ըստ էության սկսվել է դեռևս 2018թ. օգոստոսի 03ից:

Արձանագրենք,որ այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Արմեն Գևորգյանի բազմաթիվ իրավունքների խախտումներն արդեն իսկ հաստատվել և արձանագրվել են ինչպես ՀՀ դատարանների, այնպես էլ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից»:

Այս խորագրի վերջին նյութերը