Մեկնաբանություն

12.06.2020 09:00


«Թավշյա» դիվանագիտությո՛ւն. կա՞, թե՞ չկա, սա՞ղ է, թե՞ մեռած է, բայց թաղած չէ

«Թավշյա» դիվանագիտությո՛ւն. կա՞, թե՞ չկա, սա՞ղ է, թե՞ մեռած է, բայց թաղած չէ

Մինչ «պաշտոնական աղբյուրները» բերանը ջուր են առել` համեստորեն լռում են թավշյա «նոր Հայաստանի» չունեցած եվրոպական քաղաքականության հերթական խայտառակ պարտության մասին, «ոչ պաշտոնական աղբյուրները», որոնց Նիկոլ Բացիլա(տ)գետը «բացիլ» է անվանում, ցավով արձանագրում են, որ եվրոպացի գործընկերները մեզ նորից «ասֆալտին են փռել»։

Պարզվում է` հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները համատեղ հայտարարություն են արել, որով, ըստ էության, դատապարտում են «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման» նախագիծը։

Որպես սկիզբ, իրենց մտահոգությունն են հայտնում` առ այն, որ «անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի»` Կապանը կապելով Հադրութի շրջանի հետ, և, ո՜վ սարսափ, կանցնի Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք (բռնվեք, որ չընկնեք) «ևս օկուպացված են»։ Ասել կուզի, մեզ պարտադրված պատերազմի և ադրբեջանցիների «զանգվածային առնետավազքի» արդյունքում ազատագրված` հայկական ուժերի վերահսկողության տակ անցած շրջաններն են «օկուպացված», այլև ԽՍՀՄ Սահմանադրությամբ Ադրբեջանից անջատված և միջազգային իրավունքի բոլոր նորմերով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը. այն, ինչի մասին 30 տարի է` կոկորդ է պատռում Ադրբեջանը։

Հետո բացատրում են, թե ինչու են դեմ բառի բուն իմաստով կառուցողական այդ նախագծին. «Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության` միջազգային իրավունքի խախտմամբ։ Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը։ Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։

Այդպես` «ցավելով» ու խորապես ափսոսալով չճանաչված Արցախի քաղաքացիների առանց այն էլ խիստ սահմանափակ հնարավորությունները քչից-շատից մեծացնող «հանդուգն» նախաձեռնության համար, փաստացի «ամրացնում»-ամրագրում-օրինականացնում են «ահաբեկչական» քաղաքականությունը, որ «կառուցողական» Ադրբեջանն իրականացնում է արցախահայության նկատմամբ` հայտարարելով. «Առանց աչքը թարթելու կխփենք-կգցենք ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, որ կհանդգնի հատել մեր «օդային սահմանը» և անցնել Ստեփանակերտի կողքով»։ Պարզ է, չէ՞, թե ինչու. որովհետև Ստեփանակերտի օդանավակայանն էլ է վերակառուցվել և վերագործարկվել «առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»։ Եվ ուրեմն` «ամրացնում է ԼՂ և շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը»։

Վերջում, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ վերջին 20 տարիներին առաջին անգամ Միացյալ Եվրոպան ոտով-գլխով, հոգով-սրտով սուլթանապետական Ադրբեջանի հետ է` ընդդեմ թավշյա «նոր» Հայաստանի և «նորացված» Արցախի, կնիքը դնում են, թե բա` «մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»։ Եվ իհարկե, ոչ մի ակնարկ`Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Համաձայնեք, այսպիսի շրխկան ապտակ եվրոպական հանրությունից Հայաստանը դեռ երբեք չէր ստացել։ Առնվազն 1998-ի իշխանափոխությունից հետո։

Իսկ թավշյա դիվանագիտության ռահվիրաների «տանձին չէ»։ Նրանք շարունակում են իրենց «շլանգի» տեղ դնել. իբր` ի՜նչ տարածքային ամբողջականություն, ի՜նչ փուլային կարգավորում, ի՜նչ փաստաթուղթ, ի՜նչ բան, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել։

Արտաքին գերատեսչության «անպատասխանատուին» դիմահար հարց են տալիս` ի վերջո, բանակցային սեղանին փաստաթուղթ կա՞, թե՞ չկա, ասում է`արդեն պատասխանել եմ այդ հարցին, չգիտեմ` էլ ոնց բացատրեմ... Հիմա էս մարդուն ո՞նց բացատրես, որ ոչ դու, ոչ էլ առավել ևս քո վարչապետը ոչ մի անգամ սպառիչ պատասխան չեք տվել «այդ հարցին». ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ երեկ չէ առաջին օրը։ Եվ հետո` այստեղ բացատրելու բան չկա. ընդամենը պետք է ասեք`այո՛ կամ ոչ, բանակցո՞ւմ եք «փուլայինի» շուրջ, թե՞ չեք բանակցում։

Եթե չեք բանակցում, ինչո՞ւ դեմքի մկանը չեք շարժում, երբ «եվրոպացի գործընկերները» մադրիդյան փաթեթում ամրագրված երեք հիմնարար սկզբունքներից առանձնացնում են մեկը` խնդիրը «Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված սահմանների ներքո» լուծելու թեզը և ներկայացնում դա որպես տարածաշրջանային խաղաղության և համագործակցություն բանալի։ Ինչո՞ւ մատը մատին չեք խփում, որ Ադրբեջանի «պաշտոնական տեսակետները» մեկին` մեկ, առանց փոփոխության, չամրագրվեն ԵՄ փաստաթղթերում, դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր վրա Հեյդարի որդի Իլհամի խոսափողի գործառույթ չվերցնի։

Ընդհանրապես, կա՞ք, թե՞ չկաք, «սա՞ղ» եք, թե՞ նիկոլաբացիլային էքսպանսիայի տակ եք մնացել`մեռած եք, բայց թաղած չեք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը