Լրահոս

11.06.2020 13:12


Մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել. Թեհմինա Վարդանյանը՝ կուսակցությունից դուրս գալու մասին

Մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել. Թեհմինա Վարդանյանը՝ կուսակցությունից դուրս գալու մասին

Այս պահին, որևէ այլ կուսակցությանն անդամակցելու պլաններ չունեմ և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ չեմ ունենա։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու իր որոշմանը։

«Սա կարծում եմ՝ վաղուց արդեն սպասված որոշում էր, որովհետև սկսել էինք որոշակի տեսակետներ չկիսել տարբեր հարցերի շուրջ և այսպես ավելի ազնիվ էր, թե կուսակցության, թե իմ և թե ժողովրդի հանդեպ։ Կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել եմ ես, երեկ խոսել եմ թե կուսակցության ղեկավարի՝ Արամ Սարգսյանի հետ, թե կուսակցական ընկերներիս հետ, տեղյակ եմ պահել և դուրս եմ եկել կուսակցությունից։ Ուզում եմ նշել, որ որևէ խնդրահարույց բան չկա, մենք սիրով հրաժեշտ ենք տվել միմյանց, շարունակելու ենք շփվել և որոշակիորեն համագործակցել, բայց այլևս ես «Հանրապետություն» կուսակցության անդամ չեմ հանդիսանում»,-ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ որքան էլ, որ իր և մասնավորապես կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տեսակետները տարբեր հարցերի շուրջ տարբեր են եղել, Սարգսյանը երբեք չի նախատել իրեն իր հայտնած դիրքորոշման համար. «Այո մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել, բայց այնպես չէ, որ ինձ նկատողություն են արել դրա համար կամ ասել են, որ չէ, դու չպետք է քննադատես իշխանություններին։ Որոշումը բացառապես եղել է իմը»։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այլևս որևէ կաշկանդվածություն չունեք, արդյոք մինչ այս կաշկանդված եք եղե՞լ ինչ որ հարցերում՝ հարցին Վարդանյանը պատասխանեց. «Կաշկանդվածություն, ըստ էության չի եղել, որովհետև նորից եմ կրկնում, որևէ մեկը ինձ չի նախատել իմ խոսքի կամ գրառման հետ կապված, բայց ներքին կաշկանդվածություն, այնուամենայնիվ եղել է, որովհետև կա կուսակցություն , որին անդամակցել եմ և կուսակցության դիրքորոշումը որոշակի տարբերվել է իմ դիրքորոշումից։ Այլևս ես բացարձակ ազատ եմ և անկաշկանդ։ Ներքին կաշկանդվածությունը եղել է կուսակցության հանդեպ հարգանքից ելնելով, որոշակի վերապահումներ ունենալով, հաշվի առնելով նաև, որ Արամ Սարգսյանն իմ քավորն է, այստեղ ընտանեկան խնդիր էլ կա, անձնական հարաբերություններ էլ կան։ Ես մշտապես հարգանքով եմ վերաբերվել և շարունակելու եմ հարգանքով վերաբերվել, թե պարոն Սարգսյանի դիրքորոշմանը, թե կուսակցության դիրքորոշմանը»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից, բայց շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու է հանուն Երևանի ու երևանցու:

Այս խորագրի վերջին նյութերը