Քաղաքական

11.06.2020 12:16


Երկրում ուժեղանում են ընդդիմադիր տրամադրությունները, Փաշինյանը կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում դրեց Սարգսյանին. «Վզգլյադ»

Երկրում ուժեղանում են ընդդիմադիր տրամադրությունները, Փաշինյանը կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում դրեց Սարգսյանին. «Վզգլյադ»

Հայաստանի միանգամից երեք ուժային կառույցների՝ Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարները հորինված պատճառներով հեռացվել են զբաղեցրած պաշտոններից. սրան Հայաստանի բնակչության մեծ մասը հավանություն չի տա: Այս մասին ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կարանտինի կանոնների խախտման համար ուժային միանգամից երեք կառույցների ղեկավարներին պատժելու որոշումը:

Հայտնի է, որ Փաշինյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Հայաստանի բնակիչների մեծ մասը հավանություն չի տա հրաժարականների վերջին շարքին, քանի որ այժմ հասարակության մեջ բավական լուրջ պառակտում կա: Վարչապետի վարկանիշն արդեն մի քանի ամիս ընկնում է, ինչը պայմանավորված է համավարակի ֆոնին Փաշինյանի չափազանց անփույթ քայլերով, ինչպես նաև նրա վարած ոչ արդյունավետ կադրային քաղաքականությամբ: Վարչապետը մեկ նախարարներ է նշանակում, մեկ էլ շատ արագ նրանց աշխատանքից ազատում»,-ասել է Լեպյոխինը՝ նկատելով, որ երկրում ընդդիմադիր տրամադրություններն ուժեղանում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի այլընտրանքային էլիտար խմբերում:

Լեպյոխինի խոսքով՝ Սարգսյանի թիմի՝ երկու տարի առաջ իշխանությունը կորցրած նախարարները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության ակտիվիստները «ամենևին էլ չեն անհետացել» և ռևանշի են տրամադրված՝ հետևելով Փաշինյանի յուրաքանչյուր ձախողման:

«Առաջանում է ապարատային դավադրության, խմբերի կոնսոլիդացման սպառնալիք, որի արդյունքում գործող վարչապետը կարող է հայտնվել այն նույն իրավիճակում, որի մեջ նա դրեց Սարգսյանին: Ուստի՝ վերջին կադրային որոշումները բացատրվում են ոչ թե Գլխավոր շտաբի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններով, այլ հենց առկա լարվածությամբ: Կառավարությունում ավելանում է կադրային խառնաշփոթը, տնտեսությունում, ցավոք, չկան իրական հաջողություններ»,-նշել է քաղաքագետը:

Լեպյոխինը նաև նշել է, որ դեռ կես տարի առաջ փորձագետները դրական էին գնահատում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը՝ երկիրը գովելով Միության տնտեսական առավելությունների գրագետ կիրառման, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի թելադրանքով չշարժվելու և նոր վարկերի բեռի տակ չընկնելու համար: Սակայն դրանից հետո, ըստ քաղաքագետի, գործն առաջ չի շարժվել և օրինակ՝ նախարարների ներկայիս կաբինետը մինչև հիմա տնտեսական ծրագիր չունի:

«Դեռևս չի մշակվել նոր օրակարգ: Կորոնավիրուսի պատճառով բացասական վեկտորը հանրությանն ավելի նյարդային է դարձրել: Անորոշության նման իրավիճակը բնորոշ է բազմաթիվ հետխորհրդային պետություններին, սակայն Հայաստանի դեպքում դա էլ ավելի է ընդգծված, քանի որ երկիրը կախված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ հարաբերություններից»,-եզրափակել է Լեպյոխինը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը