Մեկնաբանություն

11.06.2020 01:45


Դաշնակից չունեցող «մենակ մարդու» ճակատագիրը քաղաքական աղբանոցն է

Դաշնակից չունեցող «մենակ մարդու» ճակատագիրը քաղաքական աղբանոցն է

Հիշո՞ւմ եք` ինչ եղավ, երբ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, այն ժամանակ` «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի դատվածության փաստը, որ դուրս էր մնացել իմքայլական պարոնի կենսագրականից։

«Թավշյա» կառավարության քիչ թե շատ կոմպետենտ «դեմքերից» մեկը համարվող պաշտոնյան, որ մինչ այդ աչքի չէր ընկել «ուղիղ եթերում» դատարկաբանելու նկրտումներով, տեղնուտեղը «լայվ մտավ» և... հաստատեց, որ լրատվամիջոցը ոչինչ չի հորինել` ներկայացրել է այն, ինչ կա։ Ասաց, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց փակված է համարում այդ էջը, որովհետև կրել է իր բաժին պատասխանատվությունը` մարել է դատվածությունը։ Եվ ուրեմն, «անձնական գաղտնի ինֆորմացիայի» արտահոսքի հետևում կանգնած «մութ ուժերը» շատ վատ բան են արել, որ փորփրել են իր կեղտոտ սպիտակեղենը` «1,5 տասնամյակի վաղեմության դեպքերը»` փորձելով «մրոտել իր բարի համբավը»։

Նույնիսկ հրապարակավ դիմեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներին, թե` բարի եղեք պարզել, ում միջոցով և ինչպես է ոստիկանության հատուկ բաժնում պահվող «գաղտնի ինֆորմացիան», որ հասու է միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին, դարձել հանրության սեփականությունը։

Բայց այն, ինչ չէր կարելի «եզին», թույլատրված է իրեն «Զևսի» տեղ դրած պուճուր մարդու անձնական օգտագործման գործիքներին։ Եթե Պապիկյանի դեպքում «անձնական գաղտնի ինֆորմացիայի» արտահոսք կազմակերպելը քրեորեն պատժելի արարք էր, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները (այդ թվում` ԱԱԾ-ը, որ ազգային անվտանգության մարտահրավերները թողած` կենտրոնացել է իշխանության անվտանգության «սպառնալիքների» վրա), ապա նույնը չի կարելի ասել «թշնամական տարրերի» մասին, որոնք համարձակվում են «բա՛ն ասել» իշխանություններին։

Այս դեպքում ո՛չ թե կարելի է, այլ պե՛տք է քչփորել դիմացինի հնամաշ, պիտանելիության ժամկետը վաղուց կորցրած «կեղտոտ սպիտակեղենը», գտնել նրա կյանքի «մրոտ» էջերն ու ի ցույց դնել բոլորին. որ ամեն մեկը տեսնի և հետևություններ անի`ինչ է սպասում իրեն, եթե փորձի հակադրվել «ժողովրդի վստահությունը վայելող» ապաշնորհ կառավարիչներին։

Ահա, այս «երկաթյա» տրամաբանությամբ էլ տնտղել են խորհրդային Հայաստանի դատական արխիվները, հանել 40, ավելի ճիշտ` 41 տարվա վաղեմության մի դատավճիռ`ԲՀԿ առաջնորդ, ոչ վաղ անցյալում Փաշինյանի դաշնակից Գագիկ Ծառուկյանի և ևս երեք երիտասարդի կողմից «անհայտ ծագման» ռուս կանանց «իբր թե կոլեկտիվ բռնաբարության» փաստի վերաբերյալ, գցել Ֆեյսբուք ու տիրաժավորել Փաշինյանների ընտանեկան կայքի միջոցով։ Եվ, իհարկե, ժանրի կանոններին հավատարիմ`լրիվ աչքաթող են արել, որ Ծառուկյանը նույնպես «մարել է դատվածությունը»։ Ավելին` 1997թ., այսինքն, Տեր-Պետրոսյանի օրոք, բողոքարկել է դատավճիռը և արդարացվել ապացույցների անբավարարության պատճառով։ Օրերս էլ դիմել է դատախազություն` իր պատիվը և հեղինակությունը հարվածի տակ դրած հրապարակման հանգամանքները պարզելու համար։

Նրանք, ովքեր երեկ չեն ծնվել` հետևել են վերջին 10-20 տարիների քաղաքական անցուդարձին, ծանոթ են այդ պատմությանը։ Նախկին իշխանություններն էլ օգտագործել են այդ «փաստը»` փորձելով հետ պահել Ծառուկյանին «չմտածված քայլերից»։ Եվ, եթե չեմ սխալվում, դա արել են հե՛նց իրենց «թունդ ընդդիմադիր ծառայություններ մատուցող» նույն լրատվամիջոցի` Փաշինյանի «Հայկական ժամանակի» միջոցով։ Այսինքն` այստեղ, մեծ հաշվով, նոր բան չկա։

Նորությունն այն է, որ այն ժամանակ անձի «անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան» Փաշինյանին տրամադրողները չէին անցել ռուբիկոնը` դատավճիռն ամբողջությամբ չէին հրապարակել, իսկ սրանք բարդույթներ չունեն` հրապարակայնացրել են «դեպքի» բոլոր զգլխիչ մանրամասները, չխնայելով ընթերցողին, ևս մեկ անգամ ցույց տալով, որ պատրաստ են ցանկացած ստորության. ոչ մի բանի առաջ չեն կանգնի ոտքի տակից փախչող հողը` իշխանությունը «թշնամական ոտնձգություններից» պաշտպանելու համար։ Հետո՞ ինչ, որ Նիկոլ աղան դեռ մեկուկես տարի առաջ «գործընկերային հարաբերությունների» մեջ էր Ծառուկյանի հետ ու նաև ԲՀԿ-ի աջակցությամբ հայտնվեց այնտեղ, ուր անելիք չուներ` իշխանության գագաթին։

Փաստն այն է, որ Փաշինյանը չունի գործընկերներ, երբեք չի ունեցել, չի էլ ուզում ունենալ։ Նրան դաշնակիցներ պետք չեն` պետք են հպատակներ, որոնք կարող են երբեմն-երբեմն ընդդիմադիր խաղեր տալ, բայց երբեք իր խոսքից դուրս չեն գա, իր ասածին «չէ» չեն ասի, և իր «քաղաքական» կենսագրությամբ է ապացուցել, որ բարոյական արգելքներ չունի։ Քաղաքական տաբուներ` առավել ևս։ 2012թ. ՀԱԿ-ի ցուցակով խցկվեց խորհրդարան, հետո «քցեց» Տեր-Պետրոսյանին, դարձավ ընդդիմություն` ընդդիմադիր խմբակցության ներսում, և հաջողությամբ աշխատում էր ՀԱԿ-ի դեմ` ջուր լցնելով իշխանության ջրաղացին։

2017թ. միացավ Էդմոն Մարուքյանին, որին այսօր մեղադրում է նախկինների կցորդը լինելու մեջ, «հանցավոր» իշխանության թույլտվությամբ մանդատի տեր դարձավ, հետո թռավ Մարուքյանի գլխից և ստանձնեց խմբակցության ղեկավարի պաշտոնը։ 2018թ., երբ իր համար էլ անսպասելի «թավշյա, ոչ բռնի, հեղաշրջում» արեց, երես թեքեց «լուսավոր» գործընկերներից, առաջին իսկ հարմար առիթով խզեց ԲՀԿ-ի հետ «ալյանսը» և հաստատեց իր «միանձնյա իշխանությունը»` Հայաստանը դարձնելով իր անձնական օգտագործման բոստանը։

Որոշ ժամանակ «մեծահոգաբար» երկուսին էլ հանդուրժում էր` թե՛ ԲՀԿ-ին, թե՛ «Լուսավոր Հայաստանին», քանի դեռ սրանք տեղավորվում էին իր պատկերացրած գրպանային ընդդիմության ամպլուայի մեջ։ Հե՛նց «Լուսավորը» փորձեց սեփական խաղը խաղալ` դուրս եկավ իրեն «վերապահված» դերից, «բռունցքները սեղմած», հարձակվեց ԼՀԿ-ի վրա` բառի բուն և փոխաբերական իմաստով, սպառնաց ուսումնասիրել անհնազանդների «կենսագրությունը» ու վրաները քրեական գործեր սարքել։ Եվ սարքեց «Լուսավորի» կին պատգամավորներից մեկի... նախկին ամուսնու գլխին։

Իսկ երբ ԱԺ երկրորդ խմբակցությունը` ԲՀԿ-ն քաղաքական հայտ ներկայացրեց` պահանջեց կառավարության հրաժարականը և քաղաքական կոնսուլտացիաներ սկսեց արտախորհրդարանական ուժերի հետ, Փաշինյանի նյարդերը վերջնականապես տեղի տվեցին` հիստերիայի մեջ ընկավ և անցավ իր սիրած գործին. շանտաժ, սպառնալիքներ, շինծու քրեական գործեր` բացահայտ քաղաքական «շեշտադրումներով», որոնք ապագա չունեն։

Այդպիսին է դաշնակից չունեցող «մենակ մարդու»` ստահոդ վարչահրամայապետի ճակատագիրը, որի վերջը քաղաքական աղբանոցն է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը